Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բակում են հավաքվել Արմավիրի մարզի Արտաշար գյուղի մեծ թվով բնակիչներ, ովքեր պահանջում են, որպեսզի պատկան մարմինները անհապաղ հստակ պատասխան տան, թե ինչ պայմաններում է դեկտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկում կասկածելի հանգամանքներում մահացու հրազենային վնասվածք ստացել 21-ամյա Արթուր Աջամյանը:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղի բնակիչները, մահացած զինվորի հարազատներն ասում էին. «Նման ողբերգություն մեր մտքով չէր անցնի: 21 տարի պահես, փայփայես և ուղարկես հայրենիքի համար իր պարտքը կատարելու ու ոչ ավել, ոչ պակաս, ծննդյան օրով ստանաս մահվան բոթը:

Արթուրը, ով հնարավորություն ուներ չծառայելու, ինքնակամ ներկայացել է տարածքային զինկոմիսարիատ, հավաքել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ու օրեր անց կրկին ներկայացել զինկոմիսարիատ:

Երդման արարողության ժամանակ թե՛ նա, թե՛ նրա զինակից ընկերները մեզ ասում էին. «Արթուրի նմանները Քյարամ Սլոյաններ են»: Արթուրը միշտ ասում էր՝ Հպարտ եմ, որ ծառայում եմ էն զորամասում, որտեղ Ապրիլյան պատերազմի ժամանակ ծառայել է Քյարամը: Միշտ հպարտացելա այդ հանգամանքով: Դեկտեմբերի 2-ին, տնեցիները ստանում են ահազանգ տարածքային զիկոմիսարիատից, թե վատ լուր ունենք հայտնելու ու ծննդյան օրով հայտնել են, որ երեխան զոհվել է: Թե՛ զինվորի ծնողները, թե՛ հարազատները, թե՛ ողջ գյուղը, թե՛ մարզերից ժամանած մեծ թվով ազգութամբ եզդի քաղաքացիներ ասում էին.

«Սոցիալական ցանցերում ինչ- որ ծալապակասներ տեղեկություններ են տարածել, թե իբրև Արթուրը ինքնասպան է եղել: Լրիվ հիմարություն: Կյանքը սիրող երիտասարդը բանակից չթռնող երիտասարդը, իր հողն ու ջուրը սիրող երիտասարդը այդ քայլին չէր դիմի: Ինչ ինքնասպանության մասին է խոսքը, երբ աֆիցեռներից մեզ ասել են որ մահացու հրազենային վիրավորումը ստացել է թիկունքից:

Հետևաբար, հստակ հերքվում է այն վարկածը, որ Արթուրը ինքնասպան է եղել: Մենք գիտենք, Արթուրին էլ հետ չենք բերի: Սակայն պահանջում ենք, որպեսզի մեղավորը կամ մեղավորները օրենքի ողջ խստությամբ քրեական պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հետագայում ոչ մի ծնող այն վիշտը չապրի, որ հիմա մենք ենք ապրում: Ավելի դաժան է վիշտը, երբ զինվորը սպանվում է իր ծննդյան օրը:

Մենք խնդրում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իր անմիջական հսկողության տակ վերցնի այս դեպքի բացահայտումը: Ու ուզում ենք հավատալ, որ գոնե այս դեպքի իրական մեղավորները կհայտնաբերվեն ու կպատժվեն: Հակառակ դեպքում՝ եթե իրականությունը չբացահայտվի, մենք մեր ուժերով ենք հետամուտ լինելու, որպեսզի իրական մարդասպանը ի հայտ գա:

Մանրամասները սկզբնաղբյուրում՝ Shamshyan.com

Pin It on Pinterest