Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ԿԳՄՍ դիմաց բողոքի ակցիա իրականացնող ցուցարարներին

0
94

Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել Վազգեն Սարգսյան փողոցը փակած՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներին։

Այս պահին ԿԳՄՍ նախարարության մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացրել, որոնք թվաքանակով մի քանի անգամ գերազանցում են ցուցարարների թվին։

Բերման ենթարկվածները 24-ն են, նրանցից 19-ը տարվել են Կենտրոնի բաժին, իսկ 5-ը՝ Էրեբունու բաժին. պատճառը ոստիկանների օրինական պահանջը չկատարելն է

Նշենք, որ հայտնի են բերման ենթարկվածներից 4-ի անունները՝ Գերասիմ Վարդանյան, Արգիշտի Գևորգյան, Դավիթ Հունանյան, Ալիկ Ասատրյան։ Մյուսների մասին տեղեկությունները ճշտվում են։

ՀՅԴ երիտասարդները առաջարկել էին ԿԳՄՍ նախարարին հանդիպել, սակայն մերժումից հետո փորձել էին մուտք գործել նախարարության շենք, ապա նստել նախարարության մուտքի մոտ։ Ոստիկանները, սակայն, պահանջեցին ազատել նախարարության մուտքը, ապա բռնի ուժով հեռացրեցին երիտասարդներին։ ՀՅԴ երիտասարդները փակեցին Վազգեն Սարգսյան փողոցը։

«Ոստիկանության գործողությունների հիմնական նպատակը փողոցի բացումն էր»,- բերման ենթարկելու գործողություններից հետո ասաց ոստիկանության ներկայացուցիչը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Բերման ենթարկվեցին միայն նրանք, որոնք հեռացվելուց հետո կրկին փորձ արեցին վերադառնալ, փակել փողոցը»,- նշեց նա:

Հարցին՝ 2-3 տասնյակ ցուցարարների համար արժե՞ր այդքան ոստիկանական ուժեր կենտրոնացնել, նա պատասխանեց, որ պետք է ամեն ինչ արվի, որ «ուժերը լինի համաչափ, այսինքն՝ որ բավարար լինի»։

Ոստիկանության ներկայացուցիչը հստակ չասաց, թե որ բաժիններ են տարվել ցուցարարները, սակայն նշեց, որ բերման ենթարկվածներն օրենքով սահմանված կարգով մինչև 3 ժամ կմնան, «եթե արարքում այլ հատկանիշներ չլինեն, անձի վարքագծից կախված, մենք տեսագրությունները կնայենք, գնահատական կտանք»։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն վարչական շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

Ոստիկանության բաժնում տեղ են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը: Պարզաբանվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները և դիմելու կարգը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ երիտասարդները առաջարկել էին ԿԳՄՍ նախարարին հանդիպել, սակայն մերժումից հետո փորձել էին մուտք գործել նախարարության շենք, ապա նստել նախարարության մուտքի մոտ։ Ոստիկանները, սակայն, պահանջեցին, ազատել նախարարության մուտքը, ապա ուժով հեռացրեցին երիտասարդներին։

Տեսանյութը՝ Factor.am-ի.

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here