«Դեպքից մեկ օր առաջ զանգել եմ՝ ծնունդը նախօրոք շնորհավորել, ասեց ՝ պապի ջան, դիրքերում եմ: Ասեցի ՝ վաղը հաշվեհամարիդ գումար եմ փոխանցելու, ինձ ասաց ՝ պապի, ունեմ, պետք չի։ Երեկ էլ զանգեցին, ասեցին ՝ սենց դեպք է եղել »,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նախօրեին մահացած զինծառայող Արթուր Աջամյանի պապիկը՝

Դեպքի մասին հարազատները իմացել են երեկ առավոտյան ժամը 10-ին՝ զինկոմիսարյատից են զանգահարել և տեղեկացրել.

«Հիմա եկել ենք էստեղ. մեզ հստակ չեն ասում՝ ո՞վ ա խփել, ի՞նչ ա եղել»,-վրդովված ասաց պապիկը:

Զինծառայողի պապիկը դիակի զննության ժամանակ ներկա է եղել. «Ճակատից խփել են, հետևից փամփուշտը դուրս է եկել։ Աջ ձեռքի հատվածում կան նոր վերքեր, իսկ ձախում ՝ հին վերքեր, ոտքին ևս հին վերք, ճակատին ՝ կապտուկներ և քերծվածք »,-ասաց նա։

Պապիկը պատմում է, որ ոչ մի բողոք չի ստացել նրա վարքի վերաբերյալ.

«Նորմալ երեխա էր՝ ոչ խմող, ոչ ծխող: Ըտնիր անձնավորություն էր՝ համեստ, խելացի»,-ասաց նա։

21-ամյա Արթուրը կամավոր է գնացել բանակ՝ հաշվառված չի եղել.

« Ժամկետը լռանալուց հետո,տեսավ՝ իրեն չեն կանչում կամավոր գնաց: Կարար խուսափեր, բայց չէ՝ գնաց»,-մանրամասնեց պապը:

 ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնում հարազատներին ոչինչ չեն ասում:

Որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ներգարվված Փաստաբան Հայարփի Սարգսյանը ևս պնդում է, որ Արթուր Աջամյանի մարմնի վրա տարբեր վաղեմության հետքեր կան.

«Շուրջ 6 ժամ շարունակ գտնվում էի ՀՀ ԱՆ դատաբժշկական փորձաքննության կենտրոնում՝ սպանված զինծառայող, տուժող Արթուր Աջամյանի դատաբժշկական փորձաքննության նպատակով։ Դատաբժշկական փորձաքննությանը ներկա է գտնվել նաև հարազատների կողմից հրավիրված փորձագետը։ Արթուր Աջամյանի մարմնի վրա տարբեր վաղեմության բռնության հետքեր են հայտնաբերվել»,-նշել է նա:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բակում են հավաքվել Արմավիրի մարզի Արտաշար գյուղի մեծ թվով բնակիչներ, ովքեր պահանջում են, որպեսզի պատկան մարմինները անհապաղ հստակ պատասխան տան, թե ինչ պայմաններում է դեկտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկում կասկածելի հանգամանքներում մահացու հրազենային վնասվածք ստացել 21-ամյա Արթուր Աջամյանը:

Ազնիվ Սիրադեղյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest