Զորակոչից խուսափելը Հայաստանի Հանրապետության համար տարիներ շարունակ եկամուտի աղբյուր է եղել։ Պետական բյուջեն սնվել է բանակից արտասահման փախչող վճարունակ երիտասարդների գումարներով։ 

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը 2004 թվականին, երբ նոր էր ընդունվում, բացասական արձագանքներ գտավ, քանի որ ընկալվեց որպես հարուստների զավակներին օրինական կարգով բանակից ազատելու իրավական հնարավորություն։

Այնուամենայնիվ  սա միջոց էր բանակից խուսափող բազմաթիվ երիտասարդների քրեական հետապնդումից ազատելու և Հայաստան վերադարձնելու համար: Հետագայում այս միջանկյալ, ժամանակավոր լուծումը դարձավ մշտական: Ամեն տարի օրենքի ժամկետը երկարաձգվում էր:

Այսօր գործող օրենքով բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվող այն ՀՀ քաղաքացիները, ում 27 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, հնարավորություն կունենան ամեն բաց թողնված զորակոչի համար վճարելով 200 հազար դրամ, ազատվել քրեական հետապնդումից և անարգել վերադառնալ հայրենիք:

Մինչև 2015 թվականը մեկ զորակոչից խուսափելու համար քաղաքացին վճարում էր նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով: Իսկ ասյօր գործող օրենքով Ժամկետային զինծառայության երկու տարվա համար նրանք ընդհանուր առմամբ վճարում են  3 միլիոն 600 հազար դրամ:

Այս օրենքը գործում է մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը։

Պաշտպանության նախարարությունը սովորաբար դեմ էր արտահայտվում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքին: Ռազմական գերատեսչությունում այն կարծիքի էին, որ չի կարելի թույլ տալ, որ վճարունակ երիտասարդները խուսափեն բանակից, կամ էլ պետք է դրա համար բարձր գին սահմանել։

 2017 թվականին Պաշտպանության նախարարությունը, օրինակ, պահանջեց, որ բանակում չծառայելու համար ամեն բաց թողնված զորակոչը «գնահատվի» 500 հազար դրամ։

Այսօր ահա նոր օրինագիծ է մշակվել, որի հեղինակները՝ ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանը, Անդրանիկ Քոչարյանը և Մխիթար Հայրապետյանը ավելի բարձր վճարներ են սահմանում: Նրանք նախապատրաստել և շրջանառության մեջ են դրել օրենքի նոր նախագիծ: Նախագծի հեղինակներից երկուսը՝ Արման Բաբաջանյանը և Մխիթար Հայրապետյանը, չեն ծառայել բանակում։

Նախագծի համաձայն վճարումը կատարվում է ոչ թե բաց թողնված զորակոչերի թվով, այլ սահմանը պահող պայմանագրային զինծառայողի աշխատավարձի չափով: Դրանով առաջարկվում է  27 տարին լրացած ՀՀ քաղաքացուն, որը ենթարկվում է քրեական հետապնդման բանակից խուսափելու համար, վճարել ամենաբարձր վարձատրվող պայմանագրային զինծառայողի երկու տարվա աշխատավարձը, գումարած հավելավճարները:

Դրանով իսկ նա մաքրում է հաշիվները օրենքի հետ և ազատ է վերադառնալ հայրենիք: Նոր օրենքը նաև հնարավորություն է տալիս երիտասարդներին գնալ ծառայել 27 տարին բոլորելուց հետո, ինչը բացառում է այսօրվա գործող կարգավորումներով: Չե՞ք կարծում, որ բանակից խուսափած եւ հետախուզման մեջ գտնվող անձանց համար չափազանց մեծ թվեր են ստացվում, ըստ Ձեր առաջարկած փոփոխության՝ 5 -6 մլն դրամ, ու այս դեպքում ուղղակի խրախուսելու եք արտագաղթը ու ամենահարուստների երեխաներին եք միայն սատարելու։

Forrights.am-ի հարցին ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը պատասխանեց․

«Ճիշտ հակառակը՝ այս նախագծի հիմնական, գլխավոր նպատակներից ու թիրախներից մեկը արտագաղթի կանխումն է: Ձեր ասած խնդրին կարելի է ու պետք է մոտենալ նաև հակառակ տրամաբանությամբ: Երբ մարդը գիտի, որ կարող է արտագաղթել և տարիների հետո պակաս գումարով լուծել իր երեխայի՝ բանակից խուսափելու հետ կապված խնդիրները, ապա այս դեպքում, երբ զգալիորեն ավելանում է այդ վճարը, նա շատ ավելի երկար կմտածի՝ արտագաղթել այդ նպատակով, թե ոչ: Ինչ վերաբերում է սոցիալական այս կամ այն խմբին սատարելուն, ապա այս օրինագիծը որևէ նման նպատակ չի հետապնդում. Նախագծի միակ շահառուն, միակ խումբը, որ նախագծով արժանանանլու է պաշտպանության, մեր զինված ուժերն են: Իրականում այդ բարձր վճարը առաջացել է հենց այդ պատճառով. Մենք հաշվարկել են առաջնագծում ծառայող զինվորականի երկու տարվա աշխատավարձը և հավելավճարները, ինչի արդյունքում էլ առաջացել է այդ գումարը»:

Արման Բաբաջանյանը վստահեցնում է, որ այդ գումարի գանձումը հետապնդելու է ոչ թե ուղղակի բյուջեն համալրելու նպատակ, այլ դրա միջոցով ավելի շատ պայմանագրային զինծառայողներ են ներգարվվելու առաջնագծում ծառայելու համար՝ այդպիսով լուծելով առաջնագիծը ժամկետային զինծառայողներից հնարավորինս ազատելու խնդիրը:

«Այսինքն՝ այս օրինագծով մենք անուղղակիորեն լուծում ենք բանակի պրոֆեսիոնալացման խնդիրը՝ կենսական նշանակություն ունեցող հարց, որը ժամանակի, տարիների կտրվածքով անշուշտ ունենալու է տեսանելի արդյունքներ: Շատ կարևոր է նախագծի հիմքում դրված փիլիսփայությունը, վճարվելիք գումարն ընդամենը դրա դրամական արտռահայտությունն է: Իսկ փիլիսոփայությունը յուրքանչյուր քաղաքացու սոցիալական պատասխանատվությունն է պետության, հայրենիքի առջև: Դա, այո, ենթադրում է նաև բարձր վճար, որովհետև այն ժամանակ, երբ կամայական զինծառայողը խուսափում է ծառայությունից, նրա փոխարեն իր հասակակիցը կամ պայմանագիարյին զինծառայողը պաշտպանում է մեր սահմանը: Այսինքն՝ այստեղ խախտվում է քաղաքացիների հավասարության, պատասխանատության հավասար բաշխման սկզբունքը: Մեր ներկայացրած օրինագիծը հենց այդ խախտված հավասարակշռությունը վերականգենլու նպատակ և առաքելություն ունի»:

Forrights.am-ի հարցին «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը չցանկացավ պատասխանել, ասելով․ «ԱԺ-ում նախագիծը մանրամասն քննարկվելու է, այդ ժամանակ Ձեր բոլոր հարցերին պատասխան կտրվի», — ասաց նա:

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը գտնում է, որ այս օրինագծով ոչ բյուջեն ենք լցնելու, ոչ էլ ներգաղթ ենք խրախուսելու։

«Ինձ թվում է, ոչ ոք էլ 5-6 մլն դրամ չի տա, հետ գա։ Շատերը ինչ-որ տեղ համաձայն էին այդ երեք ու կես միլիոնը մուծել ու հետ գալ։ Բայց եթե էս օրենքը ընդունվի, կարելի է ասել, դրանց մոտ 50 տոկոսը էլ հետ գալու ցանկություն չի ունենա։ Այդքան գումար ինքը չի էլ կարող վաստակել։ Գումարը շատ մեծ է, նա չի տեղավորվի դրա մեջ ու չի էլ գա։ Բյուջեն էլ չի լցվի»։ 

Գագիկ Մելքոնյանին նաև զարմացնում է նախագծի դրույթը, ըստ որի 27 տարին լռանալուց հետո ցանկացողները կարող են ծառայել։ «30 տարեկան զինվորը գալու է 18 տարեկանների հետ ծառայելու՞։ տարբերությունը շատ մեծ է։ Այդ ծառայությունը չի ստացվի։ եթե իր համար այլընտրանքային ինչ-որ ծառայություն մտածեն, ինչ-որ մի բան, այլ խնդիր է, բայց եթե նա գա 18 տարեկանների հետ ծառայի, բազմաթիվ անլուծելի խնդիրներ կառաջանան իր համար»։

Գագիկ Մելքոնյանը կարծում է, որ օրենքի գործողությունը ճիշտ կլինի ևս մեկ տարով երկարաձգել։ «Եթե մարդիկ իմանան, որ այսպիսի օրինագիծ է մշակվելու, այդ մեկ տարում շատերը հետ կգան», — ասում է նա։

Նախկին օրենքի գործողությունը երկարաձգելու այլընտրանքային նախագծով հանդես է եկել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Ըստ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, իրենց առաջարկած նախագիծը շատ ավելի կենսունակ է։

«Դեմ ենք այդ նախագծին։ Շրջանառության մեջ է մեր նախագիծը նախկին իրավակարգավորումը ևս մեկ տարով երկարացնելու վերաբերյալ։ Հիշեցնեմ, որ այս տարի մեր նախագծով է այն երկարացվել մեկ տարով»։

Հարցին, թե ինչու են դեմ, նա պատասխանեց․ «Ամբողջ սփյուռքը դրսում բնակվող հայությունը դեմ է այս նախագծին որովհետև լավ օրից չեն դրսում ու լավ օրից չեն հետախուզման մեջ, ու սա լուծում չէ Ավելի մանրամասն, երբ կքննարկվի կխոսենք»։

Նոր օրինագիծն արդեն հասցրել է բացասական կարծիքներ հավաքել նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցում։

«Առանց այն էլ նախկին օրենքով տուգանքը շատ մեծ էր ու շատերը ուղղակի ի վիճակի չէին այն մուծել, որի պատճառով չէին վերադառնում Հայաստան: Պատկերացնո՞ւմ եք, սա անում են մարդիկ, որոնք, փրփուրը բերաններին, ամեն օր խոսում են հայրենադարձության ու հայրենիքը շենացնելու մասին: Ու այս շատ կարևոր հարցը կարծես թե ոչ ոքի չի հուզում մեր հասարակության մեջ, թքած ունեն, որ հազարավոր հայ երիտասարդներ ընդմիշտ պանդուխտ են մնալու օտար ափերում», — սա մշակութաբան Թորոս Ալեքսանյանի կարծիքն է, որը նա արտահայտել է հայտնի սոցցանցի իր էջին:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest