«Տարիների փորձը ցույց է տալիս, որ Գլխավոր դատախազության կամ դատարանի կողմից սահմանված խիստ պատիժները հանցագործությունների նախականխմանը բոլորովին չեն նպաստում։ Եթե դրա նպատակը պետք է լինի հանցագործությունների կանխումը, բացառումը կամ քչացումը, ապա խիստ պատիժները երբևիցե չեն հանգեցնի դրանց լուծմանը»,- Forrights-ի հետ զրույցում կարծիք հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությւոնյանը։

Գլխավոր դատախազությունը պարբերաբար պատիժը խստացնող բողոքներ է ներկայացնում Վերաքննիչ քրեական դատարան։ Մեզ հայտնի դարձած երկու բողոքներից մի դեպքում պահանջում է 21-ամյա նախկին զինծառայող Դավիթ Հարությունյանի նկատմամբ պատիժը խստացնել և Առաջին ատյանի 11 տարի 6 ամիս ժամկետը ավելացնել՝ այն դարձնելով 15 տարի։ Մյուս վերաքննիչ բողոքում անդրադարձ է կատարվել ծառայության ընթացքում՝ հրամանատարի կողմից պարբերաբար բռնության ենթարկվելու  հետևանքով հոգեկան խանգարում ձեռք բերած զինծառայող Արթուր Հակոբյանի գործին։

Զինծառայող Դավիթ Հարությունյանի դեպքում, Դատախազությունը գտել է, որ գործով ամբաստանյալի նկատմամբ նշանակվել  է ակնհայտ մեղմ պատիժ, որը չի համապատասխանում  կատարված հանցանքի ծանրությանը և ամբաստանյալի անձին:

«Ամբաստանյալ  Հարությունյանի կողմից հանցանքը կատարվել է վրեժի շարժառիթով: Վերջինս դատաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքը չի ընդունել և ըստ էության չի զղջացել կատարած արարքի համար: Ավելին՝ չի աջակցել նախաքննությանը, դատաքննության ընթացքում փորձել է դեպքի հանգամանքները ներկայացնել խեղաթյուրված ձևով»,- մեր հարցմանն ի պատասխան նշել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Դատախազությունը, այնինչ, տուրք տալով պատժողական քաղաքականությանը, անտեսել է այն հանգամանքը, որ կայացված դատավճռի մեջ անգամ դատարանը չի համոզել, թե ինչ դրդապատճառ է եղել, որ Դավիթը նման արարք է կատարել։

Հարցման պատասխանում շեշտվում է, որ նշանակվել է ակնհայտ մեղմ պատիժ, որը չի համապատասխանում ամբաստանյալի անձին։ Դատախազությունն այստեղ կրկին սխալ նշանակետին է դիպել, քանի որ ինչպես հրամանատարության կողմից, այնպես էլ ուսուցչական և մարզչական անձնակազմից, դատարան է ներկայացվել մի շարք բնութագրեր, որոնք վկայում են այն մասին, որ Դավիթը եղել է լավ, օրինակելի, բարի և հոգատար մարդ, դրսևորել է դրական վարքագիծ, ինչի շնորհիվ արժանացել է մի շարք պատվոգրերի, իսկ ծառայության ընթացքում՝ կրտսեր սերժանտի կոչման։

Անտեսելով այս բնութագրերը, մեղմացուցիչ հանգամանքները, դատարանը Դավիթի նկատմամբ նշանակում է խիստ պատիժ՝ 11 տարի 6 ամիս ժամկետով։ Այս դատական ակտը, փաստորեն, Դատախազությանը չի բավարարել և նա բողոք է  բերել  դատարան, պահանջելով նշանակել 15 տարի ժամկետ։

Դատախազությունը չի մեկնաբանում իր պատժողական քաղաքականությունը՝ պատճառաբանելով, թե այդ ամենն արվում է ի օգուտ Դավիթի՝ պատժի ենթարկված անձին ուղղման և նոր հանցագործության կանխման նպատակով։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը հակադարձում է՝ կա ավելի ճիշտ գործիքակազմ, որով պետք է աշխատի և՛ Դատախազությունը, և՛ դատարանը, հետագայում նաև կալանավայրերի համակարգը․

«Խիստ պատժաչափերը, դաժան վերաբերմունքները, դրանք բոլոր արդյունք չեն տալիս։ Չի եղել այնպիսի պետություն, որը կիրառի խիստ պատիժ և դրանով պայմանավորված պակասեն հանցագործությունների թիվը։ Դատախազության գործիքակազմում բացակայում է մարդասիրությունը»,- նշում է նա։

Բանակում խոշտանգված նախկին զինծառայող Արթուր Հակոբյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը Forrights-ի հետ զրույցում հայտարարում է, որ իր վստահորդի նկատմամբ Դատախազությունը պատժողական քաղաքականություն է վարում։ Ըստ փաստաբանի, Զինվորական դատախազությունն ամեն միջոց կիրառում է, որ զինվորի խոշտանգման հանգամանքը չբացահայտվի․

«Զինդատախազ Վահե Հարությունյանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել, իբր դատարանը չի հիմնավորել, թե Արթուրի որ իրավունքն է խախտվել և ինչ քննչական գործողություններ կատարելու կարիք կա։ Այնինչ դատարանը մինչդատական ակտով հստակ հիմնավորել է, որ պետք է պաշտպանի կողմից արծածված հարցերը քննության առարկա դառնան»,- հայտարարում է Ղարագյոզյանը։

Փաստաբանն ասում է, որ բոլոր միջոցները գործադրվում են՝ խոշտանգման փաստը թաքցնելու համար։ Վերջինս բողոքներ է ներկայացնում Գլխավոր դատախազին, բայց միշտ պատասխան է ստանում Զինվորական դատախազությունից․

Forrights-ը ևս պատասխան ստացավ Դատախազությունից։ Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պարզաբանեց, որ նոր քննություն վերսկսելու արդյունքում «չի հաջողվել ձեռք բերել Հակոբյանին զորամասում բռնության ենթարկելու վերաբերյալ ապացույցների բավարար համակցություն: Եվ քանի որ կատարվել են անհրաժեշտ բոլոր գործողությունները, սպառվել են նոր ապացույցներ հավաքելու բոլոր հնարավոր միջոցները հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու որոշում է կայացրել»։

Փաստաբանը հակադարձում է Դատախազությանը՝ ինքը բողոքարկել է, որ Արթուրի նկատմամբ փորձաքննություն նշանակվի, պարզելու՝ խոշտանգվե՞լ է արդյոք, թե՝ ոչ։ Վերաքննիչ դատարանը ևս գտել է, որ պետք է փորձաքննության նշանակվի և պատշաճ քննություն իրականացվի։

«Դա եղել է մոտ 3 ամիս առաջ, սակայն մինչ օրս Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանից որևէ տեղեկություն չունեմ»,- ասում է Արա Ղարագյոզյանը։

Դատախազությունը շարունակում է․ «Դատարանը բացարձակապես չի հստակեցրել, թե կոնկրետ ի՞նչ կամ ո՞ր քննչական, դատավարական գործողությունները չեն կատարվել, որոնցով հնարավոր էր դեպքի բացահայտման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզել: Ուստի, որոշումը բացարձակ անհիմն է, դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել այդ որոշման դեմ՝ ամբողջությամբ բեկանելու այն և մերժելու տուժողի ներկայացուցչի բողոքը»: 

Ղարագյոզյանի պնդմամբ՝ Դատախազությունն ամեն հնարավորն անում է գործը կոծկելու, փակելու և Արթուրի իրավունքները ոտնահարելու համար․

«Այս գործն արդեն 3 անգամ բացվում-փակվում է և Արթուրի խախտված իրավունքները չեն վերականգնվում, անընդհատ բողոքարկման փուլի մենջ ենք գտնվում և գործը տեղից չի շարժվում»,- հավելեց փաստաբանը։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest