34-ամյա Նաիրա Պապիկյանն արդեն 6 տարի է 5 անչափահաս երեխաների հետ տնից տուն է տեղափոխվում՝ սեփական տանիք չունենալու պատճառով։

Ամուսինը՝ Ալիկը, մահացել է 2013 թվական սեպտեմբերին՝ սրտի կաթվածից։ Պայմանագրային զինծառայող էր, մահը վրա է հասել զինավարժության ժամանակ՝ անսպասելի․․․

Ապրում էին սահմանամերձ Կոթի համայնքում․ բնակարանը ստացել էին Պաշտպանության նախարարություն դիմելու արդյունքում։ 9 տարի ամուսնու հետ ապրելուց հետո, վերջապես բնակարանի խնդիրը լուծվեց, սակայն համատեղ ապրեցին միայն երեք ամիս․

«Ամուսինս ուզում էր վերանորոգել, բայց ինքն ուներ առողջական խնդիրներ։ վերանորոգել չհաջողվեց..»,- ցավով պատմում է Նաիրան։

Ամուսնու մահից մեկ տարի անց՝ Կոթի սահմանամերձ գյուղից տեղափոխվել է Իջևան, որպեսզի ավելի մոտ գտնվի հարազատներին, ինչպես նաև կարողանա ավելի հարմարավետ պայմաններ ստեղծի ապրելու համար, սակայն այստեղ էլ խնդիրները շատ են․․․

«Կոթիում տունը կրակոցների տակ էր, հնարավոր չէր էնտեղ ապրել։ Էդ կրակոցի ժամանակ մենք դուրս ենք եկել Կոթիից, պատճառը ոչ միայն վատ պայմաններն էին, այլ նաև անընդհատ անհանգիստ վիճակ է՝ քո և երեխաների համար։ Երեխաները վախենում էին»,- պատմում է  Նաիրան, հավելելով, որ վախի մեջ ապրելն անկարելի էր, այդ իսկ պատճառով որոշեց տեղափոխվել Իջևան։

Իջևանի տունն էլ պակաս խնդիրներ չունի՝ մշտական ջուր չունեն, իսկ տուն մտնելուց անմիջապես հետո զգում ես խոնավության անտանելի հոտը, իսկ ամենափոքր որդին՝ 6-ամյա Էդմոնը, դեռ շարունակում է օրորոցի մեջ քնել

Ինչո՞ւ Իջևան․ այս հարցին նա մի պատասխան ուներ՝ այստեղ ծանոթները շատ են և հնարավոր է խանութներից օրվա հացը պարտքով վերցնել և հետագայում նպաստի կամ թոշակի օրերին վճարել։ Պարտքով վերցնում է նաև երեխաների հագուստը՝ քիչ-քիչ վճարելու պայմանով․

«Մոտավորապես մի 300 000-ի պարտք ունեմ, որը ամեն ամիս քիչ-քիչ վճարում եմ»,- ասաց նա։

Նաիրան բացատրում է, որ գումարային խնդիր չունի, քանի որ հարևան հացի փռում աշխատում է, իհարկե մշտական աշխատանք չէ, սակայն կարողանում է օրվա հացի խնդիրը լուծել, ինչպես նաև մշակում է հողամասը․

«Կցանկանայի, որ երեխաներս իրենց տանիքն ունենային, որպեսզի այդքան չտեղափոխվեինք։ Այս հինգ տարվա ընթացում՝ Իջևանում  պարբերաբար բնակարան ենք փոխել, պատճառը՝ վաճառելն է։ Խնդիրներ առաջացել են երեխաների հարմարվելու հետ կապված, ես առողջություն չունեմ՝ երիկամների խնդիր ունեմ, ֆիզիկական աշխատանքը հեշտ չի»,- ասում է Նաիրան, անհանգսստությամբ պատմելով, որ մեծ աղջիկը ևս առողջական խնդիր ունի՝ պարբերաբար ուշաթափություններ է ունենում, սակայն անհրաժեշտ միջոց չունենալու պատճառով՝ չեն կարողանում դիմել բժշկի։

Հարազատները ևս օգնում են՝ պարբերաբար այցելում են և բերում առաջին անհրաժեշտության իրեր, հագուստ, ուտելիք և այլն։

Իջևան քաղաքում դիմել են մարզպետարանին՝ բնակարանի հարցը կարգավորելու նպատակով, սակայն պատասխանել են, որ Կոթիում տուն ունեն և անհրաժեշտություն կա այդ տունը տեսնել՝ համապատասխանո՞ւմ է իրենց, թե ոչ․

«Ես դեռ փաստաթղթեր չեմ ներկայացրել, քանի որ  մենք չունենք այդ թղթերը։  Ժառանգության փաստաթուղթն իմ ձեռքում է, սակայն տան վկայականը չունենք։ Ժառանքության իրավունքը կա, բայց վկայականը հանելու համար անհրաժեշտ է 60 000 դրամ, որը մենք չունենք»,- մանրամասնեց Նաիրա Պապիկյանը։

Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ շուտով ձմեռ է, իսկ ջեռուցման հարցը կարգավորված չէ։ Փայտը գնել են պարտքով՝ կրկին ամսեամիս վճարելու պայմանով, սակայն գնած փայտը, ըստ Նաիրայի, կհերիքի ընդհամենը մեկ ամսից էլ քիչ։ Ի՞նչ կանի հետո՝ հարցին Նաիրան երկար մտածեց և տվեց նույն պատասխանը․ «Նորից պարտքով կառնեմ»։

Իսկ վերջում Նաիրան անկեղծանում է, որ օգնության համար որևէ պետական կառույցի չի դիմել, սակայն մտադիր է խնդրանքով դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին․

«Ինքն էլ ա Իջևանից, կարող ա մեզ օգնի»,-հույս հայտնեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ազնիվ Սիրադեղյան

Pin It on Pinterest