Հակաքննություն զինծառայող Վոլոդյա Գալոյանի գործով. քանի՞ անգամ են կրակել զինծառայողի վրա

0
1051

Հուլիսին Արցախի հանրապետության Հադրութի զորամասում մահացու հրազենային վիրավորումից մահացավ 2000 թվականին ծնված ժամկետային զինծառայող Վոլոդյա Գալոյանը: Նրա մահը հենց առաջին օրվանից ներկայացվեց որպես ինքնասպանություն, որը զինծառայողը կատարել է դիրքի ավագ Ռոլանդ Ստեփանյանի հետ վիճաբանելուց, նրա վրա կրակելուց ու վրիպելուց հետո: Իբր ծանր տանելով այս միջադեպը, Գալոյանը գնացել է չեզոք գոտի ու ինքնասպան եղել:

Մեր նախորդ հրապարակման մեջ, որը վերնագրել էինք «Զինվորին սպանել են, մարմինը տարել են, դրել չեզոք գոտում», հենվելով բացառապես փաստերի վրա ապացուցել էինք, որ քննիչները կեղծ քննություն են տանում, փորձելով Գալոյանի սպանությունը ներկայացնել որպես ինքնասպանություն:

Մասնավորապես, հրապարակման մեջ նշել էինք, որ դատաբժշկական փորձաքննությամբ Վոլոդյա Գալոյանի մարմնի վրա հայտնաբերվել է 22 մարմնական վնասվածք, մինչդեռ գործով կատարված դիակի արտաքին զննություն իրականացրած մասնագետը գրել է ընդամենը մեկ վնասվածքի մասին, որ երկրորդ կայազորային զինդատախազության քննչականի պետ Մ. Շիրվանյանը հարց չի տվել փորձագետին, թե քանի կրակոցով է սպանվել Գալոյանը, որ քննիչները Գալոյանի մարմինը, իբր,  հայտնաբերել են չեզոք գոտում, թիկնոցավրանի մեջ փաթաթված, իսկ կողքին դրված է եղել ինքնաձիգը, սակայն նրա շուրջ, նրա տակ՝ ոչ մի տեղ արյուն չի հայտնաբերվել, որ չի իրականացվել զինվորների զենքի փորձաքննություն, ինչը պարտավոր էին կատարել, պարզելու համար, թե ում զենքից են սպանել Գալոյանին, և այլն:

Մենք սպասում էինք, որ հրապարակումից հետո նախաքննության մարմինը կվերանայի իր գործելաոճը, կհրաժարվի ինքնասպանության վարկածից  և  օբյեկտիվ քննություն կսկսի իրականացնել, իսկ Քննչական կոմիտեն ու զինդատախազությունն ուշադրություն կդարձնեն այս աղաղակող հակաքննության վրա: Դրա փոխարեն այսօր Քննչական կոմիտեն պարզաբանում տարածեց, փորձելով հերքել մեր հայտնած տեղեկությունները:

«Վ.Գալոյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Վ.Գալոյանի մահը հետևանք է ստացած կյանքի հետ անհամատեղելի կոպիտ մարմնականվնասվածքների, որն էլ պայմանավորված է եղել գլխի հրազենային, գնդակային միջանցիկ վիրավորումներով, և նրա մահը վրա է հասել հրազենային վնասվածքը ստանալուց անմիջապես հետո: Վ.Գալոյանի դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ բացի հրազենային վնասվածքներից, հայտնաբերվել են 3 քերծվածքներ և 1 վերք, որոնք բնորոշ չեն հրազենային վնասվածքների՝ դրանցից 2 ունեն մոտ 2-3 օրվա վաղեմություններ, իսկ մյուս 2-ը՝ ժամերից մինչև մեկ օրվա, և վերը նշված վնասվածքներըկենդանի անձանց մոտ առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում և նրա մահվան հետ պատճառական կապի մեջ չեն գտնվում: Մյուս վնասվածքները բնորոշեն են հրազենային վնասվածքներին», — տեղեկացրեց Քննչական կոմիտեն:

Մենք շարունակում ենք պնդել, որ թիվ 0956/12 դատաբժշկական եզրակացության մեջ տեղ գտած տվյալների համաձայն, զինծառայող Վոլոդյա Գալոյանի մարմնի վրա հայտնաբերվել են 22 մարմնական վնասվածքներ: Դրանց վերաբերյալ Քննչական կոմիտեն քննություն չի իրականացրել, չի պարզել, թե ովքեր և ինչու են մահից առաջ դաժան ծեծի ենթարկել երիտասարդին, ապա նրա մարմինը տարել ու  նետել չեզոք գոտում:

Իրավապաշտպան, քրեագետ Ռուբեն Մարտիրոսյանը, որը ուսումնասիրել է վերոնշյալ փաստաթուղթը, թվարկում է վնասվածքները՝ ըստ եզրակացության տեքստի.

 «Վ. Գալոյանի դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ հայտնաբերվել  են ստորածոծրակային շրջանի մաշկածածկույթների հյուսվածքային դեֆեկտներ», հայտնաբերվել են նաև «ճակատի ձախ կեսի, կրծքավանդակի աջ կեսի, թիկնային մակերեսի, բազուկների, ձախ նախաբազկի, աջ դաստակի երեք մատի, աջ ազդրի և սրունքի շրջաններում քերծվաքներ», «ձախից թշի շրջանում սալջարդ, մակերեսային վերք… որոնք առաջացել են բութ առարկաների ներգործության հետևանքով»:

«Միայն թվարկված մարմնի  մասերն ավելի մեծ թիվ են կազմում, քան չորսը, որի  մասին նշում է Քննչական կոմիտեն տարածած պարզաբանման մեջ: Փաստորեն, Գալոյանը վնասվածքներ է ունեցել  ճակատի, կրծքի, բազուկների, նախաբազկի, աջ մատի, աջ ազդրի, սրունքի, թշի շրջանում, ընդ որում որոշ հատվածներում կան կրկնակի վնասվածքներ: Շարունակում եմ պնդել, որ Գալոյանի գործով կատարվում է հանցավոր քննություն, որ բոլոր վկաները անհայտ պատճառով տվել են կեղծ ցուցմունքներ, քանի որ մեկ ապտակից 22 վնասվածքներ չեն առաջանում», — ասում է քրեագետը:

Որպես կանոն, փորձաքննություն նշանակելիս, քննիչը որոշում է կայացնում, և այդ որոշման մեջ նշում է այն հարցերը, որոնց պարտավոր է պատասխանել փորձագետը: Հրազենային վնասվածքներից առաջացած մահվան դեպքում կա պարտադիր հարցերի ցանկ, որոնք պետք է տա քննիչը: Օրինակ՝ վնասվածքները հրազենային են, թե՞ բեկորային, եթե հրազենային են, ապա ի՞նչ տեսակի ու տրամաչափի կրակոցից են առաջացել, մեկ, թե՞ մի քանի կրակոների արդյունքում են առաջացել:

«24 տարվա պրակտիկայում սա առաջին դեպքն է, երբ քննիչը չի հարցրել փորձագետին՝ մե՞կ, թե՞ մի քանի կրակոցի արդյունքում է մահացել Գալոյանը: Կամ երկրորդ կայազորային քննչականի պետ պարոն Շիրվանյանը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին, կամ  էլ Քննչական կոմիտեն նենգափոխել է թիվ 0956/12 փորձագիտական եզրակացության տվյալները: Մուտքի շրջանում հրազենային երկու խողովակներ են, այսինքն, Գալոյանը սպանվել է նվազագույնը երկու կրակոցի հետևանքով, սա փաստ է», — եզրակացնում է Ռուբեն Մարտիրոսյանը:

Հ.Գ. Մենք  միանշանակ համոզված ենք, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի նշված քննչական բաժինը շարունակի քննել սույն գործը, իսկ Քննչական կոմիտեին հորդորում ենք պատասխանել, թե ի վերջո քանի կրակոցով է սպանվել Վոլոդյա Գալոյանը:

Սյուզան Սիմոնյան

Լուսանկարը՝ Անի Գևորգյանի

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here