Ի պատասխան ՀՀ Քննչական կոմիտեի պաշտոնական պարզաբանման՝ զինծառայող Վոլոդյա Գալոյանի գործով

0
226

«Զինծառայող Վոլոդյա Գալոյանի գործով շուրջ 2 ամիս որևէ կարգավիճակ Քննչական կոմիտեի կողմից չէր տրվել, միայն Դատախազությանը ներկայացված բողոքի արդյունքում նա դարձավ տուժող։ Ավելին, մահվան դեպքից մոտ մեկ ամիս հետո 2-րդ կայազորային քննչական բաժինը ուզում էր կարճել գործը զինծառայողի մահվան հիմքով։ Դա խոսում է Քննչական կոմիտեի «օբյեկտիվ» քննության և այս գործի նկատմամբ ունեցած տրանադրվածության մասին։ Նշեմ նաև, որ դատաբժշկական եզրակացությունն ավարտվել է սեպտեմբերի 30֊ին, մինչդեռ քննչական կոմիտեն տուժող կողմին տրամադրել է միայն հոկտեմբերի 30֊ին։

Վոլոդյա Գալոյանի վնասվածքները չեմ հաշվել, փորձագետն է հաշվել, բայց դա չի նշանակում, որ Քննչական կոմիտեն ճիշտ թիվ է նշել, իրականում ոչ հրազենային վնասվածքները 4֊ը չեն, ինչպես որ ասված է քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության մեջ։ Դա հասկանալու համար առնվազն դատաբժշկական եզրակացությունը կարդալ է պետք։ Այն հանգամանքը, թե կան քերծվածքներ, որոնք մահվան հետ համատեղելի չեն, իրականում չի հերքում այն փաստը, որ, ի վերջո, առկա են հրազենային վնասվածքներ, որոնք մեկը չեն և որոնք չեն պատճառվել ընդհուպ։

Այս գործում ամենաէական հանգամանքը, որի շուրջ Քննչական կոմիտեն պիտի պաշտոնական պարզաբանում տա, դա հենց այն է, որ հրազենային վնասվածքներ կան, որոնք ինքն իրեն չէր կարող պատճառել։ Ճիշտ կլինի պարզել, թե ով է պատճառել նաև այդ քերծվածքները, սալջարդը, զարմանալի է, որ Քննչական կոմիտեն հանգիստ է ընդունում վնասվածքների վաղեմությունը, նույնիսկ այն վնասվածքների, որոնք մահվանից ժամեր առաջ են պատճառվել և թեկուզ մահ չեն առաջացրել։

Զարմանալի է, թե արդյո՞ք որևէ բռնություն այս գործով Քննչական կոմիտեն դեռ չի նկատել։ Եթե դա այդպես է, ուրեմն բացարկ եմ հայտնում այդ կառույցին, որը դեռևս նախաքննություն չիրականացնելու, չավարտելու պարագայում այսպիսի միակողմանի և անհիմն հարձակողական պաշտոնական հայտարարություններ է տեղադրում իր պաշտոնական կայքէջում։ Եվ սա էլ ավելի է ամրապնդում սպանության վարկածը և ինքնասպանության վարկածի կեղծ լինելու հանգամանքը։

Եվ ցանկանում եմ խոսքս եզրափակել որոշ ասեկոսեների վերաբերյալ իմ կարծիքով։ Այսպես. ես լուրջ չեմ ընդունում այն պաշտոնյաների հայտարարությունները, ովքեր իրավասու չեն քրեական գործով որևէ մեկնաբանություն անել, բայց և այնպես անում են։ Խոսքս վերաբերում է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակին, ով պարբերաբար ոչ մասնագիտական կարծիք է տրամադրում լրատվամիջոցներին։ Խորհուրդ եմ տալիս զերծ մնալ նմանատիպ հայտարարություններից, եթե կա մեկը, ով կարող է մասնագիտական որևէ օբյեկտիվ կարծիք հայտնել այս քրեական գործերով, ապա նրանք կարող են լինել միայն փորձագետները, փաստաբանները, իրավապաշտպանները և այլ քրեագետ֊մասնագետներ։

Ինչ վերաբերում է արդարադատության համակարգին, ապա ստիպված եմ հիշեցնել, որ մեզ անհրաժեշտ է անցումային արդարադատություն բոլոր ոլորտներում։ Այս խնդիրների լուծումը բանակում անպատժելիության մթնոլորտի վերացումն է, ինչը անհնարին է դառնում նմանատիպ քննության պարագայում»։

Հայարփի Սարգսյան,
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ փաստաբան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here