Օրերս Կապանի զորամասը  ինքնակամ լքած ժամկետային զինծառայող Էրիկ Գասպարյանը այժմ ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ կայանում է: Նրան մեղադրանք է առաջադրվել զորամասը, կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու համար /Քր. Օր. 361-րդ հ., մաս առաջին: Խափանման միջոց է սահմանվել՝ զորամասի հսկողությանը հանձնելը: Դեռ հայտնի չէ, թե արդյոք նրան կտեղափոխեն իր ծառայության նախկին վայրը, թե նա իր ծառայությունը կշարունակի այլ զորամասում:

 Նախաքննությունը վարում են իններորդ կայազորային զինդատախազության քննիչները: Ըստ Գասպարյանի փաստաբանի, այս պահին կարելիէ ասել, որ օբյեկտիվ քննություն է իրականացվում: Էրիկ Գասպարյանի հետ վերջին տասնօրյակում կատարված իրադարձությունները դիտարկելիս դժվար է ազատվել տպավորությունից, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մի կառույց է, որը աշխատում է շարքային զինվորների դեմ:

ՌՈ-ն Էրիկի պատիվն արատավորելու փորձեր է անում

Էրիկի փախուստի  մասին իմացվեց հոկտեմբերի 27-ին: Լուր տարածվեց, որ Կապանում ժամկետային զինծառայողներից մեկը ինքնակամ լքել է զորամասը և կորել է անհայտ ուղղությամբ: Այդ օրը պարզվեց նաև, որ ՊՆ-ն և ռազմական ոստիկանությունը արդեն մի քանի օր է, փնտրում են տղային:

Նրա  մայրը՝ Ջեմմա Գասպարյանը տարակուսած էր և տագնապած:  «Շատ ուրախ ու գոհ էր, որ ծառայում է բանակում: 15 օրով հուլիսին «օտպուսկ» ա եկել որպես լավ ծառայող: Մի քանի օր առաջ էլ զորամասից խոսել է հետս», — ասել էր նա Forrights.am-ին: Նաև հայտնել էր, որ իրենք «դոմիկի» բնակիչներ են, որ Էրիկը նյարդային հիվանդություն ուներ, որ նրա հայրը և իր ամուսինը Մոսկվայում մեկ տարի առաջ այրվել էր ավտոմեքենայի մեջ:

Առանց խորանալու պատճառների մեջ, առանց ներքին հետաքննություն սկսելու, առանց պարզելու, թե ինչու և ինչից է փախել օրինակելի վարք ունեցող զինծառայողը, որը երբեք չէր դժգոհում ծառայությունից, պաշտպանական գերատեսչության խոսնակը սարսափազդու գրություն տարածեց ֆեյսբուքյա իր էջի միջոցով. «Անկախ նրանից, ինչ մակարդակի աղմուկ կբարձրացվի, ինչ շոու կսարքվի, երեք օրից ավելի զորամասը լքելու արդյունքում զինծառայողը ենթարկվելու է քրեական պատասխանատվության»: 

Ռազմական ոստիկանները տղային հայտնաբերեցին հոկտեմբերի 28 -ին, Երևանում,  ծանոթներից մեկի բնակարանում: Հաջորդ օրը ՀՀ ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանը «ժողովուրդ» թերթի միջոցով շարքային Գասպարյանին վարկաբեկող հայտարարություն արեց: Նախ, հայտարարեց, որ զինվորը «ֆեյսբուքով` սայթերով» ծանոթացել է մի տղայի հետ, «երեւի, ընկերը մենակ է մնացել, ընկերոջ կարիք է ունեցել, ինքն էլ գնացել է ընկերոջ մոտ: Մեկ ասում է` ընկերս չի, համենայնդեպս, երկու տղա մնացել են իրար հետ»:

Նաև հայտնեց, թե «մնացած մանրամասները բժշկական փորձաքննությունը կպարզի»: Այսպիսով, ՌՈ բարձրաստիճան պաշտոնյան շարքային Էրիկ Գասպարյանի պատվի և արժանապատվության հետ է խաղացել, ակնարկելով, որ նա, իբր՝ ոչ ավանդական  կողմնորոշում ունի:

Էրիկ Գասպարյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը հերքում է այս վարկածը: «Գործը քննում են իններորդ կայազորային զինդատախազության քննիչները, և նրանք բժշկական  որևէ փորձաքննություն չեն նշանակել: Ռո պետի հայտարարությունը իմ պաշտպանյալի և նրա ընկերոջ հետ կապված, որ պետք է արվի բժշկական հետազոտություն, չի հաստատվում: Գործը քննվում է ըստ էության», — ասում է փաստաբանը:

Զինվորի մայրը, ըստ ՌՈ պետի, պատմել է, որ տղան տարօրինակ սովորություն է ունեցել՝ «երբ ձեռքին գումար է եղել, մի քանի օրով անհետացել է»: Սակայն Էրիկի մայրը՝ Ջեմմա Գսպարյանը, հերքում է, որ նման տեղեկություն է հայտնել: «Ոչ, նման բան չի եղել: Ոնց ձերռք է տալիս, այդպես էլ ներկայացնում են: Նման խոսակցություն չի եզել երբեևէ: Ոնց ես կարող եմ  նման բան ասել, եթե նման բան չկա: Արդեն չգիտեն, ինչերից կախվեն, սկսում են հորինել: Շուտով իսկությունը կպարզվի», — ասաց կինը:

Նա վրդովված էր իր որդու հասցեին  ՌՈ պետի տարածած հերյուրանքից. « Իրենց հարիր չի նման բաներ գրելը: Նախ թող մտածեն իրենց պատվի մասին, հետո նոր ուրիշներին փորձեն վարկաբեկել: Ես նրանցից նման բան չէի սպասում»:

Զորամասերում կան դիվիզիոն նայողներ

Գասպարյանին բերման ենթարկելուց հետո  նա երկար առանձնազրույց է ունեցել իր պաշտպանյալի հետ և պարզել է զորամասը լքելու բուն պատճառը: Ըստ Հայարփի Սարգսյանի, Էրիկ Գասպարյանը պարտքով գումար էր վերցրել երկու զինծառայողներից  և չի ունեցել հույս, որ ժամանակին կկարողանա վերադարձնել  պարտքը: «Գումարը վերցրել էր զինծառայողներից: Ժամկետ է դրված եղել, և եթե այդ ժամկետում չվերադարձներ պարտքը, ապա դա խոսակցությունների թեմա կդառնար», — ասում է Հայարփի Սարգսյանը: Ըստ նրա, Էրիկ Գասպարյանը մտադիր է եղել գտնել գումարը ու  նոր վերադառնալ զորամաս:

Զորամասում , ինչպես կալանավայրում, չգրված օրենքներ են գործում: Ինչպես կալանավայրում կա «զոն նայող», այդպես էլ զորամասում  էլ կան զորամասի դիվիզիոնների «նայողներ», որոնք «խառնվում են», եթե զինվորները պարտքը ժամանակին չեն վերադարձնում:

 Ի՞նչ նպատակով է Էրիկ Գասպարյանը պարտքով փող վերցրել:  Հայարփի Սարգսյանի պատասխանից հետևում է, որ Կապանի զորամասի տարածքում գործում է խանութ, որտեղ զինծառայողները բարձր գներով կարող են ձեռք բերել այն ամենը, ինչը պաշտպանության  նախարարությունը պարտավոր է նրանց տրամադրել անվճար: Խանութն այս անվանում են «չայնի»:

«Այս տարվա սեպտեմբերին նրանք պետք է մեկնեին Ջաբրայիլ՝ ճամբարային հավաքների, — պատասխանում է Հայարփի Սարգսյանը, — քանի որ իմ պաշտպանյալը միակողմանի ծնողազուրկ է և պետության  տրամադրած ամսական  երեք հազար դրամը նրան չի բավարարել անհրաժեշտ պարագաներ գնելու, նա ստիպված է եղել զորամասում եղած խանութից գնումներ կատարել, անգամ ներքնազգեստ է գնել: Զորամասում միակ պարագան, որ տվել են, գուլպաներն են եղել»:

 Էրիկ Գասպարյանը ներկայացրել է ապրանքների ամբողջական ցանկը, որոնք գնելու համար ինքը պարտքով փող է վերցրել:

Ճի՞շտ է, որ Կապանի զորամասում խանութ կա, որտեղ վաճառում է այն, ինչ պետք է տրամադրեն անվճար,  և արդյո՞ք զինծառաոյղները իրենք իրենց միջոցներով են մայկա-տրուսիկ գնում ճամբարային հավաքների մեկնելու համար:

«Ցանկացած զորամասում  կա «չայնի» կոչված զինվարի խանութ: Անվանումհը եկել է խորհրդային ժամանակից: Այնտեղ որպես կանոն վաճառվում է սնունդ և կենցաղի պարագաներ: Սա միանգամայն օրինական վաճառք է այն դեպքերի համար, որ եթե մարդիկ իրենց ունեցածով չբավարարվեն, գնան և դա ձեռք բերեն: Զինվորներից մոտ 60 տոկոսը սիրում է լրացուցիչ առևտուր անել, սպիտակեղեն, այլ պարագաներ գնել:  40 տոկոսը բավարարվում է պետության տվածով և ոչինչ չի գնում: Այս իրավիճակը մշտապես նկատվել է: նաև մշտապես նկատվել է այն հանգամանքը, որ զորամասից փախչողները այսպես են պատճառաբանում իրենց փախուստը, որովհետև եթե ասեն, որ ինչ-որ մեկը իրենց ծեծել է, ապա դա պետք է ապացուցել և կարող է քրեական հետևանքներ ունենալ», — պատասխանում է խոսնակ  Արծրուն Հովհաննիսյանը:

ՌՈ աշխատողները «կինո» են սարքել Էրիկի բերման ենթարկելը

Էրիկ Գասպարյանը հարցաքննվել է երկու անգամ: Նա մանրամասն ցուցմունք է տվել: Նրա բերման  ենթարկելը անեկդոտի է նման: Ըստ պաշտպան Հայարփի Սարգսյանի, քաղաքացիական հագուստով անձինք, ներկայանալով որպես ՌՈ աշխատակիցներ, իրեն տարել են ոստիկանություն: Այնուհետև նրանց պետը՝ Արթուր Բաղդասարյանը, որոշել է, որ բերման ենթարկելիս օրենքով նախատեսված կարգը չի պահպանվել և հրահանգել է հետ տանել զինծառայողին ու կրկին բերման ենթարկել , ինչը անմիջապես կատարել են:

Հայարփի Սարգսյանը պատմում է, որ ՌՈ բերելուց մի կես ժամ հետո Էրիկ Գասպարյանին նույն ոստիկանները, բայց արդեն համազգեստով, նորից նստեցրել են մեքենա, դուրս են եկել դարպասներից, էլի մտել են, և ամբողջ ընթացքը լուսանկարվել է տարբեր կողմերից, բազմաթիվ վկաների ներկայությամբ:

«Հետո իմ պաշտպանյալին իջեցրել են մեքենայից, թևերը դեպի հետ տարած վիճակում: Այնքան են վեր բարձրացրել թևը, որ ձախ ձեռքը ցավացրել են, ու բազմաթիվ մարդիկ դիտել են այդ նվաստացուցիչ արարողությունը: Էրիկը իրեն շատ վատ է զգացել: Ի վերջո, 7-8 անգամ սենյակից սենյակ տեղափոխելուց հետո սկսել են հարցեր տալ: Փոխանակ հարցնեն, թե ինչու է նա խախել զորամասից, նրան  միայն մեկ հարց են տվել, թե ինչ կապի մեջ է եղել այն երիտասարդի հետ, որի բնակարանում իրեն հայտնաբերել են», — պատմում է փաստաբանը: 

Նա հիշեցնում  է նաև, որ քրեական օրենսգքրի 361-րդ հոդվածը, որով մեղադրանք է առաջադրված Էրիկ Գասպարյանին, նախատեսում է զատում  քրեական պատասխանատվությունից «այն դեպքերում, երբ զինծառայողը նախատեսված արարքներն առաջին անգամ է կատարել, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով, և եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում»: Նա գտնում է, որ իր պաշտպանյալի դեպքում նշված հանգամանքներն առկա են:

«Իմ պաշտպանյալը պատրաստ էր ծառայությունը շարունակել մինչև իր անվան շուրջ տարածվող վարկաբեկիչ ու զրպարտիչ լուրերի տարածումը:

Սակայն իրեն արատավորող տեղեկությունների  հրապարակելով, ՊՆ-ն այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ նրա հետագա ծառայությունը որևէ զորամասում անհնար է դարձել», — ասում է փաստաբանը:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest