Հայաստանում թերևս առաջին անգամ դատարանն արձանագրել է դատապարտյալի իրավունքների խախտումը, սակայն դատախազությունը չի հաշտվել այդ իրողության հետ ու անգամ ուշացումով դիմել է Վերաքննիչ՝ բողոքարկելով աննախադեպ որոշումը: Վերաքննիչ դատարանը, սակայն, վարույթ չի ընդունել բողոքը՝ ուշացման հիմքով: Այժմ դատախազությունը վիճարկում է Վերաքննիչի «մերժումը» Վճռաբեկ դատարանում:

Խոսքը ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի դեմ գործով հանցախումբ ղեկավարելու ու սպանությունների համար ցման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի դիմումի մասին է, որը բավարարվել է ու դատարանն արձանագրել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ու պրոբացիոն ծառայությունը խախտել են ցմահ դատապարտյալի իրավունքները: Այս մասին Forrights.am-ին ասաց Տեր-Սահակյանի փաստաբան Սուսաննա Սարգսյանը՝ որոշումն աննախադեպ համարելով:  

«Ոչ միայն ցմահների մասով, առհասարակ նման որոշում չի եղել առաջին ատյանի դատարանի կողմից: Սա աննախադեպ է, որովհետև անգամ զեկույցների բովանդակության վիճարկման նախադեպ չունեինք»,-ասաց փաստաբանը՝ շարունակելով. «Շատ ու շատ փաստաբաններից եմ հետաքրքրվել, նման նախադեպ իրենք էլ չեն ունեցել: Մեր ունեցած տեղեկություններով՝ սա առաջին նմանատիպ որոշումն է»:

Որոշմամբ արձանագրվել է, որ ՀՀ Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պետի կողմից 2019 թ. հունվարի 11-ին կայացված թիվ 4 որոշման համար հիմք հանդիսացած զեկույցներով թույլ է տրվել Տեր-Սահակյանի իրավունքների խախտում։

Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ հենց Արմեն Տեր-Սահակյանի գործով նման որոշում եղավ, փաստաբանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, որ որոշումը պայմանավորված էր հենց Արմեն Տեր-Սահակյանի անձով: Ուղղակի էստեղ իրավական առումով իրոք խախտումները ճչացող էին: Սակայն անգամ այդ պարագայում շատ ու շատ դատավորներ նման որոշում կայացնելու համարձակություն չէին ունենա»:

Վճիռը դեռ ապրիլ ամսին կայացրել է Կենտրոն- Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը, սակայն դատախազությունը մինչ այժմ բողոքարկում է այն: Վճռաբեկ դատարանն արդեն իսկ վարույթ է ընդունել դատախազության բողոքը՝ Վերաքննիչի որոշման առթիվ: Եթե դատախազության բողոքը Վճռաբեկ դատարանը բավարարեց, դա Վերաքննիչ դատարանի համար հիմք կլինի՝ բողոքը վարույթ ընդունելու ու ըստ էության քննելու:

1998 թվականից բանտում գտնվող Արմեն Տեր-Սահակյանը դեռ անցյալ տարի դիմել է դատարան՝ պայմանական վաղաժամկետ ազատման համար, սակայն մերժվել է. քանի որ պրոբացիոն ծառայությունն ու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը իրենց եզրակացություններում Տեր-Սահակյանին բնութագրել են որպես «ռիսկային» և նպատակահարմար չեն համարել վաղաժամկետ ազատումը։ Բողոքարկման արդյունքում դատարանը այդ զեկույցներում դատապարտյալի իրավունքի խախտումներ է արձանագրել: 

«Ըստ էության, զեկույցներում անձնական գործում առկա փաստերը չեն արձանագրել, ինչն էլ առաջացրել է Արմեն Տեր- Սահակյանի իրավունքի խախտում:  Իսկ դատարանն էլ արձանագրել է իրավունքի խախտումը»,-ասաց փաստաբանը՝ շարունակելով. «Քրեական գործում առկա տվյալներից զեկույցներում չէին արձանագրել խրախուսանքների մասը, փոխարենը ներառել էին անվավեր ճանաչված արձանագրություն՝ Արմեն Տեր- Սահակյանի՝ որպես փախուստի հակում ունեցողի վերաբերյալ: Նմանատիպ շատ այլ խախտումներ կային, որոնք դատարանը մանրակրկիտ արձանագրել է»:

Ըտս փաստաբանի, վիճարկված զեկույցում ՔԿՀ-ն նշել էր, թե Արմեն Սարգսյանը ցանկություն չի հայտնել մասնակցելու սպորտային ծրագրերին և այլ միջոցառումներին. «Մինչդեռ ՔԿՀ-ն ապացույց չուներ, որ նման միջոցառումներ կազմակերպվել են, սակայն Տեր-Սահակյանը չէր ցանկացել մասնակցել»:

Պրոբացիոն ծառայությունն Արմեն Տեր-Սահակյանի վարքագիծը նկարագրել էր դրական, սակայն վաղաժամ ազատ արձակման ներկայացնելը նշել էր ոչ նպատակահարմար:

Սուսաննա Սարգսյանի խոսքով՝ եթե առաջին ատյանի դատարանի որոշումը մնաց ուժի մեջ, դա ենթադրում է, որ պրոբացիայի ծառայությունը և ՔԿՀ-ն պետք է փոխեն իրենց եզրակացությունները ու նոր զեկույցներ կազմեն Արմեն Տեր-Սահակյանի մասին՝ զեկույցներում վերացնելով դատարանի կողմից արձանագրված խախումները:

«Դրանից հետո, այդ զեկույցների հիմքով պետք է կայացվի որոշում և ՔԿՀ-ն պետք է վաղաժամկետ ազատման միջնորդություն ներկայացնի դատարան»,-մանրամասնեց Սարգսյանը՝ հավելելով, որ իրավական հիմքեր տեսնում է Տեր-Սահակյանի վաղաժամկետ ազատման համար:  

Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը նախ մահապատժի, ապա ցմահ ազատազրկման է դատապարտվել ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի դեմ քրգործով՝ հանցախումբ ղեկավարելու և սպանությունների համար: Նա հայտարարել է, որ իրեն ցմահ ազատազրկել են Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք չտալու համար:

Արմեն Տեր-Սահակյանը կալանավորվել է 1998 թվականին և դատապարտվել է 2000-ին: Իրավական առումով համարվում է, որ նա 22 տարի է, անազատության մեջ է, քանի որ այն ժամանակ գործող օրենքով, կալանքի յուրաքանչյուր օրը մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը օր ու կես էին հաշվում:

Հեղափոխությունից հետո, անցյալ տարի Արմեն Տեր-Սահակյանը ներման խնդրագիր էր գրել, սակայն մերժվել է: «Ինձ դատապարտել են մահապատժի՝ քննիչների ուզած ցուցմունքը չտալու համար: 22 տարի բանտում անցկացնելուց հետո ես մեծ հույսով Ձեզանից ներում եմ խնդրում», — գրել էր Տեր-Սահակյանն իր խնդրագրում: Նա նաև ընդունել էր, որ հանցանք գործել է, բայց իրեն անհամեմատ խիստ են դատել, չեն դատել իր հանցանքի համեմատ:

Մարինե Խառատյան

Pin It on Pinterest