Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր մեկնարկեց Պետական վերահսկողական ծառայության պետ նախկին Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատաքննությունը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ:

Շենգավիթի դատարանի դիմաց հավաքվել էին քաղաքացիներ՝ ի աջակցությւոն Դավիթ Սանասարյանի։

Քաղաքագետ Արա Պապյանը կարծում է, որ մի գուցե Դավիթ Սանասարյանը Պետական վերահսկողական ծառայության պաշտոնում ինչ-որ մարդկանց խանգարել է և պետք է դատավարությունը այս ամբողջը բացահայտի։

«Պաշտոնական դիրքի չարաշահումով եթե մոտենանք, նախկին և ներկա հարյուրավոր պաշտոնյաներ կան, որ հաստատ շատ ավելի հիմքեր կան մեղադրանք առաջադրելու։

Մենք ականատես ենք լինում, որ փաստարկված չարաշահումներ կան, կաշառակերության դեպքեր կան, օրինակ՝ ԱԳ նախարարը BBC-ի հետ հարցազրույցում ասաց, որ ճամպրուկներով փողեր են տարվել, դե լավ, եթե դա ընդունում է որպես փաստ, ապա ո՞ւմ են տարել, ինչո՞ւ նա առ այսօր դատապարտված չէ։ Մենք գիտենք, որ Դավիթ Սանասարյանը նման գործարքների մեջ չի եղել, իսկ այն կարճ ժամանակահատվածում երբ նա ՊՎԾ ղեկավար է եղել, գուցե ինչ-որ մարդկանց խանգարել է, դատավարությունը այս ամբողջը պետք է բացահայտվի»,-նշեց նա, դատարանից ակնկալելով, որ անաչառ կլինի, բոլոր փաստերը քննության առնի։

Քաղաքագետը կարծում է, որ Դավիթ Սանասարյանի պարագայում գործը պետք է դատարան չհասներ, բայց եթե հասել է, ապա գուցե սա հնարավորություն է, որ այդ ամենը բացահայտելու հաամար

Այս գործով ամբատսնյալի կարգավիճակում են Դավիթ Սանասարյանը, ՊՎԾ նախկին պաշտոնյաներ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը և վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։

Դատավոր Դավիթ Բալայանը կողմերին ներկայացրեց հիմքեր, որոնք գուցե ըստ իրեն՝ հիմք հանդիսանան իր ինքնաբացարկի համար։

Դատավորը նշեց, որ հոկտեմբեր ամսին Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանի հետ գործուղման է եղել, սակայն այդ հանգամանը իրեն չի կաշկանդում։

Նա նաև նշեց, որ ամբաստանյալներից մեկի պաշտպանը՝ Հրանտ Անանյանը, դատարանների շրջափակման օրը, երբ ինքը փորձել է պատուհանից ներս մտնել, ընկել է, այդ դեպքում Անանյանը դիմել է ՀՔԾ-ին, սակայն  քրեական գործ չի հարուցվել․ «Նա դիմել է որպես մասնավոր անձ, հետագայում տեղեկացել եմ, որ քրեական գործ չի հարուցվել, և Անանյանը բողոքարկել է»,-ասաց նա։

Երրորդ հիմքն էլ նշեց, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենը հանդիսացել է իր քեռու որդին, ով ազատվել է պաշտոնից, իսկ գործով վկա է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը․ «Ես կաշկանդված չեմ դրանով, այս հիմքերը, իմ կարծիքով, հիմք չեն կարող հանդիսանալ, որ կարող եմ ես կողմնակալ լինել, անհրաժեշտություն գտա բացահայտել այդ հիմքերը»։

Կողմերը լսելով դատավորի հայտարարությունը, այնուամենայնիվ ինքնաբացառկի միջնորդություն չներկայացրին։

Դավիթ Սանասարյանն էլ իր հերթին ասաց․ «Հույս եմ հայտնում, որ կընթանա դատապրոցեսը, Ձեր մասին օբյեկտիվ գնահատական եմ լսել»։ Դավիթ Սանասարյանի պաշտպանները դատարանին միջնորդություն ներկայացրին, որ Սանասարյանի գործը քննվի մյուսներից առանձին։

Պաշտպաններն իրենց միջնորդությունը հիմնավորեցին նրանով, որ դա թույլ կտա գործով անցնող` ՊՎԾ աշխատակիցներին օգտվել արագացված դատաքննության կարգից: Գործով մեղադրողը առարկեց միջնորդությանը: Դատավոր Դավիթ Բալայանը մերժեց պաշտպանների միջորդությունը` պատճառաբանելով, որ այն  ժամանակավրեպ է:

Նիստին պաշտպանական կողմը միջնորդեց, որպես վկա դատակոչել Արմեն դավթյանին, Զարուհի Մեջլումյանին, Աշոտ Վանյանին, Լուսինե Մարտիրոսյանին, որոնք նախաքննության  ընթացքում հարցաքննվել են։ Նրանք նշեցին, որ այս  չորս վկանե դատակոչված չեն և նրանց ցուցմունքները էական նշանակություն ունեն և կարևոր։

Պաշտպանական կողմը չառաջարկեց միջնորդության դեմ, մեղադրողը՝ նույնպես։ Դատարանն որոշեց միջնորդությունը բավարարել՝ նշելով, որ նրանք դատարան կհրավիրվեն։

Համաձայն մեղադրական եզրակացության՝  Դավիթ Սանասարյանը, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու եւ ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ եւ փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Ըստ  մեղադրանքի՝ Սամվել Ադյանը Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը եւ կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից եւ սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ:

Տարոն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Զորաշեն» ՍՊ ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանի կողմից տրված լիազորագրերով ստանձնելով ընկերության փաստացի ղեկավարումը եւ հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար` Սամվել Ադյանի մտերիմ ընկերը, վերջինիս եւ նույն վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ՝ միջոցներ եւ տեղեկություններ տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով, օժանդակել է նրանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելուն։

Ազնիվ Սիրադեղյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest