«Երբ ոտնահարում են սեփականության իրավունքը, ոտնահարում են նաև մարդու արժանապատվությունը»

0
203

«Իրավական պետություն կառուցելու ճանապարհին մենք չենք կարող հետադարձ հայացք չնետել և չտեսնել, գնահատական և հետագայում նաև իրավական որոշակի գործընթացներ չսկսել նախկինում իրականացված ունեզրկման՝ թերևս սեփականության իրավունքի ամենազանգվածային խախտումներին»։ Սեփականության իրավունքի խախտումների վերականգնման թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

«Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրներին վերաբերող խորհրդարանական լսումներն պատգամավորը աննախադեպ է որակում։ Ըստ նրա՝ դրանք բնույթով խորհրդարանական փաստահավաք լսումներ էին և որոշակիորեն բխում էին անցումային արդարադատության հանձնառությունից:

«Որովհետև մենք վստահ ենք, որ իրավական պետություն կառուցելու ճանապարհին մենք չենք կարող հետադարձ հայացք չնետել, գնահատական չտալ և հետագայում նաև իրավական որոշակի գործընթացներ չսկսել նախկինում իրականացվում ունեզրկման, թերևս, ամենազանգվածային սեփականության իրավունքի խախտումներին»,- սեփականության իրավունքի խախտումների վերականգնման թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ ասաց պատգամավորը: Առաջիկայում ստեղծվելու է աշխատանքային խումբ՝ հիմնական գործընթացների որոշակի պատկերը հասկանալու, սեփականության իրավունքի խախտումներն ուսումնասիրելու, դրանք տարանջատելու համար:

Պատգամավորը հիշեցրեց, որ սեփականության իրավունքը աշխարհում և ժողովրդավարական երկրներում ամենապաշտպանված իրավունքներից մեկն է և այն ինչ կատարվել է հատկապես 2000-2006 թվականներին՝ մինչև գերակա շահի ընդունման օրենքը։

«Հիմա այն փուլում ենք, որ առաջիկայում պետք է ստեղծվի աշխատանհքային խումբ»,-ասաց նա։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանըն ասաց, որ Վարդանյանների գործով արդեն իսկ 1.6 մլն եվրոյի փոխհատուցման պահանջ կա, որը պետք է վճարվի, պետությունը չի կարող չվճարել․ «Բայց մենք պետք է հստակ տարբերակներ գտնենք՝ իրավունքը խախտողներին պատասխանատվության ենթարկելու՝ ոչ միայն իրավական գործընթացի, այլ նաև որոշակի փոխհատուցման հնարավորությունների առումով»,- հավելեց նա: Պատգամավորի խոսքով՝ իրացման գոտիների տների գնահատման ժամանակ խախտումներ եղել են բոլոր փուլերում:

 «Այն, որ սկզբնական շրջանում որոշվեց, թե որ տարածքներն են իրացվելու, ընդհանրապես որևէ կերպ հասկանալի չդարձավ, թե, մեծ հաշվով, պետության ո՞ր կարիքի համար է այս գործընթացն իրականացվում»,- նշեց Գայանե Աբրահամյանը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ հիշեցրեց Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի մասին, տպավորություն է, որ նա մոռացության է մատնվել․

 «Պետք է անպայման հիշենք 2016 թվականի հոկտեմբերի 27-ին «Նանուշյանն ու Վարդանյանը՝ ընդդեմ ՀՀ-ի» գործով ՄԻԵԴ-ի վճռի մասին, որտեղ պարզորոշ նշվում էր Վճռաբեկ դատարանի նախագահի անունը, որը կատարել է կոնվենցիայի խախտումներ»,- հավելեց նա:

Ըստ իրավապաշտպանի՝ չնայած վճռին՝ ոչինչ չհետևեց, Վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ անգամ կարգապահական վարույթ չհարուցվեց, թեև փաստաբանները դիմեցին:

 «Խայտառակ մի պատմություն է սա, հարյուրամյա տունն այդ մարդկանցից ինչպես էին խլել՝ հնարավոր և անհնար բոլոր մեթոդներով, ես կասեի նույնիսկ՝ բանդիտական, կոռուպցիոն գործարքներով: Ես ուղղակի շատ կուզեի, որ այդ մարդը պատասխանատվության կանչվեր, և այն գումարները, որ նա հափշտակում էր, այդ մարդկանց այս վիճակի մեջ էր դնում, թող կիսի Հայաստանի բյուջեից վճարվող գումարները և թեթևացնի այդ բեռը»,- հայտարարեց Ժաննա Ալեքսանյանը:

Ըստ փաստաբան Կարապետ Բադալյանի՝ սեփականության իրավունքը մարդու արժանապատվության անքակտելի մասն է, և երբ ոտնահարում են սեփականության իրավունքը, ոտնահարում են նաև մարդու արժանապատվությունը․ «Իսկ երբ այդ խախտումը շարունակվում է ավելի քան 15 տարի, պատկերացրեք այն տառապանքները, որ այդ մարդիկ կրում են: Դա մի ամբողջ կյանք է»,- ասաց փաստաբանը:

Նա որպես օրինակ ներկայացրեց «Թունյանն ընդդեմ ՀՀ-ի» գործը․«Այստեղ է պարոն Սաշիկ Սաֆյանը՝ Էմմա Թունյանի ամուսինը: Երբ իրենց տունն ու հողամասը վերցրեցին, դա 2005 թվականն էր և այս մարդը 65 տարեկան էր: Այսօր պարոն Սաֆրանն 80 տարեկան է, և նրա սեփականության իրավունքը խախտվում է: Այսինքն՝ այն ժամանակ, երբ մարդը պետք է իր թոշակային տարիքը վայելեր, այս 15 տարին ամեն օր պայքարում է իր իրավունքների պաշտպանության և վերականգնման համար»,- մանրամասնեց Կարապետ Բադալյանը:

 



ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here