2015 թ.-ի  դեկտեմբերին Ջաբրայիլում ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս զոհված հետախույզ Ռուբեն Ալեքսանյանի ընտանիքը դեկտեմբերին կհայտնվի փողոցում, եթե հրաշք չլինի: Կառավարությունն ու պաշտպանության նախարարությունը հրաժարվել են օգնել զոհվածի ընտանիքին տան հարցում՝ պատճառաբանելով, որ պարտքով գնված տունը զոհվածի մոր անունով է, այսինքն՝ ընտանիքը փաստացի տուն ունի՝ անտեսելով տան դիմաց նոտարով հաստատված պարտավորությունները:  

Իսկ զոհվածի ընտանիքը չի կարողանում մարել 17 հազար դոլար պարտքը: Ալեքսանյանների ընտանիքը Կաթնառատ գյուղից է, սակայն տարիներ առաջ բնակարան է ձեռք բերել Տաշիրում և տեղափոխվել մշտական բնակության: Տաշիրում գնած 30 հազար դոլարանոց սեփական տան 13 հազար դոլարը վճարել են, բայց Ռուբենի մահից ու դրանից հետո վրա հասած Ռուբենի եղբոր ու հոր ծանր հիվանդությունների պատճառով ընտանիքը չի կարողացել մարել պարտքը:

Եթե ոչինչ չփոխվի, հերոսի ընտանիքը դեկտեմբերին ստիպված է լինելու ազատել տունը: 2019 թվականի հունվարի 21-ին պայմանագրի ժամկետը լրացել է, բայց ընտանիքին տան տերերը դեռևս դուրս չեն արել:

Ժամանակ առ ժամանակ, երբ սրվում են տունը կորցնելու մասին խոսակցությունները և պարտքատերը գումարն է պահանջում, կամ խնդրում ազատել տունը, Ռուբենի մայրը՝ Լուսիկ Ալեքսանյանը վիրավորանքից թե անհուսությունից դրդված հերոս որդու մեդալները վերցնում, գալիս է Երևան՝ դրանք պետությանը վերադարձնելու համար: Հերոս որդուն կորցրած մայրը վիրավորված է, որ իրեն նեղ պահին օգնող չկա, որ պետական կառույցները հրաժարվել են միջամտել կամ օգնել. «Մեդալներով պիտի ես հպարտանայի, բայց իմ հերոս տղեն չկա ու մենք էնքան անտեսված ենք, որ պիտի հայտնվենք փողոցում: Ես էսօր իմ պետության մեջ հպարտության զգացում չունեմ»:

«Ոչ մի դրական արձագանք չկա կառավարությունից կամ ՊՆ-ից: Փաշինյանին տված նամակների պատասխանը ՊՆ-ից եմ ստացել, հասկացա, որ նրան դիմելն անիմաստ էր: Ոչ մի ձևով չեն օգնում: Պատճառը բռնել են, որ տունն իմ անունով է: Բայց ես 5 տարի Տաշիրում վարձով եմ ապրել մինչև Ռուբենի զոհվելը: Դրանից հետո տունը վերցրել եմ մասնակի վճարումով: Այդ ընթացքում ավագ որդիս էլ մահացավ, ամուսինս քաղցկեղով հիվանդացավ, ընկանք քաոսի մեջ, չկարողացանք պարտքը մարել»,-պատմում է դառնացած կինը ՝հավելելով, որ կառավարության նամակների բաժնի պետը կասկածել է իրեն կեղծ գործարք կատարելու մեջ. «Ասեցի, ես ո՞նց կարամ տղայիս նոր կորցրած Տաշիրի փողոցներով ման գամ, եթե կեղծիքի դիմեմ»:

ՊՆ-ից տիկին Լուսիկ պատասխանել են, որ իրեն օգնելու համար բյուջե չունեն: «Խնդրեցի հիպոտեկ դասավորեն, որ կարողանամ էդ պարտքը տամ, կարող էի տղայիս վրա վաճառել տունը: Ես մուրացկան չեմ, ոչ էլ ինչ որ մեկին խնդրում եմ՝ ինձ նվեր տվեք: Ասում են՝ մենք իրավունք չուենք մտնել բանկային համակարգ: Միլիոններով պարգևավճար են ստանում, ուտում են, դա պետությանը վնաս չէ, իսկ որ մենք զոհվածի ընտանիքին ընդառաջեն բանկի միջոցով, չի կարելի է, դա միջամտություն է»,-դժգոհեց կինը:

 Տիկին Լուսիկի սիրտը հատկապես ցավում է, որ ժամանակին ՊՆ-ից երեխայիս գերեզմանաքարի համար ստացած գումարն էլ է ստիպված եղել տալ այդ տան համար. «Իմ տղայի գերեզմանն առանց հուշաքարի է, իսկ տունը դեկտեմբերին պետք է ազատենք, մուծած 13 հազար դոլար գումարն էլ կորի»:

Տիկին Լուսիկը հեղափոխոթյունից շատ ուրախացել է, Փաշինյանին հիմա էլ հավատում է. «Բայց մի ձեռքով ծափ չես տա, կադրերը լրիվ հին կադրերն են, ՊՆ-ից բռնած»:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հանդիպելու նրա բոլոր փորձերը ձախողվել են. «Պետք ա առավոտից իրիկուն ՊՆ-ի մոտ լինես, որ կարողանաս նախարարին տեսնել»: Տիկին Լուսիկը խնդրել է օր ասել, որպեսզի հանդիպի Պնախարար Դավիթ Տոնոյանի հետ, սակայն նրան ասել են, որ ընդունելության հատուկ օր նախարարը չունի:

«ՊՆ-ից թուղթ է եկել, որ մենք չենք կարող օգնել, քանի որ փաստացի տուն ունես: Մնացած փաստերը, նոտարով պարտքը տան համար իրենք հաշվի չեն առնում»,-ասաց նա՝ շարունակելով. «Մինչև դեկտեմբեր սպասում ենք, տեսնենք ինչ կլինի: Տան գումարը չենք վճարել, ու հավանաբար դեկտեմբերին մեզ դուրս կհանեն»:

Վերջերս լրագրողների միջոցով Կրասնոդար քաղաքից մի բարերար էր հետաքրքրվել որոշակի օգնելու համար:

Իսկ այս խնդրի առթիվ ՊՆ Forrights.am-ի հարցումը դեռ անպատասխան է: ՊՆ-ին խնդրել ենք պարզաբանել, թե ինչո՞ւ, ի՞նչ հիմքով ՊՆ-ում չեն հավատում, որ հերոսի ընտանիքը տան դիմաց նման պարտավորություն ունի։ Ի՞նչ հիմքով է մերժվել օգնության խնդրանքը և ՊՆ-ն ինչպե՞ս է գնահատում, որ իր զոհված հետախույզի ընտանիքը հայտնվելու է փողոցում։ 

Պարզաբանումը կհրապարակենք ստանալուն պես:

Մարինե Խառատյան

Pin It on Pinterest