Արսեն Բաբայանին ձերբակալելու քննիչի որոշումը բողոքարկվել է

0
76
Արսեն Բաբայան
Արսեն Բաբայան

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին ձերբակալելու քննիչի որոշումը բողոքարկվել է: Այս մասին հայտարարել է վերջինիս փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

«Արսեն Բաբայանն իրեն մեղսագրվող արարքն ապօրինի է որակում»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Բաբայանը ձերբակալվել է պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ:

Պաշտպանն էլ իր հերթին հայտարարություն է տարածել այն մասին, որ ուսումնասիրել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալության մասին Հատուկ քննչական ծառայության հայտարարությունն ու այդ առիթով մասնագիտական մի շարք հրապարակումներ:

Մարդու իրավունքների պաշտպանը նկատի է առնում Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի այն կարգավորումը, որ համաներման մասին օրենքի ընդունման հիմքով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Պաշտպանը հաշվի է առնում նաև այն, որ համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում համաներման կիրառման համար դատապարտյալի համաձայնությունը չի պահանջվում։ Այսինքն՝ մեջբերված օրենսդրական դրույթները ենթադրում են, որ եթե նույնիսկ անձն իր նկատմամբ համաներման մասին օրենքի կիրառման դեմ առարկում է, այդ գործով դատապարտման պարագայում անգամ նա որևէ դեպքում ազատազրկման ենթարկվել չի կարող:

Նշվածը նաև նշանակում է, որ ազատազրկման ձևով անձի դատապարտման հեռանկարի բոլոր դեպքերում բացառումը կարող է այդ քրեական գործով նրա անձնական ազատության իրավունքին միջամտող դատավարական գործողությունները դարձնել ինքնանպատակ և այդպիսով՝ ոչ իրավաչափ: Նկարագրվածն ավելի է մեծացնում վարույթն իրականացնող մարմնի դատավարական բեռը նման յուրաքանչյուր դեպքում ապահովելու իր գործողությունների միանշանակությունը՝ հետապնդած իրավաչափ նպատակի և դրան հասնելու համաչափ միջոցների տեսանկյունից: Սա նշանակում է նաև, որ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ցույց տալ, որ անձի անձնական ազատության իրավունքի սահմանափակումը նրան պատժելու կամ զրկանքների ենթարկելու նպատակ չի հետապնդում:

Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ Արսեն Բաբայանի իրավունքների առնչությամբ արդեն իսկ նախաձեռնված է քննարկման ընթացակարգ սեփական նախաձեռնությամբ: Պաշտպանի հանձնարարությամբ՝ այս պահին այց է իրականացվել Ոստիկանության Ձերբակալվածներին պահելու վայր՝ Արսեն Բաբայանին տեսակցելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանը գրությամբ պարզաբանումներ է պահանջել Հատուկ քննչական ծառայությունից և հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է ձերբակալմանը՝ պարզաբանումների ներկայացման համար սահմանվել է մեկօրյա ժամկետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here