Փետրվարին Մատաղիսի զորամասում ուսումնական գումարտակի շտաբի պետ Էրիկ Խամփերյանի և այլ սպաների կատարմամբ հերթական քրեական դեպքն էր արձանագրվել, որին արդեն անդրադարձել էին: Ըստ փակ աղբյուրի,  4 սպաները, որոնց թվում Խամփերյանից բացի եղել են նաև Գառնիկ Խաչատրյանը, Հարություն Մինասյանը և Ալբերտ Խաչատրյանը, գետնին են գցել շարքային զինծառայող Ա․ Խ-ին և ոտքերով ծեծի են ենթարկել։ Հայտնվել է վկա, որը սպաների դեմ ցուցմունք է տվել և պնդել է իր ցուցմունքը առերեսման ժամանակ:

Զինծառայողը  սերժանտ է, Արարատի մարզից: Նա զորացրվել էր հուլիսին։

Ծեծի պատճառն այն է, որ ուսումնական գումարտակի սպաները «բռնացրել» են շարքայինին սիգարետը ձեռքին, ծխարանի մոտ: Զինծառայողը հայտնել էր Forrights.am-ին, որ ինքը գնացել է դեպի ծխարան, բայց չի հասցրել մտնել, շուռ է եկել, տեսել է՝ սպաները մեջքի հետևում կանգնած են։ Երբ փորձել է արդարանալ, սպառնացել են, որ նրա ծնողին կբերեն զորքի առաջ և կամաչացնեն: Ա․ Խ-ն պաշտպանել է իր ծնողին, ասելով մոտավորապես հետևյալը․ «Այդ մարդը ծնված չի, որ իմ ծնողին ամաչեցնի»։ Սա առաջացրել է սպաների կատաղությունը։ Այս մասին Ա․ Խ-ն ամիսներ առաջ հայտնել էր Forrights.am-ին: Նա այսօր էլ չի հրաժարվում իր խոսքերից:

Մենք տեղեկություն ունենք, որ այն պահին, երբ սպաները տարել են զինվորին պատժելու, զորքը «Հետ դարձ» հրաման է ստացել, որպեսզի զինվորները չտեսնեն, թե ինչ են իրենք անում: Քննիչներին սպաները հայտնել են, որ շարքայինն է առաջինն իրենց վրա ձեռք բարձրացրել։ Զորամասի զինծառայողներից մի քանիսը ցուցմունք են տվել սպաների դեմ, սակայն կարճ ժամանակ անց փոխել են իրենց ցուցմունքները, գրել են, որ իրենց ծառայակիցն է հարված հասցրել իր հրամանատարներին։

Դատախազությունից հայտնեցին, որ շարքայինը այս տարվա փետրվարին հարուցված սույն քրեական գործով ունի մեղադրյալի կարգավիճակ։ 4 սպաները՝ ևս։

«Մեղադրյալ է ներգրավվել 5 անձ։ Քրեական գործը հարուցվել է փոխադարձ միմյանց նկատմամբ բռնի  գործողություններ կատարելու փաստի առթիվ: Քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /ստորադասի նկատմամբ բռի գործողություններ կատարելը, կամ դրանք կատարելու սպառնալիքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից /358 հոդվածի 1-ին մասով/ Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը, եթե դա կապված չէ զինվորական ծառայության հետ/ և 358.1 հոդվածի 2-րդ մասով /զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը/: Գործով նախաքննությունը շարունակվում է, ապացույցների ձեռքբերման փուլում է», — հայտնում են գլխավոր դատախազությունից:

Ծեծի ականատես վկաներից մեկը, ըստ քննությանը մոտ աղբյուրի, հայտնել է, թե ինչպես էին սպաները ոտքերով հարվածներ հասցնում Ա-ին։ Օրերս վկան առերեսվել է գործով որպես մեղադրյալ անցնող սպաների՝ Գառնիկ Խաչատրյանի, Հարություն Մինասյանի և Ալբերտ Խաչատրյանի հետ: Առերեսման ժամանակ նրանք հերքել են մեղադրանքը, ասելով, որ վկան ստում է։

Մենք զրուցեցինք նաև նախկին զինծառայող Ա․ Խ-ի հետ։ Նա չցանկացավ խոսել դեպքի մանրամասներից, սակայն նշեց, որ գործով հարցաքննվել է ու առերեսվել է սպաների հետ։ «Գնացել եմ Ղարաբաղ, հարցաքննության, բայց չեմ ուզում որ այդ ամենը գրվի, ձեզ դա ի՞նչ է տալու», — ասաց նա։ Դուք անտարբե՞ր եք զորամասերում տեղի ունեցող հանցագործությունների, մահվան դեպքերի նկատմամբ, եթե չխոսեք, դրանք կշարունակվեն: Մեր ռեպլիկին Ա. Խ-ն արձագանեքց. «Ես պարզապես չեմ ուզում, որ իմ անունը հնչի։ Ես ուզում եմ, որ էս ամենը փակվի, գնա»։ Դուք ցուցմունք չե՞ք փոխել։ «Ոչ, ես իմ դիրքորոշումը չեմ փոխել»․ — ասաց երիտասարդը։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Մատաղիսի զորամասի հրամանատար Արմեն Գյոզալյանը որևէ կերպ չեն արձագանքում, որևէ գնահատական այս դեպքի կապակցությամբ չեն հնչեցնում։ Նրանց լռությունը նշանակում է, որ բռնություններն ու սպանությունները բանակում շարունակվելու են։ Ոչ պաշտոնական տեղեկություններով, Մատաղիսի զորամասի հրամանատար Արմեն Գյոզալյանին տեղափոխում են այլ զորամաս, նկատի ունենալով այստեղ տիրող հանցածին իրավիճակը։

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest