Գյումրեցի Սամվել Հովհաննիսյանը 38 ամյա կնոջն ու առաջնեկին կորցրեց 2014 թվականին «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցում՝ ծննդատանը: Նա պնդում է, որ կնոջն ու երեխային  կորցրել է բժիշկների անփութության հետևանքով: Սամվել Հովհաննիսյանի պայքարը ձգվում է արդեն 5 տարի, բայց նա գրանցած արդյունքներ չունի:

Սամվել Հովհաննիսյանը համոզված է՝ իր կինը և նորածին փոքրիկը մահացել են բուժաշխատողների անփությության պատճառով, սակայն քննիչները աշխատել են ի օգուտ բուժանձնակացմի: Նախաքննությունը պատշաճ չի կատարվել․

«Չէր կատարվել հեռախոսազանգերի վերծանումներ բժշկի, բուժքրոջ, Սամվելի ու կնոջ միջև: Նրանց միջև հեռախոսային խոսակցություն է եղել. կինն ասել է՝ վատ եմ զգում, բժիշկը էստեղ չէ: Բուժքրոջ ցուցմունքում էլ հակասություններ կան, մի տեղ ասում է՝ բժշկին կանչեցի, մի տեղ ասում է զանգեցի բժշկին: Վերծանումներից չի երևում՝ բժիշկը տարածքո՞ւմ է եղել, թե՞ ոչ, չէր երևում նաև բժշկական հանձնաժողովի որոշման բնօրինակը, այն գործում չկար: Կեսարյան հատում անելու հետ կապված ինչո՞ւ ցուցում չի եղել, այդ կինը հիվանդ է եղել, որ Մադոյանը շտապ մոտն է գնացեի։ Ինչո՞ւ հիվանդանոցի ընդունարանում նման հիվանդի մասին ոչ-ոք չի լսել»,- հարցնում է Հովհաննիսյանի շահերը ներկայացուցիչ Աննա Դավթյանը։

Ծննդկանի հարազատներն առաջարկել են կեսարյան հատում անել, քանի որ երեխայի քաշը 5 կիլոգրամ է եղել, սակայն հիվանդանոցում ասել են «Կարինեն ցավեր ունի, ինքնուրույն կունենա»,-հուզմունքը հազիվ զպելով պատմեց Սամվելը Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ Կարինեն իր մոր աչքի առաջ աթոռին պառկած թփրտացել է և մահացել, իսկ այդ ամբողջ ընթացքում բժիշկ Մադոյանը կողքը չի եղել. «Երեխու գլուխը երևացել է  ու հետ գնացել։ Քույրը՝ Գրետա  Անանյանն էլ ջահել աղջիկ էր վախեցել է՝ աչքի առաջ մարդ է մահանում, չի կարողացել օգնություն ցույց տալ»,-պատմեց նա, հավելելով, որ մոր՝ Էվելինայի այս ցուցմունքները նախաքննական մարմինը հաշվի չեն առել։

Մահացած ծննդկանի դին դիահերձարան ուղարկել են դեպքից 1 օր անց, թե ինչո՞ւ է մեկ օր պահվել հիվանդանոցում՝ ամուսնուն մնում է միայն ենթադրել:

«Ես չեմ կարող լռել իմ կնոջը և երեխային մահվան հասցրած անձը պետք է պատասխանատվության ենթարկվի։ Պայքարելու եմ մինչև վերջ՝ 5 չէ 10 տարի էլ անցնի՝ Մադոյանը օրենքի առաջ պատասխան է տալու»,-վստահեցրեց Սամվելը։

Դիահերձումը կատարվել է երկու անգամ, ինչպես նշում է Սամվելը՝ առաջին դիահրեձումը կատարվել է առանց ոստիկանության համապատասխան թղթի՝ ոստիկանությունը դեպքի մասին իմացել է միայն երկորդ օրը:

«Երկրորդ անգամ եկան տանից տարան, ես կարծում եմ, որ տարան հետքերը վերացնելու նպատակով»,-իր մտավախությունների մասին հայտնեց նա։

Սամվելը պատմեց, որ  կնոջ ամբուլատոր քարտը տարօրինակ հանգամանքներում հիվանդանոցից անհայտացել է․ այդ քարտի մեջ գրված է եղել նրա վիճակի և ամենանգամյա այցելությունների գրանցումներն ու հետազոտությունների արդյունքերը, որից հստակ պարզ կդառնար՝ արդյո՞ք կեսարյան հատում չանելը ճիշտ որոշում էր։

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ տվյալ բժիշկը այլևս այդ հիվանդանոցում չի աշխատում, ըստ իրավահաջորդի արդեն «Գյումրու արյան բանկ»-ի տնօրենն է․

«Գոնե աշխատանքից հանեին, պաշտոնն են բարձրացրել»,-իր վրդովմունքը ուղղված բժշկին հայտնեց Սամվել Հովհաննիսյանը։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն էլ իր հերթին նշեց, որ բժիշկ Մադոյանն էլ է իր արածի համար զղջացել:

«Նույնիսկ ականատեսներ են եղել, որ Մադոյանն այցելել է կնոջ գերեզմանին և ծաղիկներ դրել, սակայն Շիրակի մարզի դատախազությունը շարունակում է բողոքարկել դատարանի որոշումը»,-ասաց նա։

5 տարվա վաղեմություն ունեցող քրեական գործը արդեն երկրորդ անգամ է վերքաննիչ դատարանը քննում:

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը, կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մոտ մահ, սակայն որևէ մեկին այդպես էլ մեղադրանք չի առաջադրվել։

Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Աննա Դավթյանի՝ 2016 թվականին գործը կարճվել էր, սակայն հետագայում քննիչի և դատախազի որոշումը բեկանվել էր և գործը վերաբացվել։

Շիրակի մարզի դատախազությունը ներկայացրել էր վերաքննիչ բողոք, սակայն վերաքննիչ դատարանը ևս գտել էր, որ անհրաժեշտ է շարունակել նախաքննությունը և որ ոչ բոլոր քննչական գործողություններն են կատարվել՝ ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու համար։

Կարճված վարույթը վերսկսվել է 2016թ. օգոստոսին՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում։ 2016-2018թթ. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Այդ ընթացքում որոշ ուղղումներ արվեցին, սակայն 2018թ. նոյեմբերին քրեական գործի վարույթը կրկին կարճվել է այն հիմքով, որ մեղադրանք չէր կարող առաջադրվել բժշկին քանի, որ վերջինս ամեն ինչ արել է, և եթե նույնիսկ  10 րոպե շուտ բժշկական օգնություն ցուցաբերեր, մեկ է՝ ծննդկանը կմահանար։

Արդեն սույն թվականին  նույն ընթացակարգով այդ որոշումը բողոքարկվել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում և արդյունքում դատարանը գտել է, որ քննչական մարմինները բավարար քննություն չեն կատարել։

Դատարանի սույն որոշման դեմ կրկին Շիրակի մարզի դատախազի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել։

Նիստը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին։

Ազնիվ Սիրադեղյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest