Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը մերժեց 23 տարի անազատության մեջ գտնվող Աշոտ Մանուկյանի պայմանական վաղաժամկետ ազատման դիմումը՝ նոր հանցագործություն կատարելու ռիսկը մեծ է պատճառաբանությամբ: Ցմահ դատապարտյալը ՔԿՀ-ներում գործող բալային համակարգով ուներ 32 միավոր (պարտադիրը՝ 28-ն է), տուժողների ներումը հավաստող փաստաթուղթ, ազատազրկման ընթացքում գերազանց ավարտել է ԲՈՒՀ-ը և գրել «Հանցագործություն, ողբերգություն, տառապանքներ» գիրքը:

Տարբեր պատճառներով մերժվել են նաև այլ ցմահ դատապարտյալներ: Երկու տասնամյակից ավել բանտերում գտնվող մարդիկ անտարբերության են մատնված: Նրանց բանտերից ազատելու քաղաքականություն իշխանությունները չեն վարում: Ցմահների հույսը նվազում կամ ավելանում է Արդարադատության նախարարների փոփոխման հետ միաժամանակ:

Հեղափոխությունից հետո Արդարադատության նախարար նշանակված Արտակ Զեյնալյանը պաշտոնավարման շրջանում հայտարարեց, որ ցմահ դատապարտյալների նկատմամբ անհատական մոտեցում է ցուցաբերվելու, օգտագործվելու են պայմանական վաղաժամկետ ազատման և ներման ինստիտուտները։ Նույնաբովանդակ խոստում օրեր առաջ տվեց այժմյան ԱՆ նախարար Ռուստամ Բադասյանը։ Նա հայտարարեց, որ փորձելու են շտկել ցմահ դատապարտյալների նկատմամբ հայեցողական մոտեցումը․

«Ես հուսով եմ, որ դատական համակարգը կփոխվի և ցմահ դատապարտյալները կունենան պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու ինստիտուտից օգտվելու հնարավորություն»,- իր խոսքում նշել էր նախարարը։

Մինչ նախարարները խոստանում և հույս են տալիս, արդարադատության համակարգը շարունակում է որդեգրած նույն քաղաքականությունը՝ ոչ մի ազատ արձակում ցմահ դատապարտյալի։ Անկախության տարիներից մինչ օրս Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել միայն մեկ ցմահ դատապարտյալ՝ Կարեն Օգանեսյանը։ Ըստ իրավապաշտպանների, նրա ազատ արձակման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ հանցագործությունը կատարվել է ԱՄՆ-ում և այս գործում տուժող կողմ չկա։

«Գնահատման համակարգը պետք է ունենա կողմնորոշիչ ուղղվածություն, այլ որ թե լինի վճռորոշ»

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող 91 ցմահ դատապարտյալներից վերջին 6 ամսվա ընթացքում պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար դիմել է 9 անձ, որոնցից 4-ը մերժվել են, մյուսները գտնվում են քննարկման փուլում։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան նշեցին Քրեակատարողական ծառայությունից։ Նրանց փոխանցմամբ՝ դիմումները դատարան չեն ներկայացվել՝ քրեակատարողական և Պրոբացիոն ծառայության զեկույցների բացասական լինելու հիմքով։

Մեծ դեր է խաղացել նաև գնահատման բալային համակարգը, որի վավերացումը մեծ դժգոհություններ էր առաջացրել դատապարտյալների շրջանում։ Ըստ նրանց՝ գնահատման համակարգն անհաղթահարելի պատ է սահմանում, որի վրայով անցնելը գրեթե անհնար է։

Զեկույցը դրական գնահատելու համար անհրաժեշտ է, որ չափորոշիչների գումարման միջոցով հավաքված միավորների չափը՝ 43 հնարավորից կազմի 28 և ավելի միավոր, այսինքն՝ հնարավոր առավելագույն միավորների 65%-ը:

«Այդ գնահատման սանդղակի միտումը այնպես է դրված, որ ամեն ինչ կախված է աշխատանքից և իրենց խրախուսելուց: Դատապարտյալների 60-70 %-ը բռնում ա 24-26 բալ, այսինքն իրանց պակասում է մի հատ խրախուսանք կամ աշխատանք, իսկ աշխատանքով իրենք բոլորին չեն կարող ապահովել, որովհետև  հիմնարկում էդքան աշխատատեղ չկա. ահագին մարդ դիմել ա՝ չեն կարում ապահովեն: Խրախուսանքն էլ դառել ա մի հատ արիության մեդալին համարժեք  բան»,- Forrights-ի հետ զրույցում դժգոհեցին դատապարտյալները, նշելով՝ ոչ աշխատանք են տալիս, ոչ էլ կրթական միջոցառումներ են կազմակերպում՝ բա դատապարտյալը ո՞նց խրախուսվի:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը, անդրադառնալով պայմանական վաղաժամկետ ազատ արձակման գնահատման համակարգին, շեշտեց՝ համակարգը պետք է ունենա կողմնորոշիչ ուղղվածություն, այլ որ թե լինի վճռորոշ։ Ըստ նրա, բալային համակարգը կարող է կիրառվել, բայց դրան լրացուցիչ ՝պետք է անհատական գնահատում լինի․

«Բալային կամ էլեկտրոնային գործիքները լավն են, քանի որ որոշակի օբյեկտիվություն են մտցնում գնահատականների մեջ, միևնույն ժամանակ՝ պետք է լինի անհատական աշխատանք, որով կկարողանան գնահատել անձի պրոգրեսը, վարքային դինամիկան։ Երբ անձը մտնում է քրեակատարողական հիմնարկ, պետք է սկսվի անհատական վերասոցիալականացման ծրագիր, այլ ոչ թե խմբային գնահատում տրվի բոլորին»,- Forrights-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպանը։

Արտակ Կիրակոսյանի կարծիքով՝ նորմալ է, որ բալային համակարգում կան ստուգիչ հարցերը, սակայն այլ բան է՝ միայն դրա՞նց են ուշադրություն դարձնում, թե նաև անհատական աշխատանք տանում դատապարտյալի հետ ու հաշվի առնում նրա վարքային պրոգրեսիան։

«Կազմակերպվում են միջոցառումներ, սակայն չեն խորանում՝ այդ միջոցառումն ի՞նչ ազդեցություն ունեցավ դատապարտյալի վրա, ի՞նչ ստացավ նա դրանից, կբերի՞ վարքային փոփոխության։ Կամ եթե չմասնակցեց, արդյո՞ք դա նրա համար վճռորոշ նշանակություն է ունենալու»,- իր մտահոգությունները հայտնեց Կիրակոսյանը։

«Ցանկացել են լավ բան անել, գործընթացում թափանցիկություն մտցնել, սակայն, կիսատ թողած, օրենքի ուժ են տվել»

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանի խոսքով՝ բալային համակարգն ունի միայն մեկ դրական կողմ՝ դատապարտյալի մոտ կանխատեսելիություն է ապահովում։ Սակայն փաստաբանը պնդում է՝ համակարգը կատարելագործման մեծ տեղ ունի։

Ռոբերտ Ռևազյանն առանձնադրեց գնահատման համակարգի բալային բաշխվածությանը։ Նա անտրամաբանական համարեց, որ երիտասարդ տարիքում հանցագործություն կատարած անձին միավոր չի տրվում, այնինչ հասուն և գիտակից տարիքում հանցանք գործած դատապարտյալը ստանում է 3 միավոր․

«Իմ կարծիքով՝ հակառակ գործընթացը պետք է լիներ։ Անփորձ, դեռևս նոր կյանք մտնող անձը կարող է հանցանքը կատարել չգիտակցված․ այդ տարիքում մարդիկ ավելի տաքարյուն են լինում։ Բացի դրանից, երիտասարդ դատապարտյալին պատժի կրման տարիներին պետք է հաջորդի կրկին հասարակություն վերադառնալու հնարավորությունը»,- Forrights-ի հետ զրույցում նշեց փաստաբան Ռևազյանը։

Գնահատման բալային համակարգում 3 միավոր է տրվում քաղաքացիական հայցը մարված դատապարտյալին, ևս 3 միավոր՝ պատժի կրման ընթացքում 3 ամիս աշխատած անձին։ Ռևազյանի գնահատմամբ՝ սա ուղղակի աբսուրդ է, քանի որ քաղհայցի մարումն իրենից ենթադրում է աշխատել ՔԿՀ-ում, սակայն Հայաստանում կամ բանտեր, որոնք դատապարտյալների համար աշխատանքային հաստիքներ չունեն․

«Այդ դեպքում ինչպե՞ս կարող է դատապարտյալը ստանալ միավորներ, եթե քրեակատարողական ծառայությունը չի ապահովում այդ միավորների ձեռքբերման գործընթացը։ Ցանկացել են լավ բան անել, վաղաժամկետ ազատ արձակման գործընթացում թափանցիկություն մտցնել, սակայն, կիսատ թողած, օրենքի ուժ են տվել»,- հավելեց Ռոբերտ Ռևազյանը։

Forrights-ի այն հարցին, թե հնարավո՞ր է դատական կամ իշխանական համակարգը վախենում է հասարակական արձագանքից, այդ պատճառով է կտրուկ մերժում ցմահ դատապարտյալների բոլոր դիմումները, Ռոբերտ Ռևազյանը դժվարացավ պատասխանել․

«Մեծ հույս ունեմ, որ նման տաբու չունենք մենք։ Հստակ ոչինչ ասել չեմ կարող, բայց հուսամ՝ հասարակությունը նման անմարդկային վերաբերմունք չունի արդեն իսկ պատժված մարդկանց նկատմամբ»։

Նախարարը պնդում է՝ վերջնական որոշում կայացնելու իրավասությամբ օժտված է բացառապես դատարանը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ուղղված գրավոր հարցմանն ի պատասխան, նախարարությունից հայտնեցին, որ գնահատման հստակ ու չափելի չափորոշիչների սահմանումը լուծում է երկու հարց՝ լիարժեք ապահովում է զեկույցի կազմման օբյեկտիվությունը, հիմնավորվածությունն ու միատեսակությունը, իսկ դատապարտյալի համար՝ ստեղծում բավարար կանխատեսելի պայմաններ՝ գնահատելու ու գիտակցելու համար, թե ինչպիսի չափանիշներ են անհրաժեշտ ապահովել դրական զեկույցի արժանանալու նպատակով։

«Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերջնական որոշում կայացնելու իրավասությունը ՀՀ օրենսդրությամբ վերապահված է բացառապես դատարանին, հետևաբար դատարանը չի կարող որևէ կերպ կաշկանդված լինել Քրեակատարողական ծառայության կողմից կազմված զեկույցով և դրանում արված հետևություններով:

Ցմահ դատապարտված անձանց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով գործադիր իշխանությունը որևէ իրավասություն չունի. վերջնական որոշում կայացնելու իրավասությամբ օժտված է բացառապես դատարանը»,- իր խոսքում նշել է նախարարը։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանի համար զարմանալի է, որ ԱՆ նսխարարին դուր է եկել այն բալային համակարգը, որից անխտիր բողոքում են բոլոր դատապարտյալները։

«Նախարարի հետ հանդիպման ժամանակ մենք ներկայացրել ու խոսել ենք այս մասին, հայտնել, որ դատապարտյալները դժգոհում են գնահատման համակարգից։ Ստացվում է, որ նախարարության կողմից որևէ մեկի կարծիքը հաշվի չի առնվել։ Այդ մարդիկ են ապրում բանտերում և բոլորից լավ գիտեն, թե որքանով է իրատեսական այդ բալային համակարգը»,- նշում է իրավապաշտպանը։

Կիսաբաց և բաց ռեժիմները շարունակում են անհասանելի մնալ ցմահ դատապարտյալների համար

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պատիժ կրող 91 ցմահ դատապարտյալներից 67-ն իր պատիժը կրում է փակ ուղղիչ հիմնարկում, 24-ը՝ կիսափակ։ Պատժի կրման կիսաբաց, իսկ առավել ևս, բաց ռեժիմները դեռ շարունակում են անհասանելի մնալ ցմահների համար։

«Ռեժիմի փոփոխության մասին օրենքն ընդունելուց 5 ամիս անց՝ այսօր, որևէ բան չի փոխվել։ Մարդիկ շարունակում են նույն պայմաններում ապրել՝ որևէ դրական տեղաշարժ չզգալով։ Սա քաղաքակիրթ երկրին վայել չէ, 20 տարի և ավելի մարդիկ փակ ռեժիմում են, սա անմարդկային է ուղղակի, բացահայտ անտարբերություն է ցմահ դատապարտյալների նկատմամբ»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Ժաննա Ալեքսանյանը։

Իրավապաշտպանի խոսքով, հեղափոխությունից երկու տարի անց ցմահների կյանքում որևէ փոփոխություն չի եղել։ Շուրջ մեկ տասնյակ ցմահ դատապարտյալներ դիմել են դատարան՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար և մերժվել։ Ըստ Ալեքսանյանի՝ սա խոսում է այն մասին, որ իշխանությունները չեն վարում այնպիսի քաղաքականություն, չեն ձևավորում այնպիսի մթնոլորտ, որի արդյունքում իրավիճակը կփոխվեր․

«Հեղափոխությունից հետո ոգևորություն կար բանտերում։ Իշխանությունը խոստանում էր, որ փոփոխություններ են լինելու, սակայն ոչինչ չարեց: Հեղափոխությունն իշխանություններին մարդկային չի դարձրել»,-ասում է իրավապաշտպաը։

Մայիսի 31-ին, երբ ՀՀ Ազգային ժողովը Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենք ընդունեց, ցմահ դատապարտյալների շրջանում մեծ իրարանցում առաջացավ։ Նրանք օրերն էին հաշվում, թե երբ նախագահը կստորագրի օրենքն ու նրանք կկարողանան պատժի կրման փոփոխման մասին դիմում գրել։

Ըստ օրենքի, ցմահ ազատազրկված անձինք կարող են դիմել պատժի կրման փակ ռեժիմը կիսափակի փոխելու խնդրանքով պատժի կրումից 15 տարի անց՝ առաջվա 20-ի փոխարեն, կիսափակը՝ կիսաբաց 18 տարի անց՝ 25-ի փոխարեն, իսկ կիսաբացը՝ բաց պատժի կրումից 20 տարի անց: Բաց ռեժիմն իրենից ենթադրում է, որ դատապարտյալն առավոտյան 08:00-ից մինչև երեկոյան 20:00-ն իրավունք է ստանում դուրս գալ հիմնարկից, իսկ վերադառնալուց հետո՝ քնել մյուս դատապարտյալներից անջատ՝ դատապարտյալներին պահելու գոտուց դուրս հատկացված կացարաններում:

Միայն վերջին 6 ամսվա ընթացքում, ցմահ դատապարտյալների կողմից՝ ռեժիմի փոփոխման մասին Քրեակատարողական ծառայություն է ստացվել 23 դիմում, որոնցից այս պահին բավարարվել է միայն 9-ը։

 Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest