Վիգեն Սարգսյանը արտաբյուջետային միջոցներից ահռելի ծախսե՞ր է արել

0
183

Իրավապահները փաստեր ունեն, որոնց հիման վրա պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կարող են մեղադրանք առաջադրել։ Քննչական կոմիտեն սեպտեմբերի 25-ին հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ բավարար ապացույցներ ունի Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար։

Քրեական գործը առնչվում էր 2018թ. հունվարին Երևան քաղաքի Գ.Հասրաթյան փողոցի թիվ 25/6 բազմաբնակարան շենքի բնակարանների հատկացումներին, որոնք իրականացվել են խախտումներով։ Քննչական մարմինը տվյալներ ունի, որ հաշվի չի նստել կենտրոնական բնակարանային հանձնաժողովի հետ ու 29 հատկացումների վերաբերյալ ինքն է որոշումներ կայացրել։ Դրանք տրվել են հիմնականում հրամկազմի ներկայացուցիչների, իսկ իրենց հերթին սպասողները դուրս են մղվել։  

Նախկին նախարարը այս պնդումներին մինչ օրս չի անդրադարձել, չի խոսել այն մասին, թե ում ու ինչ պայմաններով է բնակարաններ հատկացրել։ «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում նա ընդամենը գրել է, որ նման տեղեկություններ պաշտոնապես հրապարակելով «կոպտորեն խախտում են առնվազն բարոյականության և բարեվարքության բոլոր կանոնները»։  

Այս պահին Վիգեն Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավված չի։ Այս մասին հայտնեց քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։ Սակայն Forrights.am-ի տեղեկություններով, ուսումնասիրությունների ընթացքում իրավապահները հայտնաբերել  են   արտաբյուջետային միջոցների կոռուպցիոն տնօրինման դեպքեր:

Մասանվորապես, իր պաշտոնավարման ընթացքում Վիգեն Սարգսյանը բազմիցս մեծ գումարներ է դուրս գրել ՊՆ հասարակական կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների միջոցով։ Այդ գումարները ծախսվել են տարբեր միջոցառումների կազմակերպման համար։ Պաշտոնապես այս կառույցը որևէ տվյալ թեմայի շուրջ չի հայտնում։ 

ՔԿ մոտ աղբյուրը, սակայն հայտնում է, որ, օրինակ, 2017 թվականի ապրիլին մարզահամերգային համալիրում  անցկացվեց ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված «Ազգ-բանակ 2017» համաժողովը։ Համաժողովի ու ցուցահանդեսի կազմակերպման համար մարզահամերգային համալիրում ծախսվել են մոտ 40- 50 միլիոն դրամ արտաբյուջետային միջոցներ։ Դրանք դուրս են գրվել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության միջոցով։ Նույնքան գումար ծախսվել է ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառումները կազմակերպելու համար։

Տեղեկատվության և հասարակայնության բաժնի ղեկավար Գևորգ Ալթունյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին հարցրեցինք, թե արդյոք իրեն հայտնի է իրավապահների նման ուսումնասիրությունների մասին և արդյո՞ք լրատվական  ստորաբաժանումների միջոցով փողեր են դուրս գրվել։ 

«Ինձ նման բան հայտնի չէ», — ասաց նա։

Լրատվական կառույցին մոտ աղբյուրը նշեց մեզ հետ զրույցում․ «Լրատվական ստորաբաժանումների միջոցով դժվար նման բան տեղի ունեցած լինի։ Բայց տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը և տեղեկատվություն է տալիս և այդ վարչության միջոցով տարատեսակ տոնական միջոցառումներ են արվում»։

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here