Օհանավան գյուղի գլխավոր ճանապարհին սև ժապավեն է: Վրան գրված է  «Արման 20»: Լևոնյանների ճաշասենյակի սեղանին լուսանկարներ են՝ Արմանը մանկապարտեզում, հանդեսի շորերով, դպրոցում՝ դասարանցիների հետ, էքսկուրսիայի ժամանակ, իր տան բակում: Լուրջ, տխուր, մտածկոտ հայացքով փոքրիկ տղա, որն այլևս չկա:

 Մորը՝ Հռիփսիմեին, շատ է նման: Մայրը նույն աչքերն ունի, դանդաղ ու զուսպ խոսք:  Մտածելով, ամուսնուն հաշիվ տալով է շփվում մեզ հետ: Ամուսինը՝ Արմենը, երկար չի կարողանում խոսել որդու մասին, արցունքները խեղդում են: Թողնում, դուրս է գալիս սենյակից: Տատիկը անկյունում սգում է. «Իմ պահած երեխին, տվի, տարան, դիակը բերին»:

Բառերն այս արտասանում են բոլոր սպանված զինվորների հարազատները, բայց ամեն անգամ ցնցում են այնպես, որ չգիտես, ինչ ասես: Կարեկցանքի խոսքն ամոթով ես արտաբերում: Չէ որ ահա դու ողջ-առողջ կանգնած ես նրանց առաջ, իսկ նրանց հոգին էլ չկա:

«Եթե թուրքը սպաներ. էսքան չէինք տանջվի, թուրքից էլ վատն են», — ատամները կրճտացնելով ասում է Արմանի հայրը: Սպանության գույժը Լևոնյաններին է հաղորդել գյուղապետը: Մարդիկ վիրավորված են. «Զորամասից չեկան, ոչ ոք չցավակցեց»:

Արման Լևոնյանը սպանվել է սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ Մատաղիսի զորամասում: Արման Լևոնյանին մայրը՝ Հռիպսիմե Միքայելյանը Forrights.am-ին հայտնեց, որ մահից երկու օր առաջ խոսել է որդու հետ հեռախոսով:  Նա ոչ գոհ էր, ոչ դժգոհ բանակային ծառայությունից: Երբ հարցնում էր՝  «Ո՞նց ես», պատասխանում էր՝ «Նորմալ եմ»: Ոչ մի ավելորդ բառ բանակի մասին:

Քննչական կոմիտեն դեպքի օրը բավականին ուշ հաղորդագրություն տարածեց. «Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով` սպանության հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ»։

Մատաղիսի զորամասից ստացված տեղեկությունների համաձայն, նախապես քննարկվել է դեպքը որպես ինքնասպանություն որակելու տարբերակը: Բայց այն հանգամանքը, որ կրակոցը արձակված է եղել կրծքավանդակի  շրջանում և ուղղված է եղել վերևից ներքև, բացառել է այդ վարկածը:

Ի՞նչ է կատարվել զորամասում, Լևոնյաններին չեն հայտնել: Արմանի հարազատները  նրա  մարմնի վրա հայտնաբերել է վնասվածքներ: «Գլխին մեծ վերք կար, երեսին, այտի շրջանում: Դատաբժիշկն ասեց, որ մահից երկու օր առաջ է եղել», — ասում  է  Արմանի հորեղբայրը: Նրա համար գաղտնիք չէ, որ Արմանը մահից առաջ բռնության է ենթարկվել: Թե որն եղել հանցագործության դրդապատճառը, ինչ անհամաձայնություն, կամ վեճ է եղել Արմանի և նրա ծառայակիցերի  միջև:

Նրանցից երկուսը կալանավորված են: Մեկը՝ Գառնիկ Մխիթարյանը, Մատաղիսի զորամաս է բերվել գարնանը Մեղրիի զորամասում տեղի ունեցած հայտնի սկանդալային դեպքից հետո, երբ զինծառայողները ինքնակամ լքել էին զորամասը: Հետագայում նրանց որպես պատիժ ուղարկել էին կարգապահական գումարտակներ և առաջնագիծ: Գ. Մ-ն այդ զինծառայողներից մեկն է: Նա առաջին հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ հարվածել է Արման Լևոնյանին, սակայն մի քանի օրից հրաժարվել է նախնական ցուցմունքներից:

Հ.Գ. Մատաղիսի զորամասում տիրող իրավիճակի շուրջ մի քանի աղմկոտ հրապարակումներ ենք արել, ներկայացնելով այնտեղ տիրող հանցածին բարքերը: Զորամասի հրամանատար Արմեն Գյոզալյանը վիրավորվել էր այս առիթով, իսկ պաշտպանության նախարարությունը լրագրողների ցուցադրական այց էր կազմակերպել Մատաղիս, ցույց տալու համար, որ այնտեցղ օրինակելի զորամաս ունենք:

Ոգևորված լրագրողները հարցազրույցներ էին վերցրել հրամանատար Արմեն Գյոզալյանից: Եւ ահա նոր հանցագործություն: ՊՆ աղբյուրը հաղորդում է, որ Լևոնյանի սպանությունցի հետո որոշում է կայացվել Արմեն Գյոզալյանին տեղափոխել այլ զորամաս: Հավանաբար, ՊՆ—ում հասկացել են, որ «ուռա- հայրենասիրական» այցերով Մատաղիսի վարկանիշը չեն փրկի, և ավելի գործուն միջոցներ են անհրաժեշտ:

Սյուզան Սիմոնյան

Լուսանկարը՝ Անի Գևորգյանի

Pin It on Pinterest