Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել Hayeli.am խմբագրությունում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Հայտարարությունը՝ ստորև.

«2019թ․ հոկտեմբերի 5-ին մի խումբ երիտասարդներ գնացել են «Հայելի» մամուլի ակումբ և նույն տարածքում գտնվող Hayeli.am կայքի խմբագրություն, ձվեր են նետել և «դատապարտող» պաստառներ փակցրել լրատվամիջոցի պատի ու փակ մուտքի դռան վրա։

Նրանք հայտարարել են, որ եթե խմբագրությունը բաց լիներ, նույնը կանեին ներսում։ Ըստ երիտասարդների՝ այս քայլի դրդապատճառը Hayeli.am-ում հրապարակված` «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» հոդվածն է (հետագայում հուժկու բառը փոխարինվել է չակերտավորված «ուժգին»-ով)։  

Զերծ մնալով նշված հրապարակման վերնագրի մասնագիտական գնահատականից՝ մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, արձանագրում ենք, որ այն կարծիք է, դատողություն, որի արտահայտման իրավունքը ժողովրդավարական հասարակությունում ունի յուրաքանչյուր ոք՝ անկախ նրանից, դա ոմանց դուր է գալիս, թե ոչ։

Հետևաբար՝ անընդունելի և դատապարտելի են այն քայլերը, որոնք կարող են ճնշել կամ ոտնահարել այդ իրավունքը։   Միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ ԶԼՄ-ների բևեռացումն ըստ քաղաքական-ֆինանսական ճամբարների` հանգեցրել է նրան, որ լրատվամիջոցների զգալի մասը վերածվել է քարոզչամիջոցի՝ սպասարկելով նախևառաջ դրանց սեփականատերերի ու հովանավորների շահերը։ Գործի են դրվել «ուղեղների լվացման» բոլոր մեթոդները, այդ թվում` ֆեյք-լուրերը, միտումնավոր խեղաթյուրված փաստերը, աչառու, մոլորեցնող մեկնաբանությունները և այլն։

Հանրության շրջանում դա առաջացնում է անթաքույց վրդովմունք, ինչը որոշ դեպքերում դրսևորվում է անթույլատրելի գործողություններով։   Հաշվի առնելով վերոգրյալը` պահանջում ենք.  

Իշխանություններից և ընդդիմադիր քաղաքական ուժերից՝ հանդես գալ հայտարարություններով և կոչ անել իրենց աջակիցներին ու համակիրներին՝ զսպվածություն ու հանդուրժողականություն ցուցաբերել այլ կարծիքներ և տեսակետներ արտահայտողների նկատմամբ,  

Իրավապահ մարմիններից՝ քննության առնել Hayeli.am-ի խմբագրության տարածքում տեղի ունեցած միջադեպը և հիմքերի առկայության դեպքում կիրառել պատասխանատվության միջոցներ,  

Տարբեր քաղաքական ճամբարների շահերը սպասարկող ԶԼՄ-ներից՝ վերադառնալ պրոֆեսիոնալ դաշտ. հրաժարվել մանիպուլյացիաներից, զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, հետևել լրագրողական էթիկայի նորմերին, հարգել ու ներկայացնել հասարակության մեջ առկա կարծիքների բազմազանությունը։

  ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

Pin It on Pinterest