«Որոշումն ուշացած էր, նա զոհ է դարձել»․ ՄԻԵԴ-ը «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» գործով որոշում է կայացրել

0
288
ՄԻԵԴ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» գործով որոշում է հրապարակել, որով պարտավորեցնում է Հայաստանին Գուրգեն Նիկոլյանին փոխհատուցել 7800 եվրո գումար։

«Որոշումն ուշացած էր…Նիկոլյանն այս պահին ծանր առողջական վիճակում է գտնվում, երկու կաթված է ստացել, նրա խոսքն ու շարժումները սահմանափակ են, ունի հիշողության խնդիրներ, ինչն իրենից ենթադրում է, որ գործի վերաբացում չի լինի։ Մինչդեռ, եթե դատարանները և հոգեբուժական կառույցները ժամանակին պատշաճ գործեին, եզրակացությունները ճիշտ տային և արդար քննություն իրականացնեին, ապա գործն այդքան չէր բարդանա»,- Forrights-ի հետ զրույցում նշեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը։

80-ամյա Գուրգեն Նիկոլյանը 5 տարի առաջ դատական գործընթացում պատշաճ իրավական պաշտպանության հնարավորություն չստանալով՝ անժամկետ անգործունակ է ճանաչվել՝ զրկվելով իր անձնական կյանքն իր հայեցողությամբ տնօրինելու իրավունքից:

Մոտ մեկ տարի անց` դիմել է իրավասու մարմիններին` իր վերաբերյալ կայացված անգործունակության որոշումը վերանայելու խնդրանքով, սակայն մերժվել է: Մերժումը հիմնավորվել է նրանով, որ ՀՀ օրենսդրությամբ միայն խնամակալն է իրավասու նման հարց բարձրացնել: Ընդ որում, չնայած անգործունակ ճանաչելու վերաբերյալ դատարանի որոշման առկայությանը, քաղաքացին տևական ժամանակ խնամակալ չի ունեցել։

Առաջին ատյանի որոշումը վիճարկվել է Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում, սակայն որևէ արդյունք չի եղել։ Ներպետական մակարդակում արդյունքի չհասնելով՝ բողոք է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ մատնանշվել է Կոնվենցիայով պաշտպանվող 6-րդ՝ արդար դատաքննության իրավունքի, 8-րդ՝ անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի և դրա հետ միասին 13-րդ՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի հոդվածների խախտման հարցը․

«Գուրգեն Նիկոլյանը ճանաչվել էր լրիվ և անժամկետ անգործունակ, ինչը զրկել էր նրան իր անձնական հարաբերություններում որոշումներ կայացնելու և ինքնուրույն հանդես գալու հնարավորությունից: Մինչդեռ որևէ կերպ ապացուցված չէր, որ նրա հոգեկան առողջության վիճակը լրիվ անգործունակություն է պահանջել: Բացի դրանիից, Նիկոլյանը զրկված է եղել նաև մրցակցային դատավարության շրջանակներում իր գործի քննության, ինչպես նաև բժշկական փորձաքննության եզրակացությունը վիճարկելու հնարավորությունից։ ՀՀ-ն  չի ապահովել այնպիսի իրավական մեխանիզմ, որը վերջինիս հնարավորություն կտար արդյունավետորեն վիճարկել անգործունակության վերաբերյալ կայացված որոշումը»,- նշում է Հարությունյանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է Գ.Նիկոլյանի 6.1 հոդվածի՝ գործունակությունը վերականգնելու համար դատարանի հասանելիության իրավունքի խախտում, ինչպես նաև 8-րդ հոդվածի՝ անձնական ու ընտանեկան կյանքի իրավունքի խախտում, մատնանշելով, որ Նիկոլյանն ամբողջությամբ է զրկվել էր գործունակությունից, այլ ոչ թե մասամբ սահմանափակվել․

«Այս պահին անգամ ՄԻԵԴ-ի որոշումը չկարողացա անձամբ իրեն հայտնել, քանի որ խոսել չէր կարողանում։ Այն նյարդային ապրումները, որ ինքն է ունեցել դատական գործընթացի ժամանակ, այսօր արտահայտվում է նրա առողջական վրա։ Նա զոհ է դարձել»,- հայտարարեց Հասմիկ Հարությունյանը։

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here