«Ես հանդիպում եմ ունեցել երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչի հետ, ինձ պաշտոնապես փոխանցվել է  առաջարկությունը` ադրբեջանական որոշ քննարկումների, որոնք ես հիմա բացահայտել չեմ կարող»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարությանն առ այն, որ Բաքուն պատրաստ է փոխանակել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին՝ ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ:

Նախարարի խոսքով՝ Ադրբեջանի կողմից հնչած առաջարկի մասին՝ փոխանակել երկու ռազմագերիներին, ինքը ոչինչ բացահայտել չի կարող։

Նախարարը նշեց, որ որոշ տեղեկատվության ճշգրտման համար հավելյալ աշխատանք է պահանջվում, և երբ ստանան ճշգրտված տեղեկությունը ադրբեջանական կողմից, կարձագանքեն․ «Կան քննարկման որոշ խնդիրներ, որոնք ես հիմա բացահայտել չեմ կարող։ Հավելյալ աշխատանք է պահանջվում՝ որոշ տեղեկատվության ճշգրտելու համար, և երբ այն ստանանք ադրբեջանական կողմից, կարձագանքենք»,-ասաց նա։

«Մենք սկզբունքորեն դեմ չենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իրենց տները վերադարձնելուն և  աջակցելու ենք այդ գործընթացին: Սա մաքուր հումանիտար գործողություն է»,-ասաց նա և նշեց, որ պետք է տարանջատել ՀՀ քաղաքացիներին  Ադրբեջանի քաղաքացիներից, որոնք այժմ գտնվում են Լեռնային Ղարաբաղում:

«Ես փոխանակման տեսանկյունից չեմ դիտարկում և դա առնվազն ճիշտ մոտեցում չէ Պաշտպանության նախարարի կողմից, ես աշխատում եմ, որ վերադարձնեմ ՀՀ քաղաքացիներին Հայաստան»,-ասաց նա:

Հարցին, թե բացառո՞ւմ է փոխանակման տարբերակը, Դավիթ Տոնոյանն ասաց. «Չեմ բացառում, բայց դա Լեռնային Ղարաբաղի սուվերեն որոշումն է»:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest