ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը երեկ արդարացվեց։ Երեկ նման որոշում հրապարակեց Վճռաբեկ դատարանը՝ Համլետ Ասատրյանի նախագահությամբ։

Վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի բողոքը, որով նա պահանջել էր բեկանել տարիներ առաջ իր նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը եւ արդարացնել։

Դատարանն այսպիսով բեկանեց նրա վերաբերյալ դատավճիռը, ճանաչեց նրա անմեղությունը եւ արդարացրեց նրան՝ քրեական գործի վարույթը կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով։

Մարտիմեկյան իրադարձություններից 11 տարի անց՝ 2019 թվականի հուլիսի 16-ին, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան՝ խնդրելով բեկանել իր վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով որով ինքը մեղավոր էր ճանաչվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ու դատապարտվել 3 տարվա ազատազրկման ու վերաքննիչ դատարանի որոշումը՝ այն անփոփոխ թողնելու մասին: Ջհանգիրյանը նաև խնդրել էր ճանաչել և հռչակել իր անմեղությունը և կայացնել արդարացման դատական ակտ:

Այսպիսով Վճռաբեկ դատարանը այդպես էլ արեց․ բեկանեց առաջին ատյանի, ինչպես նաև վերաքննիչ դատարանի որոշում, արդյունքում Գագիկ Ջհանգիրյանն արդարացվեց։ Սա ըստ էության Մարտի 1-ի գործով առաջին արդարացումն էր:

«Ակնհայտ է, որ և Ջահանգիրյանի, և 2008-ի նախագահական ընտրությունների հետ կապված մյուս դատավճիռները պատվիրված էին։ Մարդկանց դատապարտում էին միայն այն պատճառով, որ նախագահական ընտրությունների ընթացքում աշխատում էին նախագահի ընդդիմադիր թեկնածուի թիմում կամ կեղծված ընտրություններից հետո աջակցում էին նրան»,- իր ֆեյսբուքյան էջում Գագիկ Ջհանգիրյանի արդարացման որոշմանն անդրադարձել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Ըստ իրավապաշտպանի՝ պատահական չէր, որ և տեղական, և միջազգային իրավապաշտպան կառույցներն այս մարդկանց որպես քաղբանտարկյալներ ճանաչեցին։

«Երեկ, փաստորեն, իրականություն դարձավ այն, ինչը 1-1,5 տարի առաջ պատկերացնել անգամ հնարավոր չէր։ Սպասենք մյուս արդարացումներին»,-նշում է նա։
Իրավապաշտպանի կարծիքով՝ արդարադատության բուն էությանը դեմ կայացված, դատապարտված անձի հիմնարար իրավունքների աղաղակող խախտումներով կայացված դատավճիռները, անկախ ժամկետներից, պետք է բողոքարկվեն ու վերացվեն։

Հիշեցնենք, ըստ դատավճռի՝ Ջհանգիրյանը 2008թ.-ին ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության վարչական շենք մտնելու պահին չենթարկվելով ոստիկանության աշխատակիցներին, ձեռքով հարվածել էր վարչության աշխատակցին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, նաև պատռել մեկ այլ աշխատակցի համազգեստը: Սա այս գործով երկրորդ վճռաբեկ բողոքն է, որը ներկայացվել էր Ջհանգիրյանի կողմից։ Առաջին անգամ այն վերին դատական ատյան բողոքարկվել էր նույն 2009 թվականին, սակայն այն ժամանակ Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չէր ընդունել ու վերադարձրել էր։ Գագիկ Ջհանգիրյանը ազատ էր արձակվել համաներման հիմքով։

Pin It on Pinterest