ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում՝ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: ՎլադիմիրԳասպարյանին մեղադրանք է առաջադրվել:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝Վլադիմիր Սերգեյի Գասպարյանը, հանդիսանալով պետ  (հրամանատար) և պաշտոնատար անձ՝ 1997թ. հունիսից  2010 թվականի հոկտեմբերը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության /03.02.2007թ.-ից` ռազմական ոստիկանություն/ վարչության պետի, այնուհետև՝մինչև 2011թ. նոյեմբերը՝ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ լինելով, որՀՀ ՊՆ զորամասի 3 զինծառայողներ, համապատասխանաբար,  2001, 2004, և 2009թթ.-ից, նշված զորամասում հրամանագրված լինելով որպես ռազմական ոստիկան, նշանակման օրվանից չեն ներկայանում զինծառայության, այլ դրա փոխարեն կատարում են այլ աշխատանք , այն է՝ նրանցից մեկը աշխատել է որպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր՝Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ երկուսը՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, նշված անձանց բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝թույլ է տվել վերը նշված ծառայողներին կատարել իրենց կարգավիճակից  չբխող աշխատանքներ:

Ավելին՝Վ. Գասպարյանը ցուցում է տվել ենթակա զինծառայողին՝ համապատասխան իրավական ընթացք չտալ այդ հանգամանքներին: Բացի այդ՝Վլադիմիր Գասպարյանը, 2010 թվականի դեկտեմբերի 3-ին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը, 5 տարի ժամկետով երկարաձգել է նշված ծառայողներից մեկի զինծառայության ժամկետը:

Արդյունքում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում իր պաշտոնավարման ժամանակահատվածում նշված զինծառայողները, չկատարելով իրենց բուն գործառույթները և չհաճախելով զորամաս,  չեն ազատվել զբաղեցրած պաշտոններից, ինչի հետևանքով նրանց ՀՀ պետական բյուջեից անհիմն վճարվել է ընդհանուր 21.691.481 ՀՀ դրամ՝պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝Վ. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հաշվի առնելով, որ Վլադիմիր Գասպարյանին մեղսագրվում է նաև  ՀՀ ՊՆ փոխնախարարի կարգավիճակում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կատարված հանցավոր արարքի կատարում, քրեական գործը նախատեսվում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նախաքննության իրականացումը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարելու հարցը քննարկելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է առաջադրված մեղադրանքին․

« Վ.Գասպարյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է քննության այս փուլում ցուցմունքներ տալուց: Վ.Գասպարյանը առաջադրված մեղադրանքին լուրջ չի վերաբերվում, քանի որ այն զավեշտի աստիճանի ակնհայտ անհիմն է և, բացի այդ սա արդեն 5-րդ թե 6-րդ քրեական գործն է, որը կապվում է իր անվան հետ իր պաշտոնից ազատվելուց հետո»,-գրել է նա։

Pin It on Pinterest