Ամեն ինչ կարվի, որպեսզի զինվորների ճաշացանկում միայն թարմ ու համեղ ուտելիք լինի։ Բանակի սննդակարգում փոփոխություններ են սպասվում: Այս խոստումները արդեն մի քանի ամիս է, լսվում են կառավարական ատյաններում: Վարչապետ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Տոնոյանն էլ տեսախցիկների առաջ ցուցադրական ճաշեր են կազմակերպում, զինվորների հետ նույն սեղանների շուրջ:

Սակայն զինծառայողները, որոնք նոր են զորացրվել բանակից, նրանց ծնողները, որոնց հետ Forrights.am-ը հաճախ շփվում է, հակառակն են փաստում՝ որ սննդի որակը չի փոխվել, կամ  էլ փոխվել է, բայց մի քանի առանձին վերցված զորամասերում, և ընդհանուր առմամբ ժամկետային զինծառայողներին մատուցվող սնունդը դեռ հեռու է կատարելությունից:

Ֆինանսների նախարարության գնումների պաշտոնական կայքէջում հրապարակած տվյալները փաստում են, որ 2019 թվականին սննդի մատակարարումների գծով պայմանագրերը թերի են կատարվել, և պաշտպանության նախարարությունը միակողմանիորեն պայմանագրեր է խզել մրցույթներում հաղթած գործարարների հետ:

Սեպտեմբերին ֆինանսների նախարարությունը հայտնաբերել է, որ բանակի մատակարարներից մի քանիսը թերի են կատարել իրենց պարտավորությունները:  ՀՀ պաշտպանության նախարարությունը միակողմանիորեն բանակի մատակարարների հետ 4 պայմանագիր է լուծել:

Պատճառը՝ ընկերությունների  մատուցած անորակ ծառայություններն են:

Այսպես, ապրիլին ՊՆ-ն մասնակիորեն վերացրեց պայմանավորվածությունները Երևանում գրանցված «Էրիզ» ՍՊԸ-ի հետ, որը ամառային ամիսներին  պետք է մոտ 108  հազար կիլոգրամ վաղահաս կարտոֆիլ ու մոտ 11 հազար կիլոգրամ գազար մատակարարեր, սակայն չի կարողացել ապահովել պահանջված քանակը և մատակարարել է համապատասխանաբար 61 հազար ու 7300 կգ բանջարեղեն:

Որպես տուգանք այս ընկերությունը պետք է վճարի մոտ 3,5 մլն դրամ՝ պայմանագրի ընդհանուր գումարի 10 տոկոսը:

Գեղարքունիքի մարզից անհատ ձեռներեց Արայիկ Աբրահամյանը պարտավորվել էր հուլիսին մոտ 10 հազար կիլոգրամ բազուկ մատակարարեր բանակին, բայց ապահովել է ընդամենը 6  հազար կիլոգրամ: Որպես տույժ չկատարված պայմանագրի համար նա պետք է մոտ 250 հազար դրամ վճարի ֆինանսների նախարարությանը:

Իր պարտավորույթյունները չի կատարել «Սիսիանի հաց» ՍՊԸ-ն, որը պետք է սխտոր մատակարարեր:

Հետաքրքիր է, բայց մինչ օրս ՊՆ-ն նաև ֆիզիկական անձանց հետ է պայմանագրեր կնքում: Նրանց թվում է եղել Սիսիանի բնակիչ Իշխան Միրզոյանը: Նա նախարարության գործընկերն էր 2018 թվականի դեկտեմբերից:

Ըստ ՊՆ-ի հետ կնքած պայմանագրի, քաղաքացին պետք է հունիս-հուլիս ամիսներին մոտ 45 տոննա մաքրած կաղամբ ապահովեր, բայց կարողացել է տալ այս քանակության մոտ կեսը, ինչի համար ֆինանսների նախարարության կողմից տուգանվելու է մոտ 650 հազար դրամի չափով: 

Այնուամենայնիվ, բերված տվյալները համեմատելով նախկին տարիների ցուցանիշերի հետ, համոզվում ենք, որ ՊՆ-ն նախկինում հազվադեպ էր հրաժարվում իր գործընկեր-կազմակերպություններից: Սա նշանակում է, որ նոր իշխանության օրոք էապես խստացվել է վերահսկողությունը բանակի մատակարարների նկատմամբ:

Ընդհանուր առմամբ, 2019 թվականին պաշտպանության նախարարությունը տարբեր ապրանքների ու ծառայությունների մատակարարման 28 պայմանագրեր է խզել, ինչը աննախադեպ թիվ է:

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest