«Հենց Վովա Գասպարյանից պահաջեցի որդուս հասանելիք գումարները, որդիս տուժողից մեղադրյալ դարձավ»

3 տարի առաջ կասկածելի հանգամանքներում սպանված 29-ամյա ոստիկան, Երևան քաղաքի Ձերբալակվածների պահման վայրի ավագ օպեր լիազոր, կապիտան Հրաչյա Ֆալանջյանի մահը մոր՝ Մարիետա Անտոնյանի սրտում դեռ թարմ է: Նա չի համակերպվում որդու՝ «հանցագործ» պիտակի հետ, որն ըստ նրա, ուղղակի սարսափելի անարգանք է որդու անբասիր ծառայության հանդեպ:

«Ինքն իրա գործի գիտակն էր: Որոշել էին, որ պետք ա տեղափոխվեր Քրեական վարչություն, սպասում էինք հրամանին, էն էլ մարդկանց նախանձախնդրությունն իրա սև գործն արեց: Տղուս գլխին սարքեցին հերիք չէր, սպանեցին»,- Forrights-ի հետ զրույցում նշում է տիկին Մարիետան:

Մայրը պատմում է, որ 2016 թվականի մայիսի 12-ի գիշերը որդին աշխատանքի է գնացել պետի տեղակալին փոխարինելու: Առավոտյան դուռը թակել են երկու տղամարդիկ, ովքեր տուն մտնելուն պես հարցրել են Հրաչյայի գտնվելու վայրի մասին: Մայրը՝ պատասխանել է, որ որդին աշխատանքի է և մի քանի ժամից նոր կվերադառնա, սակայն տղամարդիկ չեն գնացել, մնացել են տանը և սպասել Ֆալանջյանի գալուն.

Ըստ նախաքննական նյութերի, Հրաչյա Ֆալանջյանը հափշտակություն իրականացնելու նպատակով ավազակային հարձակում է իրականացրել գործարար Լևոն Ավետիսյանի և նրա ընտանիքի վրա, որոնց կողմից վնասազերծվել է և տեղում մահացել՝ ստացած վնասվածքներից: Տիկին Մարիետան մեղադրական այս եզրակացությունը չի ընդունում. նա հայտարարում է՝ որդուն միտումնավոր սպանել են, ապա հանցանքը կոծկելու միտումով, սարքել գլխին,

«Հրաչյաս մեծ չափով նարկոտիկ բերողի «կանալ» էր իմացել: Իրա ծառայության գիշերը  ժամը 2-ին Էդգարը զանգում ա Հրաչյայիս, ասում ա, որ նարկոտիկի առքուվաճառքի գործարքը հեսա տեղի ա ունենալու, շուտ հասի: Հրաչյաս մոխրագույն սպորտային համազգեստով արագ դուրս ա գալիս, չի էլ հասցնում փոխվել: Տղաս հայտնվում է դեպքի վայրում, առգրավվում է նարկոտիկը, նստում՝ մեքենան, որ հետ գնա աշխատանքի վայր ու էդ պահին մեքենայի վրա խլացուցիչ զենքով կրակում են: Հրաչյան մեքենայից իջնում ա, բայց դե Շենգավիթի ոստիկանությունն արդեն դարանակալված, ծուղակը պատրաստած ա լինում»,- իրեն հասած տեղեկություններն է պատմում տիկին Մարիետան:

Մոր կողմից մատնանշած Էդգարը՝ գործով անցնող մեղադրյալ Էդգար Մանուկյանն է, ով բնակվել է Ֆալանջյանի հետ նույն շենքում, և ըստ Մարիետայի, որդու գաղտնի գործակալն է հանդիսացել: Մայրը Մանուկյանի մասին բացասական հնչերանգով խոսեց՝ անհաջող ընտանիք էին, շատ անգամ է զգուշացրել որդուն, որ Էդգարը նրա գլխին փորձանք է բերելու և պետք է հեռու մնալ նրանից, սակայն՝ անօգուտ:

Ըստ նրա, կրակոցից հետո Հրաչյան մեքենայից իջնում է և գլխին ստանում առաջին ուժեղ հարվածը, ինչից հետո ընկնում է: Նրան տեղափոխում են հարակից շենքերից մեկի բնակարանը և շարունակում ծեծկռտուքը: Ստացած բազմաթիվ վնասվածքներից չի կարողանում ոտքի կանգնել. Քրեական բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը, ապացույցները թաքցնելու նպատակով. Հրաչյայի հագից հանում է նրա մոխրագույն հագուստը և հագցնում իր չափսերով բավականին մեծ Շենգավիթի քրեականի պետ Պողոսյան Րաֆֆիի կարմիր սպորտային համազգեստը, ապա երկար լինելու պատճառով կտրում է հագուստի ոտքերի և ձեռքերի հատվածը, թողնում հատակին և զանգահարում Ոստիկանություն, միայն վերջում՝ Շտապ օգնություն:

«Շատ ուշ ա հասնում Շտապ օգնությունը, էդ էլ հերիք չի, ներքևում հավաքված մարդիկ չեն էլ ասում, որ վերևում Հրաչյան վիրավորված ա: Երկրորդ Շտապի բժշկին տեղեկացնում են, որ վերևում դիակ կա, այնինչ տղաս դեռ ողջ էր էդ ժամանակ: Էդքանը հերիք չի, բժիշկը չի էլ բարձրանում վերև, որ մահն արձանագրի: Ի վերջո գալիս է երրորդ Շտապ օգնության մեքենան, սակայն Հրաչյաս արդեն մահացած ա լինում: Եթե առաջին եկած բժիշկն օգնություն ցույց տված լիներ, տղաս էսօր ողջ կլիներ»,- հուզված պատմում էր նախկին ոստիկանի մայրը:

Հրաչյա Ֆալանջյանը սկզբնական օրերին գործով տուժող է ճանաչվել, սակայն օրեր անց նրա կարգավիճակը կտրուկ փոխվել է մեղադրյալի.

«Տուժող էր ճանաչվել տղես, հենց Վովա Գասպարյանից պահաջեցի որդուս հասանելիք գումարները, տուժողից միանգամից մեղադրյալի կարգավիճակ փոխվեց: Էդ էլ արագ կարճվեց՝ որդուս մահվան հիմքով»:

«Հանե՛ք «հանցագործի» պիտակը որդուս վրայից»

Մարիետա Անտոնյանը որդու մահից մինչ օրս տարբեր ատյաններով բարձրաձայնում է, որ որդին մեղավոր չի, նա չի կատարել ավազակային հարձակում, այլ նրա «գլխին սարքել են» Շենգավիթի բաժնի աշխատակիցները, ի դեմս Էդգար Մանուկյանի և Մկրտչյան Վարդանի: Վերջինս, ըստ Մարիետայի, այլևս չի աշխատում համակարգում.

«Գործը կոծկելու համար, ասել են իբր Հրաչյան մայիսի 1-ով գործից ազատված ա եղել: Ասում եմ՝ ո՞նց ա ազատված եղել, եթե ինքն ամսի 12-ին գնացել ա միլպետի տեղակալին փոխարինելու: Հետո տեսան, որ չեն կարողանում ամսի 1-ով ապացուցել, տալիս են՝ ամսի 11-ին ա գործերը կադրերի ռեզերվում եղել: Բայց աղջիկս իրենց ապացուցեց , որ չի կարող 11-ով հրաման լինել, քանի որ 11-ը կիրակի ա եղել: Իրենց սուտն էլ չեն կարողանում ապացուցե: Այսօր մենք հիմքեր ունենք պնդելու, որ հաշվառումից որդուս մայիսի 13-ին են հանել՝ մահվան հիմքովլ»,- ասում է մայրը:

Այսօր Մարիետա Անտոնյանը կրկին կանգ չի առնում: Դատական բոլոր ատյաններով անցնելուց հետո, ի վերջո գործը Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել, սակայն դատական նիստը դեռևս նշանակված չէ: Որդեկորույս մայրը, թեպետ հույսեր չունի, սակայն կրկին դիմում է Գլխավոր դատախազությանը, Վճռաբեկ դատարանին և Ոստիկանությանը, պահանջելով բացահայտել որդու դատաժաբար սպանությունը և պատժել մեղավորներին.

«ՀՔԾ-ն ու Գլխավոր դատախազությունն այպես են կոծկել գործը, որ դժվար էլ բացահայտեն: Եթե բացահայտվեց, շատ մարդիկ պետք է գնան պատասխանատվության, այդ պատճառով չեն ուզում փորփրել: Այսօր ես պահանջում եմ՝ որդուս հասանելիք գումարները հատկացրեք և տվեք հերքում, որ որդիս ավազակային հարձակում չի կատարել: Հանեք էդ պիտակը նրա վրայից: Ասում եք՝ մարդը բարձրագույն արժեք ա, սա՞ ա ձեր բարձրագույն արժեքը»:

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest