ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրն արդեն Նիկոլ Փաշինյանը ստորագրել է։ Այս մասին Վանաձորում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Համապատասխան հրամանագիրը, կարծում եմ, որ մեկ-երկու օրվա ընթացքում կստորագրվի։ Դա տեղի է ունեցել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ մի քանի քննարկումների և փոխհամաձայնության արդյունքում»,-մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը մանրամասնեց, որ Արթուր Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ են մշակել և այս պահին վերջինս կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ն Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված դուրս բերելու՝ «շատ կարևոր և ազգային նշանակության խնդրի լուծման վրա»։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում հերթական մամուլի ասուլիսն էր հրավիրել, որի ժամանակ լրագրողներին ներկայացրեց նոր Հայաստանի մասին 100 փաստ ներկայացնելով, որոնք, ըստ նրա, իշխանության ձեռքբերումն են:

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո ԱԱԾ պաշտոնական կայքում հրապարակվեց Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումը։ Ստորև ներկայացնում ենք․

Սիրելի՛ հայրենակիցներ,

«ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվարժա՛ն զինծառայողներ,

Հայտնում եմ ձեզ, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Նման որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։

Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից:

Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը:

Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։

Պատիվ ունեմ»:


Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest