ԱԱԾ քննիչը մերժել է Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու նրա փաստաբանների միջնորդությունը

0
272
Դավիթ Սանասարյան

Սեպտեմբերի 10-ին, Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի պաշտպանները Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն էին ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։

«Հանցակազմ գոյություն չունի։ Այսինքն, այդպիսի արարք, որը մեղսագրվում է Դավիթ Սանասարյանին, չի կատարվել»,- Forrights-ի հետ զրույցում նշել էր Սանասարյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։ 

Արդեն ԱԱԾ քննիչը մերժել է Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու նրա փաստաբանների միջնորդությունը: Հիշեցնենք, որ Սանասարյանի լիազորությունները դադարեցված են:

Իր ֆեյսբուքյան էջում Սանասարյանը գրել է. «ԱԱԾ քննիչը (իրականում՝ վերադասը) մերժեց իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբաններիս հիմնավոր ու փաստարկված միջնորդությունը։Եվ այն մերժեց անհիմն պատճառաբանություններով, որոնցից մեկը հետևյալն է. իմ չորս վկաների վերաբերյալ ընդգծել են, որ նրանք իմ ենթականերն են եղել, ուստի նրանց վկայություններն արժանահավատ չեն, մինչդեռ Սամվել Ադյանը նույնպես իմ ենթական է եղել, բայց նրա կեղծ ցուցմունքը դիտարկել են արժանահավատ, քանի որ իմ դեմ է։ Մի փոքր հույս ունեմ, որ դատախազությունն ավելի խելամիտ կգտնվի և չի ստանձնի այս կեղծ մեղադրանքն առաջ տանելու պատասխանատվությունը։ Իրավական Հայաստանն այլընտրանք չունի։ Սիրում եմ բոլորիդ Հ.Գ. Սիրելի լրագրողներ, մինչև ասուլիս հարցազրույց չեմ տալու, խնդրում եմ ընդունել ի գիտություն, իսկ ասուլիսի մասին կտեղեկացնեմ»:

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրօրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը: Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Քննիչի կողմից միաժամանակ որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։

Նշենք, որ այսօր լրացել է գործի նյութերին ծանոթանալու 20-օրյա ժամկետը և քննիչը պաշտպանների ներկայացրած միջնորդությունն ուսումնասիրելուց հետո պետք է որոշում կայացնի գործը Դատախազություն ուղարկելու վերաբերյալ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here