Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի պաշտպաններն այսօր Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն կներկայացնեն վարույթն իրականացնող մարմնին։

«Հանցակազմ գոյություն չունի։ Այսինքն, այդպիսի արարք, որը մեղսագրվում է Դավիթ Սանասարյանին, չի կատարվել»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Սանասարյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։ Նա չցանկացավ բարձրաձայնել միջնորդության հիմքերի մասին, պարզաբանելով, որ միջնորդությունը ԱԱԾ դեպարտամենտ ներկայացնելուն դեռ մեկ ժամ կա։

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրօրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը: Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Քննիչի կողմից միաժամանակ որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։

Նշենք, որ այսօր լրացել է գործի նյութերին ծանոթանալու 20-օրյա ժամկետը և քննիչը պաշտպանների ներկայացրած միջնորդությունն ուսումնասիրելուց հետո պետք է որոշում կայացնի գործը Դատախազություն ուղարկելու վերաբերյալ։

Pin It on Pinterest