Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա սեպտեմբերի 3-ին այցեր են իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Հրազդան» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ:

Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված 14 անձի հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները:

Ազատությունից զրկված անձանց խնդիրները հիմնականում վերաբերել են նշանակված դատավճիռների վերանայման հնարավորություններին, քրեական գործերով լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի քննությանը, ցուցաբերվող բժշկական օգնության և պատժից պայմանական վաղաժամկետ ազատմանը:

Այցի ընթացքում ազատությունից զրկված անձինք բարձրացրել են նաև երկարատև տեսակցություններին առնչվող հարցեր: Մասնավորապես՝ ըստ ստացած տեղեկությունների՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տրամադրվում են երկարատև տեսակցություններ 2 օր տևողությամբ, թեև ոլորտը կարգավորող իրավական ակտերը սահմանում են, որ երկարատև տեսակցությունները կարող են տրամադրվել մինչև 3 օր տևողությամբ: Ըստ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի՝ պատճառն այն է, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների արդյունքում ներկայում կալանավորված անձինք նույնպես ունեն մինչև 3 օր տևողությամբ երկարատև տեսակցության իրավունք, կտրուկ ավելացել է երկարատև տեսակցությունից օգտվող անձանց թիվը, ինչը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում գործնականում՝ նկատի ունենալով, որ քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները չունեն բավարար հարմարեցվածություն:

Վարչակազմի այս պատճառաբանությունը թեև հասկանալի է, սակայն երկրի ստանձնած պարտավորությունների տեսանկյունից ընդունելի չէ. պետությունը պետք է ստեղծի այնպիսի պայմաններ, որպեսզի տեխնիկական պատճառներով չսահմանափակվի ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի կարևոր իրավունքը:

Ազատությունից զրկված անձինք բարձրացրել են քրեակատարողական հիմնարկներում բժշկական ցուցում ունեցող անձանց համար հատուկ սննդակարգի բացակայության, ինչպես նաև, դրանով պայմանավորված՝ հում սնունդ ընդունելու հարցերը:

Այս կապակցությամբ Պաշտպանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ քրեակատարողական հիմնարկում հում սննդամթերք, այդ թվում՝ բանջարեղեն ընդունելու ընդհանուր արգելքը խոչընդոտ է ազատությունից զրկված հիվանդ անձանց անհրաժեշտ սննդակարգ ապահովելու առումով: Ուստի, կարևոր է ըստ անհրաժեշտության հատուկ սննդակարգի, այդ թվում՝ հում սնունդ ստանալու հնարավորության ապահովումը, որն էական նշանակություն ունի ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման տեսանկյունից:

Ազատությունից զրկված անձինք բարձրացրել են նաև քրեակատարողական հիմնարկում լոգասենյակների ոչ բարվոք վիճակում գտնվելու հարց: Թեև քրեակատարողական հիմնարկի վարչակազմը քննարկման արդյունքում պատրաստակամություն է հայտնել կարգավորել բարձրացված խնդիրը, ինչը կարևոր է, սակայն Պաշտպանն, այնուամենայնիվ, հարկ է համարում ընդգծել, որ ազատությունից զրկված անձանց լոգանքի պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում անհրաժեշտ է իրականացնել լոգասենյակների և սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ:

Այցերի ընթացքում ձեռք են բերվել նաև մի շարք տեղեկություններ այն մասին, որ  խափանման միջոց կալանքը ծանր հիվանդության հիմքով փոփոխելու համար ազատությունից զրկված մի շարք անձինք դիմել են ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 1636-Ն որոշմամբ սահմանված միջգերատեսչական հանձնաժողովին, սակայն եզրակացության տրամադրումը ձգձգվում է, որի արդյունքում, ինչպես վերջիններս պնդել են, շարունակում են մնալ իրենց հոգեկան առողջության խնդիրների հետ փաստացի անհամատեղելի կալանքի տակ:

Այս կապակցությամբ Պաշտպանն արձանագրում է, որ դեռևս արդիական է մնում վերոնշյալ հանձնաժողովին դիմելու, գործի քննության և նրանց կողմից որոշում կայացնելու ժամկետների սահմանումը, ուստի անհրաժեշտ է hստակեցնել ծանր հիվանդության հիմքով կալանքից ազատվելու հարցերով բժշկական հանձնաժողովների գործունեության կարգը և դրանց փոխհարաբերությունները:

Հատկանշական է, որ վերը նշված խնդիրները, ներառյալ դիետիկ սննդի, լոգարանների բարեկարգման և համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովների գործունեության արդյունավետության հետ կապված հարցերը, քանիցս բարձրացվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից, և կոնկրետ գնահատականներով ու առաջարկություններով ներկայացվել են հաղորդումներում ու զեկույցներում:

Նշված հարցերը գտնվում են Պաշտպանի, այդ թվում՝ կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակով անմիջական ուշադրության կենտրոնում, և դրանց լուծմանն աջակցելու նպատակով Պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:

Pin It on Pinterest