«Արեցին այն, ինչ սպասում էինք։ Սա ավելի կարևոր գործ էր, որը վերցրին ու փչացրին։ Ամբողջ «տուպիկն» այստեղ է, իրենց ուզածով սարքեցին այն, ինչից վախենում էին»,- Forrights-ի հետ զրույցում ասաց փաստաբան Կարապետ Բադալյանը՝ անդրադառնալով քիչ առաջ Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը։

Ըստ փաստաբանի, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ տեղի ունեցող քրեական հետապնդման գործընթացը՝ որպես անձեռնամխելի անձ, ճանաչել են հակասահմանադրական, ինչը նշանակում է, որ Քոչարյանն այն անձն է, ով կարող է հավակնել անձեռնամխելիության պաշտպանությանը․

«Ըստ որոշման, այդ գործընթացը տեղի է ունեցել մի նորմի հիման վրա, որը հակասում է Սահմանադրությանը։ Սա հիմք է, որ այս որոշումը տանեն Վճռաբեկ դատարան՝ որպես նոր հանգամանք և ասեն՝ տեսեք, այս նորմը, որով բերել եք դատարան ու Քոչարյանին ներգրավել որպես մեղադրյալ, հակասահմանադրական է, ուստի դրա հետ կապված բոլոր գործողությունները ևս ապօրինի են, այդ թվում նաև կալանքը»,- նշում է նա։

Կարապետ Բադալյանը համոզմունք հայտնեց, որ Քոչարյանի պաշտպանական թիմն ամեն ինչ անելու է, որ Վճռաբեկ դատարանն արագ քննարկի նրա ազատ արձակման հարցը։ Նա չի բացառում, որ քրեական հետապնդումը կդադարեցվի։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ սահմանադրական դատարանը դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  35-րդ հոդվածի 2–րդ մասի` քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ որոշեց քրեական հետապանդմանը վերաբերող հոդվածը ճանաչեց հակասահմանադրական։

Երկրորդ մասով դատարանը հայտնեց, որ կալանքի հետ կապված որևէ խախտում չկա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ–րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։ 

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ որոշման հրապարակման վերջում հավելեց, որ դատավորներ Ֆելիքս Թոխյանը և Արման Դիլանյանը ունեն հատուկ կարծիքներ, որոնք կհրապարակվեն առաջիկայում։

ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Փաստաթուղթը կհրապարակվի եռօրյա ժամկետում։

Հիշեցնենք որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ։

Վերջին անգամ կալանավորվել է հունիսի 25-ին՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ։ Վերաքննիչի որոշմամբ Քոչարյանի և մյուսների գործը բեկանվել է և ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։  Գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest