Ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների գործերը կդիտարկվեն անցումային արդարադատության լույսի ներքո

0
592

Մեկ տարի շարունակ շրջանառվող «անցումային արդարադատություն» տերմինն օրեր առաջ առաջին անգամ տեղ գտավ պաշտոնական փաստաթղթում։ Արդարադատության նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացրեց «Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախագծում անդրադարձ է կատարվել 2018 թվականի օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ հայաստանյան դատաիրավական համակարգին անհրաժեշտ է անցումային արդարադատություն, իսկ մոտ ապագայում պետք է լուրջ քննարկումներ ունենալ և անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու մասին որոշում ընդունել․

«Մենք ունենք դրանց կարիքը ոչ միայն այն պատճառով, որ շատ կոռումպացված գործիչներ շարունակում են իրենց արատավոր գործունեությունը, այլ նաև այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան շատ թերություններ»,- իր ելույթում նշել էր վարչապետը։

Թերությունների շտկման համար նախատեսվում է ստեղծել 20 հոգուց կազմված հանձնաժողով, որը կզբաղվի 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած խախտումների դեպքերի ուսումնասիրությամբ։ Փաստահավաք հանձնաժողովը ներառելու է խախտումներից տուժած անձանց կողմից ներկայացված տեղեկությունների փաստաթղթավորումը, այդ անձանց համաձայնությամբ նրանց պատմությունները հանրայնացումը, պետական մարմիններից տեղեկություններ պահանջելը, ինչպես նաև դատական և իրավապահ մարմինների գործունեության ուսումնասիրության մեթոդաբանության մշակումը և այդ գործունեությանը գնահատական տալը՝ անդրադառնալով նաև դրանց հիման վրա կոռուպցիոն սխեմաների բացահայտմանը։

Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառմամբ մարդու իրավունքների զանգվածային խախտումների փաստեր կհավաքվեն հետևյալ ոլորտներում՝

ա) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացների,

բ) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումների,

գ) Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումների,

դ) սեփականազրկումների այլ դրսևորումների,

ե) ոչ մարտական պայմաններում զոհված զինվածառայողների։

Իրավապաշտապանները ողջունեցին ուսումնասիրման ոլորտում առանձնացված վերջին կետի ներառումը նախագծում։ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանի խոսքով՝ ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների գործերն անցումային արդարադատության տրամաբանության մեջ տեղավորվել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դեպպինգի շնորհիվ․

«Շատ կարևոր է հասկանալ, թե պրակտիկայում ինչպես է գործելու ծրագիրը,  քանի որ, ցավոք սրտի, Արդարադատության նախարարի փաստաթղթերում հստակ մեխանիզմը  նշված չէ։ Մի կողմից շատ ուրախալի փաստ է, որ այս գործերը դիտարկվելու են անցումային արդարադատության լույսի ներքո, մյուս կողմից՝ պարզ չէ, թե ինչպես է աշխատելու»,- Forrights-ի հետ զրույցում արձանագրում է իրավապաշտպանը։

Ըստ նախագծի, փաստահավաք հանձնաժողովն իր գործունեության ընթացքում հանցագործությունների վերաբերյալ նոր տեղեկությունների ստացման դեպքում դրանք հաղորդելու է իրավապահ մարմիններին՝ քրեական վարույթի վերաբացում իրականացնելու կամ նոր քրեական գործ հարուցելու նպատակով։ Պատասխանատվություն կիրառելու գործընթացը, սակայն, դուրս է փաստահավաք հանձնաժողովի իրավասությունից և գտնվում է բացառապես իրավապահ մարմինների և դատարանների լիազորությունների շրջանակում:

«Եթե տարբեր սեգմենտներ, պետական մարմիններ, Ազգային ժողովի պատգամավորներ գան և քաղհասարակություն հետ մի սեղանի շուրջ նստեն ու միասին քննարկեն, թե յուրաքանչյուրն ինչ ունի ու ինչով կարող է մյուսին օգնել, եթե հանձնաժողովի անդամները կարողանան առանց որևէ խոչընդոտի ծանոթանալ գործերի հետ, ապա արդյունքը միանշանակ ապպահովված է։ Պետք է հստակ լինի բոլոր դերակատարների համար, թե ինչ են անելու, բայց ցավոք սրտի, այս փաստաթղթում ես այդ հստակությունը չեմ տեսնում։»,- նշեց իրավապաշտպանը։

Խաչատրյանը հույս է հայտնում, որ Անցումային արդարադատության ծրագիրը չի արժանանա Քննչական կոմիտեի ստեղծած մոնիթորինգային խմբի կամ տարիներ շարունակ սևազգեստ մայրերին տրված խոստումների ճակատագրին։ Ըստ նրա, ճիշտ մշակված մեխանիզմն ու գործիքակազմն ապագայում որոշակի դրական արդյունքներ ցույց կտան․

«Քննչական կոմիտեի մոնիթորինգային խմբում կարճ ժամանակով գտնվելու ընթացքում հասկացա, որ ամեն ինչ հստակ չէ։ Նրանք չգիտեին, թե ինչ պետք է անի այն տեղեկատվության հետ, որը քաղհասարակությունը տրամադրում է իրենց։ Մենք ներկայացրինք բազմաթիվ փաստեր, հաղորդումներ հանցագործության մասին, բայց գործերը քննելու փոխարեն, մեզ պատասխանեցին՝ Ձեր ուղարկած առաջարկությունները կուղարկենք մոնիթորինգային խմբին, որ նրանք քննարկեն։ Բայց խնդիրն այստեղ քննարկման մեջ չէր, այլ՝ բացահայտման, որը մենք կոնկրետ մատնանշել էինք։ Անցումային արդարադատության հանձնաժողովը, հուսամ, չի բախվի այս խնդիրներին»,- հավելեց Էդգար Խաչատրյանը։

Նախագծով սահմանվում է, որ խախտումների մասին տեղեկությունների հավաքման արդյունքում հնարավոր կլինի դիտարկել տուժողների իրավունքների վերականգնման հարցը այնքանով, որքանով դա հնարավոր է: Որպես իրավունքի վերականգնման միջոցներ կարող են կիրառվել գույքային հատուցումները (միանվագ կամ պարբերական վճարումների ձևով), առողջապահական, կրթական ծառայություններին հասանելի դարձնելու հնարավորությունը, ինչպես նաև ներողության պաշտոնական հրապարակային հայցումը, տուժողի համաձայնությամբ նրա պատմության հրապարակումը և այլն:

Հանձնաժողովը ձևավորվելու է 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում: Փաստահավաք հանձնաժողովը չի ունենալու իրավապահ կամ դատական մարմնին բնորոշ գործառույթներ, այն արտադատական, անկախ մարմին է լինելու։ Գործողության նախնական ժամկետը երկու տարի է նշված՝ հնարավորություն նախատեսելով անհրաժեշտության դեպքում ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով:

Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը ընդգծում է՝ փաստահավաք խումբը փաստերն ու տեղեկություններն է ուսումնասիրելու:

«Դատական կամ իրավական մարմին չէ։ Հանձնաժողովը կազմված է հեղինակություն վայելող անձանցից, պետք է ներառի հասարակության տարբեր շերտերը՝ ներկայացվածությունն ապահովելու համար, և ունի հստակ իր գործառույթների թվարկումը», — նշեց Վարդապետյանը։

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here