Ստեփանակերտի դատարանը զրկել է հիվանդ երեխային հոր տանը բնակվելու իրավունքից

0
1672

Իրինա Ասլանյանը իր երեք տարեկան տղային՝ Սեյրանին, ամենուրեք հետն է տանում: Անգամ աշխատանքի, երբ գյուղացիներին տարբեր վճարովի ծառայություններ է մատուցում՝ նրանց բակն ու այգին է մաքրում, աղբն է թափում: Սեյրանիկը, որը ոսկրային հիվանդություն ունի՝ օստեոմելիտ, հաճախ ժամերով չի իջնում մոր գրկից: Իրինա Ասլանյանը գանգատվում է. «Իմ երեխան ապրում է շինարարական աղբի մեջ» :

Մայր ու որդի ապաստանել են Արմավիրի մարզի Լուսակերտ գյուղում: Տանը միայն սանհանգույցն է նորոգված: «Տան տերը բարի կին է, ես նրա տունը նայում եմ, ինքն էլ թողել ա, որ ապրենք, բայց այստեղ բնակվելու պայմաններ չկան: Շուտով մի ուրիշ ընտանիք էլ է բերելու բարեգործական նպատակով, էլի երեխաներ ու մայր: Ոնց կմնանք մի սենյակում, չգիտեմ», — ասում է Իրինան, վախով, որ կրկին փողոցում կհայտնվի: 

Մինչ Լուսակերտում իջևանելը նա Սեյրանիկին գրկած թափառել է տարբեր բարեգործական հաստատություններով: «Սոս մանկական գյուղեր» կազմակերպությունն է մի քանի ամսով բնակարան վարձել Իրինայի համար: 

Իրինան կրթված կին է, բանասիրական բարձրագույն  կրթույթյուն ունի, ծնվել է Երևանում: Բայց ոչ Արցախում, ոչ Հայաստանում նրա հայերենը պետք չի:

Թափառական կյանքը սկսվել է այն օրվանից, երբ նախկին ամուսինը՝ Արթուր Բեգլարյանը, դուրս է արել Իրինային և նրա հիվանդ որդուն Ստեփանակերտի իր երկու հարկանի տանից, որը գտնվում է Նժդեհի փողոց,71 հասցեում: Իրինան ամուսնալուծվել է, դիմել է դատարան, որդու համար հոր բնակարանում բնակվելու իրավունք հայցելով: «Մայրս մահացած է: Հայրս ապրում է եղբորս ընտանիքի հետ Քասախ գյուղում: Այնտեղ մնալու տեղ չկա», — պատմում է կինը:

Ստեփանակերտի դատավոր Մ . Ավանեսյանը ակնհայտ ապօրինի վճիռ է կայացրել: Նա Սեյրան Բեգլարյանի՝ հոր բնակտարածքում բնակվելու պահանջը մերժել է անհեթեթ պատճառաբանությամբ՝ «հայցը հարուցելու պահին երեխայի հայրը՝ Արթուր Բեգլարյանը Ստեփանակերտ, Գ, Նժդեհ փողոցի 71 տանը չի բնակվել, նա հիմնականում բնակվում է Մոսկվա քաղաքում»:

Հայրական տանը բնակվելու իրավունքից զրկված Սեյրանիկը վնասվածքաբանի մշտական հսկողության կարիք ունի, որը անհնար է ապահովել թափառական կյանքի պայմաններում:

Ինչևէ, Իրինան չի հուսահատվում: Անընդհատ նամակներ է ուղարկում Հայաստանի և Արցախի պետական մարմիններ, մեկ խնդրելով, մեկ պահանջելով, որ իրեն և որդուն ապրելու տեղ տան: «Ես համաձայն եմ գնալ Արցախ, ապրել գյուղում, մենակ թե մի տեղ լինի գլուխ դնելու», — ասում է կինը:

Պետական  մարմիններից նա անհեթեթ պատասխաններ է ստանում: Անցյալ տարի Իրինա Ասլանյանը Հայաստանի տարածքային կառավարման նախարարություն էր դիմել՝ խնդրելով, որ իրեն ընդգրկեն Արցախի վերաբնակեցման ծրագրում: Նրան պատասխանել են՝ ինքը չի կարող բնակտարածք ստանալ այդ ծրագրով, քանի որ բազմազավակ չէ:

Իսկ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի առաջին տեղակալ Ծատուրյանը պատասխանել է կնոջը. «Սահմանափակ բնակֆոնդի պայմաններում վերաբնակեցման պետական ծրագրի շրջանակներում Արցախի հանրապետության քաղաքներում վերաբնակեցվողի կարգավիճակը այդ թվում արտոնությունների ամբողջական փաթեթը տրվում է երկու, կամ ավելի աճող աշխատունակ ընտանիքներին, առաջնահերթությունը՝ բազմանթամից: Առաջարկում ենք դիմել նախընտրելի շրջանի վարչակազմին, հանրակացարանային շենքերի դատարկ սենյակների տրամադրելու համար պետք է դիմել Ստեփաակերտի քաղաքապետարան»: «Իրենք որտեղի՞ց են վերցրել, որ ես աշխատունակ չեմ: 12 պարկ շինարարական աղբ եմ հանել մի սենյակից, էս երեխու հետ, տան տերը մնացել էր զարմացած: Ես աշխատունակ, ես աշխատող եմ, ես դիպլոմ ունեմ, բայց ես հողի հետ էլ եմ գործ անում, ձեռքերս նայեք, նկարեք, — ասում է նա, պարզելով արևից սևացած ափերը, — կարո՞ղ է, հիվանդ եմ, կամ զառամյալ եմ, որ մերժում են»:

Ստեփանակերտի քաղաքապետարան էլ է դիմել Իրինան, բայց քաղաքապետարանի չինովնիկները պարզապես անտեսել են կնոջ նամակը: «Ոչ գրավոր, ոչ բանավոր պատասխան չեմ ստացել: Այնտեղ արհամարհում են ինձ նման մարդկանց», — ասում է կինը: Ոչ Արցախում, որ Հայաստանում նրա և երեք տարեկան Սեյրանիկի համար տեղ չկա:

Իրինա Ասլանյանի իրավիճակը մենք ներկայացրեցինք Արցախի հանրապետության օմբուդսպեն Արտակ Բեգլարյանից: Նա Forrights.am-ին հայտնեց, որ Արցախի սոցիալական ապահովության մարմինները նման իրավիճակում հայտնված անձանց աջակցելու ծրագրեր չունեն:

«Պարզապես կարող են միանգամյա օգնություն ցուցաբերել»: Օմբուդսմենի գրասենյակը այնուամենայնիվ ուսումնասիրեց Իրինա Ասլանյանի հարցը, որից հետո մեզ պատասխանեցին.

«Քանի որ ինքը Հայաստանի հաշվառում ունի ու գտնվում է Հայաստանի Հանրապետոթյունում, մենք ֆորմալ հիմք չունենք դիմելու Արցախի պետական մարմիններին աջակցության համար: Ամեն դեպքում հույս ունեմ, որ բարեգործական խողովակներով հնարավոր կլինի աջակցել նրան»:

Ահա այսպիսի փակ շրջանակում է հայտնվել երիտասարդ կինը երեխայի հետ: Իսկ առջևում աշուն է, անձրևներ: Լուսակերտի տունը տանիք չունի:

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here