«Մենք պետք է ունենանք ոչ ավել, քան երեք քրեակատարողական հիմնարկ․ բանտային բարեփոխում անելիս, նոր հիմնարկ չի կառուցվում»

0
378

«Մեր ռազմավարական ծրագիրն այնքան լավ պետք է աշխատի, որ մի հիմնարկ փակելուց հետո երկրորդի բացման կարիքը չլինի»

«Մենք պետք է ունենանք ոչ ավել, քան երեք քրեակատարողական հիմնարկ։ Ոչ մի իրեն հարգող երկիր, բանտային բարեփոխում անելիս, նոր հիմնարկ չի կառուցում, այլ հակառակը՝ հակացուցում է, որովհետև նոր հիմնարկներն իրենց հետո բերում են նոր մարդկանց լցնելուն»,- այս մասին Forrights-ի հետ զրույցում նշեց «Սոցիալական արդարություն» հասարակաական կազմակերպության նախագահ Արշակ Գասպաչյանը՝ անդրադառնալով ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարական ծրագրին։

Արդարադատության նախարարության կողմից մշակված ծրագրով նախատեսվում է ապամոնտաժել «Գորիս» ՔԿՀ-ն և այն տեղափոխել Խնձորեսկ, իսկ «Հրազդան» ՔԿՀ-ի պահման պայմաններով հաշվի առնելով՝  դատապարտյալներին տեղափոխել «Սևան» քրեակատարողական հիմնարկ։ Իրավապաշտպանների դիտարկմամբ՝ նոր քրեակատարողական հիմնարկն իրենից հսկայական ծախսեր է պահանջում, որի իրականացումն ռազմավարական ծրագրի շրջանակներում անշրջահայաց է․

«Պետք է հասկանանք, որ ավելի նախընտրելի է այդ գումարներն ուղղել Պրոբացիայի ծառայությանը, որպեսզի դատապարտյալը, ազատ արձակվելուց հետո, հնարավորություն ունենա վերադառնալ սոցիում և ունենալ աշխատանք։ Այդ գումարը պետք է ուղղվի աշխատատեղեր ստեղծելու համար, մասնագիտության և կրթության համար, զբաղվածություն ապահովելու համար։ Այսօր մեծ մասը կրկնահանցագործություն է կատարում և վերադառնում քրեակատարողական հիմնարկ, քանի որ չունի զբաղվածություն, չգիտի՝ ինչով զբաղվի։ Մեր ռազմավարական ծրագիրն այնքան լավ պետք է աշխատի, որ մի հիմնարկ փակելուց հետո երկրորդի բացման կարիքը չլինի»,- Forrights-ի հետ զրույցում նշում է «Հայաստանի Հելսինկյան ասոցիացիա»-ի նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը։

Իրավապաշտպանը ռացիոնալ չի համարում այդ քանակի քրեակատարողական հիմնարկները փոքր պետության համար։ Կարապետյանցի դիտարկմամբ, պետք է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ համատարած կալանքներ և ազատազրկում չլինեն, այլ կիրառելի դառնան ալտերնավիվ պատժի տեսակները։

Արշակ Գասպարյանի դիտարկմամբ՝ պետությունն ուզում է փոխել պրոբացիայի պետաիրավական տեսակը, սակայն չգիտի ինչպես․

«Մենք ունենք շատ դետալիզացված փոքր գործողություններ, որոնք ընդհանրապես ռազմավարական ծրագրի մեջ չի տեղավորվում և ունենք գործողություննր, որոնք իրենց նշած ուղենիշների մեջ չեն»,- բարձրաձայնում է Արշակ Գասպարյանը։

«Դատապարտյալը պետք է սովորի, որ իր բնակության վայրը տունն է, ոչ թե հիմնարկը»

Ռազմավարական ծրագիրն այսօր քննարկվեց Պրոբացիոն ծառայության, Արդարադատության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի և իրավապաշտպանների միջև։ Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը նշեց, որ ռազմավարության մշակումը տեղի է ունեցել առաջին անգամ․

«Ռազմավարության հիմնական ուղղություններն օրենսդրական նախաձեռնություններ են, նպատակ կա ունենալ Քրեակատարողական նոր օրենսգիրք, որն, ամենայն հավանականությամբ, կդրվի հանրային քննարկման հաջորդ ամիս։։ Բացի օրենսգրքի փոփոխությունից ուշադրություն է դարձվելու նաև ենթաօրենսդրական ակտերի վրա»,- նշում է նա։

Ըստ փոխնախարարի, ծրագիրն իր առաջ երեք նպատակ է դրել՝ ունենալ միջազգային պահանջներին համահունչ քրեակատարողական և պրոբացիոն համակարգ, ունենալ քրեական ենթամշակույթից և կոռուպցիոն մեխանիզմներից զերծ համակարգ։ Գալյանի պնդմամբ՝ քրեական ենթամշակույթի վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներ են լինելու, և բոլոր դատապարտյալների համար ստեղծվելու են հավասար պահման պայմաններ։

«Միայն օրենսդրական դաշտ բերելն ու պատժողական մոդելը քրեական ենթամշակույթի դեմ պայքարում չի կարող արդյունավետ լինել. անհրաժեշտ է վերասոցիալականացման գործիքակազմ ստեղծել»,- փոխնախարարի խոսքին անդրադարձավ Դիտորդական խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը։

Դատապարտյալներին սոցիում վերադարձելուն արձագանքեց նաև Արշակ Գասպարյանը։ Forrights-ի հետ զրույցում իրավապաշտպանը խնդրի լուծման տարբերակներից մատնանշեց միջազգային փորձերից մեկը․

«Եթե մենք կարողանանաք բանտային օպտիմալացման հաշվին  ունենանք շատ խնայված գումար, թե՛ հաստիքների, թե՛ շենք շինությունների վրա, ապա կկարողանանք այդ գումարներով պահել բանտարկյալին այնպես, ինչպես հարկն է։ Եթե ծնողն իմանա, որ իր տղան բանտային պայմաններում սոցիումից չի կտրվում, այլ սոցիումն է մտնում բանտ, բանտարկյալն էլ հաճախ է կարճաժամկետ մեկնումներով տուն գնում, ապա  նրա համար անհրաժեշտություն չի լինի, որ բանտը լինի տանը կպած։ Դրա համար հաջորդ բարեփոխումն է պետք․ բանտարկյալին հաճախ բերել դեպի  ազատություն, հաճախ փորձել հասարակության մեջ, չվախենալ սխալվելուց։ Դատապարտյալը պետք է սովորի, որ իր բնակության վայրը տունն է, ոչ թե հիմնարկը»,- իր խոսքում նշեց նա։

Քննարկման ընթացքում Forrights-ը բանախոսներից փորձեց ճշտել՝ արդյո՞ք ռազմավարական այդ մեծ նախագծում որևէ կետով անդրադարձ է կատարվել նաև ցմահ դատապարտյալներին։ Փոխնախարարը հիշատակեց ամիսներ առաջ ԱՆ ընդունված օրենքը, որով սահմանվեց պատժի կրման ռեժիմի փոփոխությունը։ Սրբուհի Գալյանը հայտարարեց, որ ավելի կդյուրինացվի նաև պայմանական վաղաժամկետ ազատ արձակման գործընթացը։ Forrights-ի այն նկատառմանը, որ դատապարտյալների համար «սև բիծ» է դառնում 10 և ավել տարի առաջ ստացած, սակայն մարված տույժերը, փոխնախարարը պատասխանեց․

«Մարված տույժերը որևէ ձևով չեն կարող պատճառ հանդիսանալ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։ Իսկ եթե, այնուամենայնիվ պատճառ են հանդիսանում, ապա դա արդեն դատական համակարգի սխալն է»։

Ռազմավարական ծրագրի նախագիծը e-draft-ում կմնա մինչև սեպտեմբարի 11-ը։ Այս պահին ծրագրի ընդունմանը կողմ է քվերակել 20, դեմ՝ 3 անձ։

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here