«Իրեն հարգող մասնագետն ուղղակի չի քննարկի Իվանյանի այսօրվա ասուլիսը, դա խայտառակություն էր։ Խնդիրն իրեն չի վերաբերում, բայց ինքը դրել ու ռիսկերից է խոսում, դա իր գործի շրջանակներում չէ ախր»,- Forrights-ի հետ զրույցում վրդովված նշեց բնապահպան Նազելի Վարդանյանը՝ անդրադառնալով Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի մամուլի ասուլիսին։

Լրագրողների հետ հանդիման ժամանակ Իվանյանը հայտարարել էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն Ամուլսարի հանքավայրի փորձաքննության եզրակացության մեջ նշած 16 մեղման միջոցներից 10–ն իր նախագծային փաստաթղթերում նախատեսել էր, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի․

«Առաջնային պլան է մղվում «Լիդիան Արմենիա» ընկերության փորձագետների կողմից գնահատված «ողջամիտ» միջոցառումների համակարգը, որոնք պետք է կանխեն վտանգները և մեղմեն միջոցները։ Եթե այդ միջոցառումներն իրականացվեն պատշաճ, ապա բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի։ Ազգային և  միջազգային կարգավորումների որևէ խախտում չի արձանագրվել։ Կենսաբազմազանության վրա ազդեցությունը գնահատվել է բավարար, իսկ ինչ վերաբերում է օդի որակի գնահատմանը, ապա փորձագետները չեն հայտնաբերել լուրջ խնդիրներ, որոնք հնարավոր չէ մեղմել։ Այսինքն, օդի որակի մասով ծրագրի ազդեցությունը կառավարելի է, այն բոլոր մտահոգությունները, որ փոշին կհասցնի հարակից բնակավայրերին, այդ թվում՝ Ջերմուկին, հիմնավորված չեն»,- իր խոսքում նշել էր Իվանյանը։

Բնապահպանը հակադարձում է քննչական խմբի ղեկավարի խոսքերին և ներկայացնում է իր ձեռքի տակ եղած փաստերը։ Նա նշում է, որ «Էլարդ»-ի ամբողջ եզրակացության մեջ որևէ տեղ նշված չէ, որ Ամուլսարի հանքն օդի որակի վրա ազդեցություն չի ունենալու․

«Տվյալները  կամ սխալ  կամ թերի են ներկայացրել և դրանց հիման վրա հնարավոր չէ այսօր եզրահանգում անել։ Երբ կարդում ես «Էլարդ»-ի բնապահպանական սոցիալական ազդեցության գնահատականը, այնտեղ հստակ ասում է, որ և՛ փոշի է լինելու, և՛ գարշահոտություն, և աղտոտվածություն։ Իրենք ՇՄԱԳ-ում դա չեն գրել, բայց ԲՍԱԳ-ում՝ նշել են»։

Քննչական մարմնի հրավիրած ասուլիսի ժամանակ լրագրողի այն դիտարկմանը, թե համաձայն «Էլարդ»-ի 2019 թվականի զեկույցի, ստորգետնյա ջրերը չեն լցվի Սպանդարյան–Կեչուտ ջրատար թունել, մինչդեռ  2016 թվականի զեկույցում ասվում է, որ ստորգետնյա ջրերը կարող են ներթափանցել և թունելի վրա հնարավոր էական ազդեցություն ունենալ, Իվանյանն արձագանքեց.

««Էլարդ»-ը միշտ էլ հնարավոր է համարում վատագույն սցենարը. ընդունենք այդ եզրակացությունները, իզոտոպները ճիշտ չեն, ջրերը կգնան կլցվեն ջրատարը, նույնն էլ փորձագետներն են ասում, ընդունենք երկրաշարժ կլինի, այդ ջրերը կգնան՝ կլցվեն Կեչուտի ջրամբար, կգնան կհասնեն Սևան, սակայն դա որոշակի ազդեցություն չի ունենա Սևանի վրա։ Ես կարող եմ վերցնել եզրակացությունը և ամենավատ բաները ծաղկաքաղ անեմ, սակայն պետք է ամենը գնահատել ընդհանուրի համատեքստում»։

Նազելի Վարդանյանը, ով նախորդ տարի վարչապետի հանձնարարականով հանքարդյունաբերության հարցով ստեղծված աշխատանքային խմբի անդամ էր, նշում է, որ դեռ մեկ տարի առաջ է վարչապետին ներկայացրել իրավական եզրակացություն, որտեղ նշել է այն բոլոր նորմերը, որոնք խախտվել են փորձաքննական եզրակացությամբ․

«Մենք դա նախորդ տարվա օգոստոսի վերջին ներկայացրել էինք տեսչության պետին, նա էլ սեպտեմբերի սկզբին ուղարկել էր Կառավարություն: Դեկտեմբերին մի քանի բնապահպաններ հանդիպել էին Նիկոլ Փաշինյանին՝ կրկին Ամուլսարի հարցով: Փաշինյանից հետաքրքրվել էին՝ այս մարդիկ այդքան աշխատել են, ինչո՞ւ ոչ մի քննարկում, ոչ մի եզրահանգում, ոչ մի գնահատական չի տրվել այդ աշխատանքին: Փաշինյանը զարմացած հարցրել էր՝ ի՞նչ եզրակացություն: Այսինքն, սեպտեմբերից մինչեևւ դեկտեմբերի վերջ դա իր ձեռքի տակ չի եղել: Ու չգիտենք էլ դրանից հետո վարչապետը ստացե՞լ է, թե՞ ոչ: Համենայնդեպս մեզ ոչ կանչել են, ոչ նամակ ենք ստացել, որով կասեին, ասենք՝ այսինչ բանը սխալ եք ասում, կամ ճիշտ: Դրանից հետո մենք պետք է գնայինք Քաջարան, հետո Թեղուտ, եւ բոլոր հանքերը: Բայց վերջ, այդպես էլ անավարտ մնաց գործընթացը»։

Նա բոլոր թերհավատներին հիշեցնում է երկու տարի առաջ տեղի ունեցող Ամուլսարում պարբերաբար պայթյունները, որոնց հետևանքով առաջանում էր հզոր փոշու ամպ։

Բնապահպանը, հղում անելով Սևանի ԳԱԱ-ին, նշում է, որ ակադեմիան դեռ երկու տարի առաջ էր գրել, որ հանքի տարածքում ռադոնը երկու անգամից ավել գերազանտում է նորմայի սահմանները․

«200-ի նորմայի պայմաններում 400-ից ավել էր ճառագայթման քանակը և դա մահացու է մարդկանց համար։ Թաքցրել են հենց սա, որոնց հիման վրա եզրակացությունը պետք է բացասական լիներ։ Բայց իրենք անտեսում են այս բոլոր վտանգներն ու 2010  թվականից դրական գնահատական տալիս հանքի շահագործմանը»,- արձանագրում է մեր զրուցակիցը։

Հրավիրված ասուլիսի վերջում, Յուրա Իվանյանը, անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Քննչական կոմիտեի մասնագետների հետ քննարկվել է փորձաքննության արդյունքները և ինչո՞ւ է միայն «Լիդիան»-ը որպես շահագրգիռ կողմ ներգրավվել փորձաքննությանը, պատասխանեց.

«Քրեական դատավարության օրենսգիրքը պարտադիր է  համարում գործով շահագրգիռ կողմին կողմ ներգրավվելը։ Մենք գործ ունենք պետության պոզիտիվ իրավունքի իրացման հետ և պետությունը պետք է ապահովի հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի տվյալ կողմը հնարավորություն ունենա ներկայացնելու իր պարզաբանումները և արդարացումները: Քննչական կոմիտեն քննություն է իրականացնելու, որպեսզի պարզի՝ կա՞ արդյոք քաղաքացիների, պետության, հասարակության շահերի նկատմամբ ոտնձգություն»,– նշեց նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14–ին Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները։

Եզրակացության արդյունքները ցույց են տվել, որ Ամուլսարի ծրագրի տարածքի և Ջերմուկի տերմալ տաք աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն, իսկ Ամուլսարի տարածքի մոտ գտնվող Արփա, Դարբ և Որոտան գետերի վրա ազդեցությունն անորոշ է, քանի որ քանակական առումով այդ ազդեցությունները չափելի չեն։

Եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest