«Գեղեցիկ ոսկե վանդակ՝ խոցելի խմբի համար»․ Արարատի մարզում կկառուցվի հաշմանդամություն ունեցող երեխաների քաղաք

0
1928

Կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի նիստում, որը վարում էր վարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, որոշում կայացվեց Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում  անհատույց տարածք տրամադրել «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպությանը: Այդ տարածքում նախատեսվում է ստեղծել սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող երեխաների համար քաղաք:

«Երեխաների քաղաք» անվանումն ունեցող ծրագիրը նախատեսում է «ապահով օթևան տրամադրել հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով շուրջ 600 երեխայի՝ իրենց ընտանիքների հետ միասին, իսկ միջնորդավորված շահառուներ կարող են լինել մինչև 8000 մարդ՝ Հայաստանի այլ մարզերից և մայրաքաղաքից»:

Առաջին հայացքից ծրագիրը լավ և կարևոր գործընթաց է խոստանում, սակայն դա միայն առաջին հայացքից․․․

Ըստ ծրագրի, մանուկների համար նախատեսված հատուկ «քաղաքների» կառուցումը աշխարհում ընդունված պրակտիկա է, որն առաջին անգամ կիրառվել է Իտալիայում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: 70 տարվա վաղեմություն ունեցող նմանօրինակ ծրագիրը 21-րդ դարում հասնում է Հայաստան և հրամցնում հաշմանդամություն ունեցող և անապահով անձանց, որոնց մենք պարբերաբար հայտարարում ենք, որ չենք առանձնացնում հասարակության մյուս հատվածներից։

Ծրագիրն ակնհայտ հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Երեխայի իրավունքների մասին«ՄԱԿ-ի կոնվենցիաներին, ՀՀ կառավարության 2019 թ. փետրվարի 8-ին հաստատած ծրագրին և ՀՀ կառավարության կողմից այժմ իրականացվող մի շարք այլ ծրագրերին։

«Երեխաների քաղաք» ծրագրի մասին արդեն իսկ բացասական դիրքորոշում է հայտնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Նախարար Զարուհի Բաթոյանը նշել է, որ ծրագրի նախագծին ծանոթացել է ամիսներ առաջ և հեղինակներին հայտնել իր դիրքորոշման մասին․

«Մենք բացասական եզրակացություն ենք տվել «Երեխաների քաղաք» նախագծին, ներկայացրել ենք մեր առաջարկները, որով ծրագիրը հնարավորինս ներառական կլինի։ Այն տեսքով, որով հիմա է ներկայացված, ուղղակի հակասում է ներառականության գաղափարներին»,- Forrights-ի հետ զրույցում նշեց նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

Ծրագրի համար արտահերթ քննարկում տեղի ունեցավ օրեր առաջ, որին մասնակցում էր նաև Մարդու իրավունքների պաշտպաների գրասենյակի ներկայացուցիչները։ ՄԻՊ աշխատակազմից մեզ հստակ տեղեկություններ փոխանցել չկարողացան, նշելով,, որ այս պահին ուսումնասիրություններ են կատարվում։ Պաշտպանի գրասենյակը ձեռնպահ մնաց որևէ դիրքորոշում հայտնել ծրագրի մասին․

«ՄԻՊ-ում ուսումնասիրությունների փուլ է, մենք մասնակցում ենք լսումներին ու քննարկումներին և այս պահին սպասում ենք Կառավարությունից լրացուցիչ փաստաթղթերին։ Դրանք էլ իրենց հերթին կուսումնասիրվեն, ինչից հետո միայն նոր հրապարակային հայտարարություն կանենք»,- Forrights-ին փոխանցեց ՄԻՊ մամուլի խոսնակ Նունե Հովսեփյանը։;

Ծրագիրը, որը պետք է ընդունվեր լուրջ ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում, մի շարք իրավապաշտպանների և շահագրգիռ անձանց համար անհայտ էր մինչ օրս։ «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը, ով երկար տարիներ զբաղվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ, ծրագրի մասին տեղեկացավ Forrights-ից։ Նա մտահոգություն հայտնեց, որ նման լուրջ նախագծի մասին մամուլից է տեղեկանում, այնինչ այն պետք է լրջորեն ուսումնասիրվեր և քննարկվեր շահագրգիռ անձանց կողմից․

«Նախագիծը դեպի հինը տանող գործընթաց է նախատեսում։ Մենք արդեն 15 տարի է պայքարում ենք, որ ներառական կրթությանն առաջնահերթություն տանք, իսկ այս նախագիծը մի քանի քայլ հետ է տանում մեզ։ Այդ քաղաքում ապրող երեխաների մոտ կտպավորվի, որ իրենք պետք է շփվեն «իրենց նմանների» հետ, իսկ «նորմալ երեխաները»՝ գտնվեն և ապրեն «իրենց նման սովորական մարդկանց» հետ։ Տարիներ անց այդ երեխաները «ջերմոցից» դուրս կգան մեկուսացված և պարփակված։ Եթե այդ քաղաքն անգամ ոսկեջրած լինի, այն միևնույն է չի կարող արդյունավետ ծրագիր համարվել։»,- իր մտավախությունը հայտնեց իրավապաշտպանը։

Արմեն Ալավերդյանը չի բացառում այն տարբերակը, որ ծրագրի մտահաղացումը բարի և լավ գործընթաց սկսելն է, սակայն շեշտում է՝ պետք է ուշադրություն դարձնել յուրաքանչյուր դետալի։

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե»-ի նախագահ Ավետիք Իշխանյանը, ով ևս անտեղյակ էր ծրագրին, կասկածներ հայտնեց նախագծի մասին՝ նպատակները լավն են, խորությունը՝  կասկածելի․

«Սա բավական մտահոգիչ է․ արդյո՞ք քաղաքը չի դառնա գեղեցիկ ոսկե վանդակ՝ խոցելի խմբի երեխաների համար։ Անհանգստացնող է, որ եթե ծրագիրը կյանքի կոչվի, կդառնա՝ շրջագայության տուրիստական կենտրոն, ցույց տալու համար, թե ինչպես են Հայաստանում վերաբերվում խոցելի խմբերին։

Ամբողջ աշխարհը գնում է սոցիալապես անապահով խավերի, մասնավորապես երեխաների ներառականացմանը, որ նրանք իրենց միայնակ չզգան, իսկ մենք, փաստորեն, հավաքում ենք մի տեղ ու մեկուսացնում։ Նախագիծը նշանակում է՝ մեկուսացնել՝ լավ պայմաններում»,- Forrights-ին ներկայացրեց Ավետիք Իշխանյանը։

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի օգնական Գևորգ Մանուկյանը դժվարացավ որևէ պաշտոնական մեկնաբանություն տալ ծրագրի մասին։ Նա նշեց, որ այն դեռևս մշակման փուլում է, ուստի շատ բաներ դեռևս «երևի»-ներով են։ Forrights-ը փորձեց հստակեցնել՝ «Երեխաների քաղաք»-ը 600 անապահով և հաշմանդամություն ունեցող անձանց համա՞ր է լինելու թե՞ նաև այլ մարդկանց։ Մանուկյանը հարցին այլ տեսանկյունից անդրադարձավ․

«Քաղաքը բաց է լինելու, դարպասներ կամ պարիսպներ չի  ունենալու, մարդիկ ազատ ելումուտ են անելու քաղաքում, միշտ աժիոտաժ է լինելու։ Բայց, թե ովքեր կարող են մշտական բնակություն ունենալ, ասել չեմ կարող։ Շփման պակաս էլ երևի չեն ունենա քաղաքի բնակիչները»,- իր խոսքում նշեց մարզպետի օգնականը։

«Երեխաների քաղաք» ծրագրի հեղինակ «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպությունից որևէ դիրքորոշում ստանալը մեզնից մի քանի ժամ պահանջեց։ Նախ նշեցին, որ ոչ ոք իրավասու չէ խոսել ծրագրի մասին, հետո տնօրենի հեռախոսահամարը մի կերպ հայթայթեցինք, սակայն նրա հետախոսն անջատված էր։ Ի վերջո մեր զանգերին պատասխանեց կազմակերպության ծրագրերի ղեկավարը՝ Անահիտ Գևորգյանը։

Նա նշեց, որ ծրագիրը մեկուսացնելու միտում չունի, այլ ուղղակի իրենց համար առաջնային թիրախ է ընտրվել և գործում են հենց այդ ուղղությամբ․

«Մեր նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կգան խոցելի խմբում գտնվող մարդիկ և կստանան կրթություն, կունենան արտերկիր մեկնելու հնարավորություն և կընդլայնեն իրենց շրջապատը»,- ծրագրի մասին խոսեց Գևորգյանը։

Նա նշեց, որ ծառայություններից կարող են օգտվել նաև այլ անձիք, սակայն արդեն վճարովի տարբերակով։ Ծրագրի ղեկավարի համար անակնկալ էր մեր այն դիտարկումը, որ նախագծի մասին բացասական դիրքորոշումներ կան ոչ միայն հանրությունից, այլև նախարարությունից․

«Ծրագիրը դեռ մշակման փուլում է։ Երևի դեռ փոփոխություններ կլինեն։ Մենք դեռ քննարկումներ չենք ունեցել, հստակ քայլ չենք նշել»,- բացթողումները թվարկեց Անահիտ Գևորգյանը։

Ըստ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի, «Երեխաների քաղաք»-ի մակերեսը կկազմի շուրջ 1 հա տարածք, ծրագրի արժեքը՝ կհասնի 1 մլն ԱՄՆ դոլլար, իսկ իրականացման համար նշվել է 3 տարի ժամանակահատված։

Չնայած այն հանգամանքին, որ քաղաքի կառուցման աշխատանքների մեկնարկը նշված է աշունը, «Հայկական Կարիտաս»-ը հայտնում է՝ ծրագիրը դեռևս չունի ֆինանսավորում․

«Սա դեռևս գաղափար է, որը չունի ֆինանսավորում, դեռ առաջին քայլն է։ Այս ընթացքում տարվելու է ֆոնդահայթացման գործընթաց»,- նշում է ծրագրի ղեկավարը։

Ի վերջո ծրագիրը գաղափար է, թե արդեն իսկ գործող նախագիծ, «Հայկական Կարիտաս»-ը խոստացավ պատասխանել սեպտեմբերի կեսերին, երբ արձակուրդից կվերադառնա կազմակերպության տնօրեն Գագիկ Տարասյանը և կհրավիրի մամուլի ասուլիս։

Ռոզա Վարդանյան      

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here