Բաց տիպի ուղղիչ աշխատանքային հիմինարկները հիմնականում տեղակայված են հենց քրեակատարողական հիմնարկներում, սակայն Նռնաձորում գտնվող բաց ռեժիմի բնակավայրը միակն է Հայաստանում, որը լիովին բաց է ու տեղակայված է հենց գյուղական համայնքում։ Հայաստանի ամենահարավային գյուղում դատապարտյալները կարող են ազատ տեղաշարժվել, աշխատել ու ապրել գյուղական համայնքում եւ իրենց  հասարակության լիարժեք անդամ զգալ։

Նռնաձոր գյուղը

Նռնաձորը (հնում՝ Նյուվադի) Հայաստանի ամենահարավային գյուղն է, որը գտնվում է Սյունիքի մարզում: 2016 թ.-ին գյուղը դարձավ Մեղրի խոշորացված համայնքի բնակավայրերից մեկը։ Նռնաձորը սահմանակից է Իրանին, որից բաժանվում է Արաքս գետով։ Գյուղում 140 մարդ է բնակվում։ Նռնաձորը հայտնի է իր նռան այգիներով, ինչը գյուղի բնակչության հիմնական զբաղմունքն ու եկամտի աղբյուրն է։

Ղարաբաղյան պատերազմի տարիներին պայքար է մղվել նաեւ Նռնաձորի համար։ Նռնաձորը դատապարտյալների համար նախատեսված բաց ռեժիմի ուղղիչ աշխատանքային հիմնարկ է դարձել, երբ hայկական բանակը վերջնականապես ազատագրել է գյուղը եւ այն անցել է Հայաստանին։

Ի՞նչ է նշանակում բաց ռեժիմ

ՀՀ ուղղիչ աշխատանքային օրենսգիրքը, որը վերջին անգամ լրացվել է 1985 թվականին, սահմանում է, որ բաց ուղղիչ աշխատանքային հիմնարկները բաժանվում են անզգուշությամբ հանցագործություններ կատարած անձանց գաղութ-բնկավայրերի, դիտավորությամբ հանցագործություններ կատարած անձանց գաղութ-բնկավայրերի և հաստատապես ուղղման ճանապարհը բռնած անձանց գաղութ- բնակավայրերի։ Ուղղիչ աշխատանքային գաղութ-բնակավայրերում (բաց ռեժիմում) պահվում են անզգուշությամբ հանցագործություն կատարած անձինք, ովքեր առաջին անգամ են դատապարտվել ազատազրկման։

Բաց ռեժիմում գտնվող դատապարտյալները կարող են ազատ, առանց հսկողության շրջել բաց ռեժիմի գաղութ-բնակավայրում և դրանից դուրս, ունենալ ֆինանսական միջոցներ և առանց սահմանափակման օգտվել դրանցից։ Դատապարտյալները տեղամասի պետի թույլտվությամբ կարող են տեսակցել ընտանիքի անդամների հետ, ինչպես նաև, եթե կան բավարար պայմաններ, կարող են բնակվել իրենց ընտանիքի անդամների հետ գաղութ-բնակավայրի սահմաններում։ Բաց ռեժիմում պահվող դատապարտյալներին նաև հնարավորություն է տրվում աշխատել  գաղութ-բնակավայրում, և այդ աշխատանքը ներառվում է ընդհանուր աշխատանքային ստաժի մեջ։

Նռնաձորի բաց ռեժիմը

Դատապարտյալների համար նախատեսված բաց ռեժիմի տեղամասը գտնվում է Նռնաձոր գյուղի հարևանությամբ և ներառված է «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կազմում, չնայած, որ բավականին հեռու է գտնվում այնտեղից։ Տեղամասը նռան այգիների կողքին է, որոնք պատկանում են արդարադատության նախարարությանը։

Հարցին, թե ի՞նչու են դատապարտյալներին բերում այսքան հեռու՝ քրեակատարողական ծառայությունից նշում են, որ դատապարտյալները իրենք են դիմում Նռնաձոր տեղափոխվելու համար, եթե, իհարկե, արդեն հնարավորություն ունեն բաց ռեժիմի ուղղիչ-աշխատանքային հիմնարկում պատիժը կրելու։

Բաց ռեժիմի տեղամասի պետ Դավիթ Անանյանը նախկին ազատամարտիկ է և Ղարաբաղյան պատերազմի ժամանակ (1988-1994 թթ.) մասնակցել է Նռնաձորի ազատագրմանը: Նա ասում  է, որ գյուղում բաց ռեժիմի տեղամասը, այնուհետև կացարանը, հիմնվել են պատերազմից անմիջապես հետո։

«Բաց ռեժիմ տեղափոխվող դատապարտյալները, որպես կանոն, երկար չեն մնում այդտեղ և դիմում են վաղաժամկետ պայմանական ազատ արձակման համար: Եթե նրանց արդեն իսկ տեղափոխել են բաց ռեժիմ, նշանակում է, որ այդ անձինք ցույց են տվել օրինակելի վարք և համապատասխանում են վաղաժամկետ պայմանական ազատ արձակման պահանջներին։ Այդպես, վերջերս 2 դատապարտյալ լքեց Նռնաձորը, իսկ օրեր առաջ, տարբեր քրեակատարողական հիմնարկներից այստեղ տեղափոխվեց 5 դատապարտյալ»։ 

Դատապարտյալները ներկայումս բնակվում են և՛ տեղամասային շինությունում, որը գտնվում է նռան այգիների հարևանությամբ, և՛գյուղում գտնվող տանը։

«Գյուղի տունը նախատեսվում է տեսակցության վայր դարձնել դատապարտված անձանց ու նրանց ընտանիքների համար, որպեսզի երկարատև տեսակցություններ կարողանանք կազմակերպել, չնայած նրան, որ օրենքը բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալներին թույլ է տալիս տեղամասից դուրս հանդիպել հարազատներին։ Իսկ տեղամասը ցանկանում ենք մշտական բնակության վայր դարձնել։ Ներկայումս պլանավորվում են շինաշխատանքներ, որոնք, հուսանք, մոտ ժամանակներում կմեկնարկեն»,- ասում է տեղամասի պետ Դավիթ Անանյանը։

Շինաշխատանքներ են նախատեսվում նաև տեղամասային շենքում, այնտեղ պայմանները ևս բարելավման կարիք ունեն, քանի որ, հետագայում, նախատեսվում է այստեղ բերել նաև կին դատապարտյալների։

Դատապարտյալները Նռնաձորի բաց ռեժիմում հիմնականում ներգրավված են այգեգործական աշխատանքներում, ինչի համար վարձատրվում են՝զուգահեռաբար աշխատանքի համար ստանալով նաև միավորներ, որոնք հետագայում դատարանի կայացրած որոշման համար կարևոր են դառնում։

Չնայած համայնքի բնակիչների ոչ միանշանակ արձագանքին` դատապարտյալ անձանց Նռնաձոր տեղափոխումը սահմանված է օրենքով:

Քրեակատարողական ծառայությունը դիտավորությամբ հանցանք կատարած անձանց Նռնաձոր տեղափոխումը  պարզաբանում է հետևյալ կերպ`

 դիտավորությամբ հանցանք կատարած Ցանկացած անձ, որը տեղափոխվում է բաց տիպի ուղղիչ հիմնարկում հետագա պատիժը կրելու, իր իրավունքների սահմաններում կարող է տեղափոխվել նաև Նռնաձոր:

Նռնաձորի բնակիչները և դատապարտյալները

Նռնաձորի բնակիչների համար դատապարտյալների ներկայությունը գյուղում արդեն սովորական է դարձել։ Երբ նորերն են գալիս, գյուղացիները գնում են ողջունելու, հետո նաև մտերմանում են նրանց հետ։

«Մինչեւ հիմա, ովքեր եկել են՝ լավ մարդիկ են եղել։ Բոլորի հետ շփվել ենք, որպես հյուր ընդունել ու ժամանակ անցկացրել նրանց հետ։ Անձամբ ես վերջերս այստեղից տեղափոխված 2 դատապարտյալների հետ էլ շատ լավ հարաբերությունների մեջ էի, բարի մարդիկ էին, գալիս էին մեր տուն, մի քանի անգամ գումարի դիմաց նրանց աշխատանք եմ տվել, եղել է, որ ուղղակի ցանկացել են օգնել ինձ ու աշխատել ինձ հետ այգում»,- պատմում է Արմանը: Նա Նռնաձորի սակավաթիվ երիտասարդ բնակիչներից մեկն է։

Սակայն, վերջերս գյուղացիների մոտ անհանգստություն կա. մինչ այժմ Նռնաձոր էին տեղափոխվում միայն անզգուշությամբ հանցագործություն կատարած դատապարտյալները, իսկ հիմա տեղափոխվում են նաև դիտավորությամբ հանցանք կատարածները և մի քանի անգամ դատվածություն ունեցածները։ Այս ամենը գյուղացիներին դուր չի գալիս։

«Եթե շարունակեն նման դատապարտյալների այստեղ բերել՝ մենք կբողոքենք, քանի որ, դիտավորությամբ հանցանք կատարած ու մի քանի անգամ դատված անձանց ներկայությունը գյուղում արդեն անհանգստացնող է: Մենք հասկանում ենք, որ մարդն ուղղվելու հնարավորություն պետք է ունենա, բայց շատերս ընտանիք, թոռներ ու երեխաներ ունենք»,- ասում են  գյուղացիները։

Նռնաձոր համայնքի ղեկավար Ալեքսան Բոյաջյանը ևս համակարծիք է գյուղացիների հետ «Համայնքում ոչ մեկի համար ցանկալի չէ, որպեսզի մի քանի անգամ դատվածին բերեն այստեղ ապրելու, գյուղացիներն անհանգստանում են իրենց անվտանգության համար։ Չնայած մինչ այս էլ նման դատապարտյալներ բերվել են, ու մենք շատ լավ ենք ընդունել, օգնել ենք որպեսզի մերվեն համայնքի ու բնակիչների հետ, ոչ մի խնդիր չի եղել, բայց միևնույնն է, չէինք ցանկանա, որ դիտավորությամբ հանցանք կատարած անձանց բերեն»։

Չնայած գյուղացիների անհանգստությանը՝ Նռնաձորում դատապարտյալների կողմից որևէ արտակարգ դեպք տեղի չի ունեցել ուղղիչ հիմնարկի գոյության օրվանից: Ընդհակառակը, տեղամասի պետի պնդմամբ, դատապարտյալները, կապվում են Նռնաձորի հետ ու շատերն ազատության մեջ գտնվելուց հետո հաստատվում են այստեղ ու նուռ մշակում։

«Հենց գյուղն անցավ Հայաստանի հսկողության տակ, այդ ժամանակից էլ  սկսեցին բերել դատապարտյալներին։ Ժամանակին այստեղ 50-60 դատապարտյալներ էին բնակվում, ոմանց գյուղը դուր էր գալիս եւ, որոշում էին ազատվելուց հետո հաստատվել այստեղ։ Հիմա գյուղում մի քանի բնակիչ կա, որոնք նախկինում դատապարտյալներ են եղել, հետո բնակվել են այստեղ»,- պատմում է Դավիթ Անանյանը։

Դատապարտյալները հիմնականում գոհ են Նռնաձորում առկա պայմաններից, բայց այնուամենայնիվ, կան մարդիկ, ովքեր հետո նախընտրում են տեղափոխվել այլ՝ ՔԿՀ-ում գործող բաց ռեժիմ։ Դրա հիմնական պատճառ այն է, որ երկարատև տեսակցությունների համար Նռնաձորում պայմաններ չկան, ինչպես նաև տեղանքը չափազանց հեռու է գտնվում և  այնտեղ հասնելը մեծ ծախսերի հետ է կապված։

Նյութը պատրաստվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հանրային հայացք փակ աշխարհին» ծրագրի շրջանակներում։

Ռաֆ Ենգիբարյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest