«Աբովյան» քրեակատարողական հիմնարկը դատապարտյալ կանանց և անչափահասների համար նախատեսված միակ հիմնարկն է ՀՀ-ում: Աբովյանը  ի տարբերություն հայաստանյան մյուս ՔԿՀ-ների՝ ավելի բաց է, քանի որ այստեղ միայն կանայք են, ինչը նշանակում է, որ քրեական մշակույթը բացակայում է, հետևաբար միջանձնային հարաբերությունները լարված չեն, իսկ աշխատակիցների համար հեշտ է աշխատելը դատապարտյալների հետ: Մեր այցի ընթացքում շրջել ենք «Աբովյան» ՔԿՀ-ի տարածքով և ծանոթացել դատապարտյալների պահման պայմաններին և առօրյաին:

Այստեղ գտնվող կին դատապարտյալները հասկանալի պատճառներով խուսափում են լուսանկարվելուց, քանի որ ունեն հարազատներ ու երեխաներ, որոնց համար անհանգստանում են, բայց առանց տեսախցիկի շատ մարդամոտ են, շփվող ու բարի: Պատմում են իրենց առօրյայի և կատարած գործերի մասին, սիրում են ներկայացնել իրենց աշխատանքներն ու նվիրել դրանք: Ասում են, որ ցանկանում են շուտ հայտնվել ազատության մեջ և լինել ընտանիքի ու սիրելի մարդկանց կողքին:

Ներկայումս «Աբովյան» ՔԿՀ-ում անչափահաս դատապարտյալներ չկան, նրանց համար նախատեսված շինությունը օգտագործվում է փակ ռեժիմում իրենց պատիժը կրող կին դատապարտյալների համար:

ՔԿՀ-ի նորանշանակ պետ Արմեն Դաշյանի խոսքով այս տարի հաջողվել է վերանորոգել մի քանի խուց, սակայն խցերի զգալի մասը դեռ հին է:

«Հիմնարկը 50 տարվա պատմություն ունի. չենք ժխտում՝ այստեղ վերանորոգելու շատ բան կա, փորձում ենք  ինչքան  հնարավոր է բարելավել պայմանները»:

Անչափահասների համար նախատեսված մասում կա մարզասրահ և գրադարան, որից հիմա ոչ ոք չի օգտվում:

Ընդհանուր առմամաբ տարածքի մեծ մասը կանաչապատ է, նույնիսկ Կարմիր գրքում գրանցված ծառատեսակներ կան: Դատապարտյալները խնամքով են վերաբերվում տարածքին, քանի որ հենց իրենք էլ ապահովում են մաքրությունը:

«Աբովյան»-ում նաև պահվում են օտարազգի կին դատապարտյալներ՝ Իրանից, Գվատեմալայից, Չինաստանից, որոնց մի մասը սպասում է արտահանձման գործընթացին, իսկ մյուսները չեն էլ ցանկանում վերադառնալ իրենց երկրներ և պատիժը այնտեղ կրել, քանի որ ավելի խիստ պատժի կարժանանան և ավելի վատ պայմաններում կպահվեն:

Դատապարտյալ կանանց համար ևս  կա մարզասրահ, մարզադահլիճ և գրադարան: Նրանք կարող են մարզվել և կարդալ  օրվա ցանկացած ժամի: Նրանց համար նաև անցկացվում են յոգայի և ֆիթնեսի դասընթացներ, բայց ՔԿՀ ղեկավարի խոսքով՝ մարզասրահը համարյա դատարկ է, քանզի քչերն են ցանկանում օգտվել դրանից.

«Մենք ասում ենք ափսոս է, գումար են տվել բերել դրել, օգտվեք, բայց օրվա մեծ մասը այնտեղ դատարկ է, չնայած որ ժամային սահմանափակում չկա»:

ՔԿՀ-ում նաև կա  դահլիճ, որը «կլուբ» են անվանում: Այստեղ դատապարտյալները կազմակերպում են իրենց ամանօրյա միջոցառումները, նաև նշում են այլ տոներ կամ ուղղակի համերգներ են կազմակերպում:

Դատապարտյալների զբաղվածությունը ապահովելու համար Աբովյան ՔԿՀ-ում կան արհեստանոցներ, որտեղ դատապարտյալ կանայք ստեղծագործում են. նկարում կավի և ապակու վրա և նույնիսկ վերանորոգում իրենց կոշիկները: Կանայք գործում են հելունով, դազգահների վրա, նաև  վարսավիրություն սովորում:

ՔԿՀ  ղեկավարության խոսքով կին դատապարտյալների զբաղվածությունն առաջնային խնդիրներից է, քանի որ զբաղված լինելով որևէ աշխատանքով դատապարտյալները նախ չեն ձանձրանում և հետո՝ կարողանում են որոշակի գումար աշխատել:

ՔԿՀ-ում նաև կրակայրիչների հավաքում է կատարվում, որը անում են հենց դատապարտյալ կանայք, որի դիմաց և վճարվում են:

Կին դատապարտյալները նաև զբաղվում են հաշվապահական և համակարգչային հմտություններ սովորեցնելով: Դրա համար ևս բարվոք պայմաններ են ստեղծվել՝ նորոգված համակարգչային սենյակ և նոր համակարգիչներ:

«Աբովյան» ՔԿՀ-ում ցերեկային ժամերին որևէ սահմանափակում չկա, դատապարտյալները ազատ են զբոսնել տարածքով և զբաղվել նրանով ինչով կցանկանան:

Նյութը պատրաստվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հանրային հայացք փակ աշխարհին» ծրագրի շրջանակներում։

Ռաֆ Ենգիբարյան

Pin It on Pinterest