19-ամյա ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ Արցախում զորամասը լքելու և ադրբեջանական կողմում հայտնվելու պատճառները դեռ անհայտ են: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: Այս թեմայի շուրջ Factor.amը զրուցել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ:

Տիկի՛ն Ալեքսանյան, ի՞նչ ակնկալիք ունեք այս առիթով Քննչական կոմիտեում ընթացող քննությունից, հատկապես, որ պաշտպանության նախարարը հայտարարեց, թե ներքին  համոզմունք ունի, որ զինծառայողը մոլորվել է, խնդրեց տուրք չտալ ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած լուրերին, իսկ ադրբեջանական կողմը, հակառակը, հայտարարում է, որ հայ զինվորն Ադրբեջան է փախել զորամասում ճնշումների պատճառով:

– Նախ՝ ուզում եմ ծնողներին մեր աջակցությունը հայտնել, և եթե կարիք ունեն որևէ օգնության, անպայման դիմեն մեզ: Իսկ ակնկալիքս այն է, որ Հայաստան պետությունը պետք է բոլոր ջանքերը ներդնի, որպեսզի զինվորին վերադարձնի Հայաստան: Ամեն ինչ պետք է անեն՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և զինվորին հետ վերադարձնելու համար: Այն, ինչ մենք տեսանք, ինչ ցուցադրում է Ադրբեջանը լուսանկարներով, որ նա բռնության է ենթարկված եղել… Չեմ կարող բռնությունների մասին որևէ բան ասել, բայց մենք էլ տեղեկություններ ունենք, որ խնդիրներ է ունեցել հենակետում ինչ-որ սպայի հետ: Նրա եղբայրն էլ երեկ ասաց, որ խնդիր ունեցել է, որ 2 օր առաջ էր հետը խոսել և գիտի, որ խնդիրներ ուներ:

– Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը:

– Նա չբացահայտեց խնդիրները: Ասեմ, որ 2015 թվականին ևս Արցախից մի զինվոր հայտնվեց Ադրբեջանի գերության մեջ, նա նույնպես խնդիրներ ուներ հենակետում: Երևում է՝ փախուստի են դիմում, մոլորվում են կամ չգիտեմ ինչ է լինում… ես վստահ եմ, որ որևէ զինվոր չի անցնի Ադրբեջանի տարածք՝ իմանալով, թե ինչ խոշտանգումներ են սպասվում իրեն այնտեղ: Ես ուղղակի շատ կուզենայի, որ Պաշտպանության նախարարությունը կարողանար վերահսկողություն սահմանել, որպեսզի զինվորները չհայտնվեին այդպիսի վիճակում: Ես չեմ կարծում, որ զինվորը մոլորվել է, կարծում եմ, որ զինվորը ստիպված է հայտնվել այդ տարածքում, և նրա արտաքինից երևում է, որ շատ կոտրված էր: Ավելի հակված եմ այն տեսակետին, որ ունեցած խնդիրների պատճառով կարող էր հայտնվել, որովհետև ժամանակին զբաղվել եմ գերի զինծառայողների խնդիրներով, էլի կային դեպքեր, որ բռնության, ծեծի հետևանքով փախել են դիրքից և հայտնվել ադրբեջանական տարածքում: Շատ ցավում եմ մեր զինվորների համար: Երբ բոլորը խոսում են զինվորի անունից, ես շատ կուզենայի, որ այդ կեղծ հայրենասիրությունը Հայաստանում վերանար և առաջ գար անկեղծ, իրական հայրենասիրությունը, որն է՝ զինվորին իրոք գնահատելը, արժևորելը և նրա համար ամեն ինչ անելը:

– Տիկի՛ն Ալեքսանյան, Ձեր հրապարակմանն ի պատասխան, որտեղ Դուք տեղեկություն էիք հրապարակել, որ զինվորը, հնարավոր է, սպայի հետ խնդիրներ է ունեցել, ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ իրենք նման տեղեկություն չունեն, մեղադրանքներ էր հնչեցրել Ձեր հասցեին և այլն: Որքանո՞վ են հիմնավորված Ձեր տեղեկությունները:

– Մենք ստացել ենք ձայնային հաղորդագրություն, ես չեմ կարող աղբյուրը հրապարակել: Այդ հաղորդագրության մեջ զինվորը պատմում է, թե ինչ խնդիրներ են եղել:

Կոնկրետ այդ զորամասի՞ հետ կապված:

– Այո՛, կոնկրետ այդ տղայի: Զորամասի մի զինվոր: Եվ կարծում եմ՝ մենք իրավունք ունեինք հավատալու այդ վարկածներին, որովհետև նախորդ դեպքերը ևս վկայում են դրա մասին: Մեր բանակն ընդհանրապես լի է բռնությամբ: Լավ կլինի՝ Արծրուն Հովհաննիսյանը դրա մասին մտածի, և այդ կեղծ հայրենասիրության առաջամարտիկը հենց Արծրուն Հովհաննիսյանն է, որը կարծում է, թե կոծկելով, ծածկելով՝ ամեն ինչը լուծում կստանա: Բանակը պետք է լինի թափանցիկ և հաշվետու հանրության առաջ, և բանակի ղեկավարությունը պետք է առաջորդվի դրանով: Ասեմ, որ մեզ շատ են զանգահարում հիմա, վստահում են՝ ծնողներ, զինվորներ, տարբեր մարդիկ… Եվ սարսափելի բաներ են պատմում: Ոչ բոլորն են, որ գալիս և խոսում են, բայց մենք այդ հրապարակումները մեր հաճույքի համար չենք անում, մենք հրապարակումներն անում ենք, որպեսզի Պաշտպանության նախարարությանն ի ցույց դնենք, որ իրենք տեղյակ լինեն այդ  խնդիրներից, որ դրանք վերացնեն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան   

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest