«Բռնության կոչերը քրեական դաշտ տեղափոխելը ոչ միայն անհրաժեշտ է, այլ նաև մի փոքր ուշացած»

0
279

Հունիսի 6-ի Կառավարության նիստում վարչապետն Արդարադատության նախարարությանը հանձնարարեց քննարկել բռնության կոչերը քրեականացնելու նպատակահարմարության հարցը։ Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել 226.2 հոդվածով, որով պատասխանատվություն կնախատեսվի անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ նման բռնությունը քարոզելու համար:

Ատելության խոսքն արգելված է մի շարք երկրներում, քանի որ այն բռնություն և նախապաշարմունք է հրահրում որևէ խմբի նկատմամբ։ Նախագծով որդեգրված մոտեցումը հիմնված է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների հանձնարարականների վրա: Մասնավորապես, Ռասիզմի և այլատյացության որոշ ձևերի և արտահայտությունների դեմ պայքարի մասին ԵՄ շրջանակային որոշման մեջ նշված է, որ անդամ պետությունները պետք է  պատիժ նախատեսեն բռնության կամ ատելության դիտավորյալ և հրապարակային հրահրման, ինչպես նաև միջազգային որոշ հանցագործությունների հրապարակային թողտվության, ժխտման կամ այն սովորական երևույթ դարձնելուն, ինչը կարող է հանգեցնել բռնության կամ ատելության։

«Ազգային, կրոնական կամ ռասսայական մոլեռանդության շարժառիթով կատարված հանցագործությունները ՀՀ Քրեական օրենսգրքում ներառված են և հանդիսանում են որպես որակյալ հանցակազմի տարր են, մասնավորապես՝ կյանքին և առողջությանն ուղղված հանցագործություններ։ Եթե օրենսդիրը ատելության խոսքի հանցակազմի շարժառիթը, նպատակը և հույզերը  նկարագրում է որոշակի հնացակազմի մեջ, ապա դա ստանում է պարտադիր հատկանիշի նշանակություն»,- Forrights-ի հետ զրույցում նշում է ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վիգեն Մեսրոպյանը։

Ըստ նախագծի հեղինակների, ՀՀ քրեական օրենսգրքում առկա կարգավորումները բավարար չեն անձանց կյանքի և առողջության պաշտպանության համար ամուր երաշխիքներ ապահովելու տեսանկյունից, ուստի անձանց կյանքի և առողջության պաշտպանության և հանցագործությունների կանխարգելման համար անհրաժեշտ քրեաիրավական երաշխիք ստեղծելու, ինչպես նաև ատելության խոսքի տարածման, անհանդուժողականության, խտրականության և բռնության աճի կանխարգելմա ն անհրաժեշտությամբ պայմանավորված պետք է նախատեսվի ինքնուրույն քրեական պատասխանատվություն:

«Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը բռնության կոչերը քրեական դաշտ տեղափոխելը համարում է ոչ միայն անհրաժեշտ, այլ նաև մի փոքր ուշացած։ Ըստ նրա, այսօր ատելության խոսքն ու բռնության կոչերն ավելի շատ են, քան նախկինում․

«Շատ դեպքերում ատելության խոսքն ուղղորդված է նախկին իշխանությունների կողմից, որոնք փորձում են ապակայունացնել իրավիճակը և իրենց ֆեյքերի միջոցով հրահրել նման իրավիճակներ։ Հեղափոխությունից հետո մի զանգված կա, որոնք շատ ռադիկալ են տրամադրված տարբեր հանցագործների հանդեպ, սակայն դա ինքնիրավչություն է։ Երբ նրանք կոչեր են անում, որ պետք է սպանել, վառել այս կամ այն կոռուպցիոներին, այնինչ իրականում դա պետք է լուծվի օրինական դաշտում, ոչ թե Լինչի դատաստանի ձևով»,- նշում է նա։

Խուրշուդյանը շեշտում է՝ բռնության կոչերն օր առաջ պետք է քրեականացվեն, քանի որ դրանց ծավալները գնալով մեծանում են և սպառնալիք դառնում մարդկանց համար։ Ատելության քարոզի պատժելիության համար Հովսեփ Խուրշուդյան առաջարկում է՝ եթե ոչ քրեականացնել, ապա առնվազն տուգանքների ձևով սաստել մարդկանց․

«Կարելի է առաջին անգամ՝ տուգանք, շարունակական լինելու դեպքում՝ նոր միայն քրեական պատասխանատվություն սահմանել»։

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի շահերը ներկայացնող փաստաբան Արսեն Մկրտչյանը վերջին ժամանակներս շատ է թիրախավորվում և դառնում նմանօրինակ դեպքերի «զոհը»: Չնայած այն հանգամանքին, որ իրեն «զոհ» չի համարում, փաստաբանը կեսկատակ կեսլուրջ նշում է՝ արդեն իմունիտետ է ձեռք բերել:

Արսեն Մկրտչյանը փաստում է՝ խնդիրն առավել խորքային է, քան թվում է: Եթե պարբերաբար բարձրաձայնվում է, որ պետք չէ փաստաբանին իր վստահորդի հետ նույնականացնել ու ատելության խոսքեր, սպառնալիքներ հնչեցնել նրա հասցեին, ապա ի՞նչ է ստացվում, որ փաստաբանին չպետք է սպառնալ, իսկ վստահորդին կարելի՞ է ատելության խոսք ուղղել:

«Չպետք է կորցնենք մեզ ու փաստաբանի շահը պաշտպանելիս մոռանանք ՀՀ քաղաքացու գերագույն արժեքի շահը, որտեղ նա պետք է պաշտպանված լինի: Եթե փաստաբանն իր մասնագիտական համայնքով, օրենքով լուրջ պաշտպանություն ունի, ապա քաղաքացին հենց այդ փաստաբանի պաշտպանությունից է օգտվում և ասել, թե՝ փաստաբանին չի կարելի, բայց իր վստահորդի նկատմամբ ատելություն սփռել համացանցում և հավաքների ժամանակ՝ կարելի է, նշանակում է սխալ ուղով գնալ»,- հավելեց փաստաբանը:

Օրենքի նախագիծը e-draft-ում հանրության համար բաց կլինի մինչև օգոստոսի 29-ը։ Այս պահին բռնության կոչերը քրեականացնելուն կողմ է 24 անձ, դեմ՝ 8-ը։

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here