Իջևանյան դեպքեր. «2 տարի առաջ փոքր տղուս բաժնում խոշտանգեցին, մենք էլ՝ բողոքեցինք. 2 տարի է մեզ հետապնդում են»

0
1586

«Վահրամին ասում են՝ դու ակտիվ մասնակցում էիր ցույցերին, խփում էիր, բայց մենք ուղղակի դիտորդի կարգավիճակում էինք»

Հուլիսի 16-ին Իջևանում մի խումբ մարդիկ փակել էին միջպետական ավտոմայրուղին՝ բողոքելով անտառահատումների արգելքի դեմ: Բախումները սկսվել էին, երբ ոստիկանները փորձել են բացել ճանապարհը: Ցուցարարներն ընդդիմացել էին և քարերով ու փայտերով գրոհել ոստիկանաների վրա. վերջիններս հետ են նահանջել: Բախումների արդյունքում կա 19 բերման ենթարկված անձ, տուժել է 12 ոստիկան, հիվանդանոց դիմել՝ 1 ցուցարար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բախմանը, հայտարարեց․

«Ապօրինի ծառահատումներ իրականացնող անձինք փորձել են ապօրինի պայմաններ պարտադրել կառավարությանը։ Միանգամից ասեմ, որ կառավարությանն ապօրինի պայմաններ պարտադրելու որևէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության»,– ասաց վարչապետը՝ հավելելով, որ ապօրինի գործողությունների հետ ոչ մի կոմպրոմիս չի լինելու։

Ըստ Քննչական կոմիտեի՝ 13 անձ ձերբակալվել է, ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով:

Իջևանյան բախումներին հեռվից հետևել է Սիմոնյանների ընտանիքը, ինչից հետո  տուն են վերադարձել։ Գիշերը 03։00-ի սահմաններում ընտանիքի հորն է զանգահարել նույն՝ Այգեհովիտ գյուղում բնակվող ավագ որդին ու ասել, որ իրենց տունը շրջապատված է ոստիկանների կողմից․

«Արագ հասա իրենց տուն էն պահին, երբ 6-րդ վարչությունն արդեն ավտոն քշել գնացել էր՝ տղուս էլ տանելով։ Մնացած ոստիկանները շրջվեցին ինձ ասեցին՝ դու էլ պետք ա գաս։ Ինձ էլ, մյուս տղուս՝ Վահրամին էլ վերցրին ու տարան Ազգային անվտանգության ծառայություն։ Էլ Վահրամին չտեսա Երևանում»,- մեկ ամիս առաջ տեղի ունեցածն այսօր կրկին վերապրում է 55-ամյա Գարսիկ Սիմոնյանը։

ԱԱԾ-ում Գարսիկից և նրա մեծ որդուց՝ Սասունից որևէ ցուցմունք չեն վերցնում, այլ ստորագրությամբ ազատ են արձակում, միջնեկ որդուն՝ Վահրամ Սիմոնյանին, ձերբակալում են և տեղափոխում Ձերբակալվածների պահման վայր․

«Վահրամին ասել են՝ դու ակտիվ մասնակցում էիր ցույցերին, խփում էիր, բայց ինքը ախր չի մասնակցել, մենք դիտորդի կարգավիճակում էինք ընդամենը, միասին ենք եղել ամբողջ ժամանակ ու իրար հետ էլ տուն ենք եկել»,- Forrights-ին ասում է հայրը։

Վահրամին կալանավորում են, սկսվում է քննությունը։ Սիմոնյաններին պարբերաբար փաստաբանի ծառայություն են առաջարկում, Գարսիկը վրդովված հրաժարվում է՝ ի՞նչ եմ արել, որ մի հատ էլ փաստաբան պետք լինի։ Նա համոզված է՝ այս ամենը թակարդ է իր ընտանիքի դեմ․

«Մեր բաժնի միլիցեքն ում վրա մուռ են ունեցել, տարել տների տեղը ցույց են տվել, որ գան փակեն։ Իրենք մեզնից վրեժխնդիր են եղել նրա համար, որ 2 տարի առաջ փոքր տղուս բաժնում խոշտանգեցին, մենք էլ՝ բողոքեցինք․․․»։

«Ժորան մի կերպ վերցնում ա հեռախոսն ու ասում՝ պապ, ստեղ պատերազմ ա, մեզ ստեղ ծեծում են»

2017 թվականի հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջևանի բաժնում խոշտանգման ենթարկվեց Սիմոնյանների կրտսեր որդին՝ 19-ամյա Ժորան։ Տղային ծեծի էր ենթարկել Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, կոչումով մայոր Գերասիմ (Գարիկ) Մարդանյանը:

Դեպքից մեկ օր առաջ Ժորայի եղբայրը՝ Վահրամը, ընկերոջ հետ գնում է անտառ՝ փայտ հավաքելու, որի թույլտվությունը տրամադրում է անտառապահն ու անտառապետը։ Մեքենայի անսարքության պատճառով հավաքած փայտը թողնում են անտառում ու դատարկ հետ վերադառնում։ Անտառից տուն 30 կմ-ը նրանց է հետապնդում քաղաքացիական ավտոմեքենա՝ պարբերաբար փորձելով մեքենայի դիմացը կտրել։

Մեքենան մինչև բակ հետապնդում է նրանց, որի մեջից դուրս են գալիս քաղաքացիական հագուստով ոստիկաններ և հայտարարում, որ պետի հրամանով մեքենան պետք է տանեն բաժին։ Ավտոմեքենայի ղեկին այս անգամ նստում է Ժորա Սիմոնյանը, սակայն Վահրամն այլ մեքենայով նույնպես հետևում է ոստիկաններին։ Քիչ հետո նրանց է միանում Գարսիկը։

«Բաժնի դիմաց մարդ չկար։ Զանգեցի Ժորային, մի կերպ վերցրեց, ասում ա՝ պապ, ստեղ պատերազմ ա, մեզ ստեղ ծեծում են։ Ասում եմ՝ ո՞վ ա ծեծում, ասում ա՝ պետի տեղակալը՝ Մարդանյան Գարիկը։ Էդի հայհոյել, ապտակել, ապա ոտքով հարվածել ա Ժորայի փորին ու ոտքերին»։

Ոստիկանական բաժնում բռնության է ենթարկվում միայն Ժորան, ում որոշ ժամանակ անց  ազատ են արձակում և հրահանգում բաժին ներկայանալ առավոտյան։ Տուն վերադառնալու ճանապարհին Ժորայի որովայնի շրջանում ցավեր են սկսվում, ծնողները մտավախություն են ունենում, որ հարվածները վնասել են ամիսներ առաջ վիրահատված լեղապարկը, ուստի ուղևորվում են հիվանդանոց։

«Հիվանդանոցում քննչականի պետը չերեզներով զանգում ա ինձ, թե բա՝ դուրս արի, կբարիշենք, պետք չի բողոքել, ես էլ ջղայնացա, ասեցի՝ հլը եկեք տեսեք երեխես ինչ վիճակի ա, հետո բարիշելու մասին կխոսեք»,- վրդովված պատմում է հայրը։

Գերասիմ Մարդանյանին մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով (խոշտանգում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով), սակայն դատարանը՝ Զոյա Զաքինյանի նախագահությամբ, անմեղ է ճանաչում Մարդանյանին, հիմքում նշելով՝ գործում բավարար ապացույցներ չկան։

«Տուժողի մարմնի վրա առկա են եղել վնասվածքներ, որոնք արձանագրել է դատաբժիշկը։ Դատարանը, սակայն անթույլատրելի է ճանաչել այդ ապացույցը, պատճառաբանելով՝ իբր հակասություններ կան, այնինչ դա կարող էին պարզել՝ կրկնակի փորձաքննություն նշանակելով»,- Forrights-ի հետ զրույցում նշեց փաստաբան Արա Ղարագյոզյանը։

Մեղադրանքը պաշտպանող դատախազը և փաստաբան Ղարագոզյանը վերաքննիչ բողոք են ներկայացրել դատարան՝ բողոքարկելով Զոյա Զաքարյանի դատավճիռը։

«Ընտանիքի հանդեպ կա կոնկրետ տրամադրվածություն ու վրեժխնդրություն»

Այսօր Սիմոնյանների ընտանիքից երեքին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ՝ ոստիկանի նկատմամբ բռնություն և 258-րդ հոդվածի 3-րդ մասով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով։

Չնայած այն հանգամանքին, որ նրանց երեքին էլ առաջադրվել է միևնույն հոդվածը, այնուամենայնիվ Գարսիկ և Սասուն Սիմոնյանների նկատմամբ խափանման միջոցն ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, Վահրամի նկատմամբ՝ կալանավորումը։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Արշակ Վարդանյանի նախագահությամբ, մերժել է նաև պաշտպանական կողմի 500․000 ՀՀ դրամ գրավի միջնորդությունը․

«Որևէ ձևով չեն պատճառաբանում, թե ինչու պետք է Վահրամը կալանքի տակ մնա, առավել ևս, որ այս հանցագործությունները համարվում են միջին ծանրության։ Հիմքում նշել են՝ անօրինական ազդեցություն գործադրելը, որն ուղղակի անհիմն է։ Փաստերը նրան են տանում, որ ընտանիքի հանդեպ կա կոնկրետ տրամադրվածություն ու վրեժխնդրություն»,- հայտարարում է փաստաբանը։

Այս պահին հարուցված քրեական գործով որևէ տեղեկություն պաշտպանական կողմը չունի, թե գործով ինչ են անում՝ ևս հայտնի չէ։

 «Էս երկու տարի ա մեզ հետապնդում են, մենք երկու տարի տանից համարյա դուրս չենք եկել։ Իմ տղայի դեմ մի հոգի ա ցուցմունք տվել, ով երկու տարի առաջ մյուս տղայիս խոշտանգմանը ներկա ա եղել»,- իր խոսքում նշեց Գարսիկ Սիմոնյանը՝ չցանկանալով որևէ անուն հնչեցնել։

Forrights-ի տեղեկություններով, Վահրամ Սիմոնյանի դեմ միակ ցուցմունք տված անձը ոստիկանական բարձր պաշտոնյա է:

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here