Ցմահ դատապարտյալների նամակը Մարդու իրավունքների պաշտպանին

0
534

Հարգելի պարոն Թաթոյան,

 Ձեր գործողության ընթացքում բազմիցս բարձրաձայնել եք Հայաստանում ցմահ ազատազրկման համակարգում առկա խնդիրները, ինչպես նաև կոնկրետ գործուն քայլեր եք ձեռնարկել թե՛ անհատական, և թե ընդհանուր մակարդակներում դրանց լուծման համար, որի համար շնորհակալ ենք։

Գիտենք, որ ս․թ․ հունիսին ՀՀ քրեակատարողական օրենսգրքում իրականացվեցին փոփոխություններ, որոնք աննախադեպ են ՀՀ պատմության մեջ։ Եթե մինչ այդ ցմահ ազատազրկված լինելը, բացի պատիժը, նաև առանձին կարգավիճակ էր, ապա փոփոխությունից հետո՝ մնացած դատապարտյալներից տարբերող  և հատուկ կարգավիճակ տրվող դրույթները վերացվեցին, ինչպես նաև հստակեցվեցին պահման ռեժիմների փոփոխության հետ կապված հարցերը։ Այնուամենայնիվ, բազմաթիվ առանցքային խնդիրներ մնում են չլուծված, որոնց վերաբերյալ էլ ակնկալում ենք Ձեր գնահատականները և լուծման ուղղությամբ կոնկրետ քայլերը։

Մասնավորապես, գրեթե բոլոր պետական կառույցները, քաղաքական, հասարակական կազմակերպությունները միակարծիք են, որ ունեցել ենք ոչ անաչառ կոռումպացված, կախյալ, պետական թելադրանքով գործող դատական համակարգ, որը ենթակա է արմատական բարեփոխման, ինչն էլ  իշխանությունները փորձում են իրականացնել։ Սակայն ինչո՞ւ ոչ մեկ չի անդրադառնում նրան, որ դատարանների այդ ոչ անաչառությունը, կոռումպացվածությունը, պետական տարբեր կառույցների հրահանգերով գործերն ունեցել են կոնկրետ հետևանքներ, և այդ հետևանքներն անազատության մեջ գտնվող մարդիկ են, խեղված ճակատագրեր, կործանված կյանքեր։

Օրինակ, եթե որևէ մեկին սխալմամբ անարդարացիորեն դատապարտել են 3 տարի ժամկետով ազատազրկման, ապա նա այնուամենայնիվ 3 տարի հետո կհայտնվի ազատության մեջ՝ թեկուզ և հետագա ողջ կյանքի ընթացքում հոգու վրա կրելով անարդարության այդ սպին։

Ցմահ դատապարտյալն այդպիսի սխալի համար հատուցում է կյանքով։ Դա էլ այն դեպքում, երբ գերակշիռ մասը մահապատժի կամ ցմահ ազատազրկման է դատապարտվել նախորդ 30-ական թվականներին, ԽՍՀՄ-ում իրականացվող ռեպրեսիաների ժամանակ չեկիստների կողմից հռչակված «ապացույցների թագուհու», զրպարտող կամ ինքնամեղադրող ընդամենը մեկ ցուցմունքի հիման վրա։ Այդ ցուցմունքն էլ ձեռք էր բերում ծեծ ու ջարդի միջոցով, որը սովորաբար իրականացվում էր այնպիսի «բարձր վարպետությամբ», «ոսկերչական այնպիսի ճշգրտությամբ», որ մարմնի վրա ոչ մի հետք չէր մնում և հետագայում չէիր կարող ապացուցել բռնությամբ ցուցմունք կորզելու փաստը։

Դատապարտյալների շրջանում նույնիսկ այսպիսի լեզվական դարձվածք կար, երբ ուրիշին զրպարտող կամ ինքնամեղադրական ցուցմունքին ի պատասխան հնչում էր «Ես Կամոն չեմ»։ Ստացվում է, որ բոլորի կողմից ընդունվում է սխալը, սակայն աչք է փակվում է այդ սխալի հեռևանքների վրա՝ ոչինչ չձեռնարկելով դրանց վերացման ուղղությամբ։ Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ։

Հաջորդը՝ կապված մահապատժի դատապարտված անձանց ներում շնորհելու վերաբերյալ նախագահ Քոչարյանի 2003թ տխրահռչակ հրամանագրի հետ։ Մասնավոր խոսակցություններում բոլորը պնդում են, որ դա իրականացվել է տվյալ պահին գործող օրենսդրության կոպտագույն խախտումներով, սակայն առ այսօր ոչ մի կոնկրետ քայլ չի ձեռնարկվել այդ խախտումները որևէ իրավական ակտով ճանաչելու և դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Ո՞րն է սրա վերաբերյալ Ձեր մոտեցումը։

2011 թ․ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով փոխվեց նաև 104-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան, որը միայն ցմահ դատապարտյալների մասով , որպես վիճակ մեղմացնող, բարելավող դրույթ, պետք է հետադարձ ուժ ունենար և հիմք հանդիսանար պատժաչափերի վերնայման համար։ Սակայն, ինչպես հայտնի է, դա չիրականացվեց, որով կոպտորեն խախտեցվեցին մեր սահմանադրական իրավունքները։ Անհրաժեշտ է, որ այս հանգամանքին ևս տրվի իրավական գնահատական։

Նաև նշվածի հետևանք է այն, որ Հայաստանում, շուրջ 8 տարի է ցմահ ազատազրկում չի կիրառվում, որն անշուշտ ողջունելի է։  Սակայն, այստեղ առնվազն երկու հարց է առաջանում՝ ինչքանո՞վ է նպատակահարմար ցմահ ազատազրկումը որպես պատժի տեսակ ունենալը և ժամանակը չէ արդյո՞ք, որ Հայաստանն էլ միանա աշխարհի այն 33 երկրներին, որոնց օրենսդրությունում չկա ոչ մահապատիժ, ոչ էլ ցմահ ազատազրկում։ Բացի այս, որքանո՞վ են հիմնավորված և արդարացված եղել մինչ այդ կիրառված ցմահ ազատազրկումները, երբ նման բացառիկ պատժի դատապարտում էին ցուցակներով։ Նույնիսկ կան տարիներ, երբ դրա ընթացքում ցմահ ազատազրկման են դատապարտվել ավելի քան 15 անձ։

Վերջերս րջանառության մեջ է դրվել պայմանական վաղաժամկետ ազատման համար դատապարտյալի վարքագծի գնահատման բազային համակարգի վերաբերյալ փաստաթուղթ։

Ներկայացնենք մեր մոտեցումը։ Այն, որ Կառավարությունը փորձում է դատապարտյալի վարքի գնահատումը դարձնել չափելի, ողջունելի է, քանի որ այն կբերի կամայական մոտեցումների մակարդակի նվազմանը։ Սակայն լուրջ խնդիրներ կան գնահատման չափորոշիչների հետ։ Միանշանակ կարող ենք պնդել, որ փաստաթղթում ներառված վարքի գնահատման այդ ցուցիչերըի գերակշիռ մասը ոչ մի աղերս չունի դատապարտյալին ուղղված կամ չուղղված լինելու փաստի հետ։

Կան բազմաթիվ դրույթներ, որոնք խնդրահարույց են, օրինակ՝ ի՞նչ չափորոշիչներով է որոշվելու՝ դատապարտյալը պատկանում է քրեական ենթամշակույթին, թե՞ ոչ։ Կրթություն ստանալու բարձր միավոր է տրվում, սակայն դա բացի անձի ցանկությունը, կապված է նաև ֆինանսական հնարավորությունների հետ, որը ոչ բոլորն ունեն, ՔԿՀ-ում միայն աշխատատեղեր ստեղծելուց հետո հնարավորություն կստեղծվի եզրակացնել՝ դատապարտյալը ցանկանում է աշխատել, թե ոչ։ Դրանք չկան, սակայն աշխատելու փաստին ևս մեծ միավոր է տրվում և այլն ։ Կարծում ենք, որ գաղափարը ճիշտ է, սակայն դրա իրականացման մեխանիզմները թեր մշակված են, անկատար են և չեն ծառայելու իրենց նպատակին՝ մնալով թղթի վրա։

Առ այսօր չկա որևէ փաստաթուղթ, իրավական ակտ, որը համալիր կերպով ներկայացնի ցմահ ազատազրկման համակարգում առկա ինչպես վերոհիշյալ, այնպես էլ մնացած բոլոր խնդիրները՝ տալով դրանց լուծման ուղիները։

Ուստի խնդրում ենք Ձեզ՝ հաշվի առնել այս ամենը, ուսումնասիրել բարձրացված հարցերը, հատուկ զեկույցով կամ այլ փաստաթղթերով տալ դրանց վերաբերյալ Ձեր մոտեցումներն ու լուծման ուղիները։

Հարգելի պարոն Թաթոյան, բազմաթիվ առկա խնդիրներ չենք ներառել դիմումի մեջ հուսալով, որ հետագայում ակնկալվող ուսումնասիրության ընթացքում կլինի նաև հանդիպում մեզ հետ, որը հնարավորություն կտա դրանք առավել հանգամանալից Ձեզ ներկայացնել։ Իսկ հարցերը բազմաթիվ են։  Խոսքն, օրինակ վերաբերվում է 23 ժամ խցային ռեժիմին, որը չնայած մեր մասով 20 տարով կրճատվեց 15 տարվա, սակայն այստեղ էլ կան մտահոգիչ հարցեր, ներման կարգին, որը չնայած կա Եվրոպական խորհրդի երկրատև ազատազրկման դատապարտված անձանց հետ վարվելու կարգի վերաբերյալ բանաձև, ըստ որի,  ցմահ ազատազրկման դատապարտված անձի ներման հարցը պետք է քննարկվի ազատազրկման 8-ից 14 տարին կրելուց հետո, սակայն «Ներման մասին» ՀՀ օրենքի հոդված 7-ի 3-րդ մասն այդ ժամկետը սահմանում է 20 տարի, ըստ բանաձևի՝ նշված հարցը կարող է քննարկվել առանց  դատապարտյալի դիմումի, սակայն նույն հոդվածի 1-ին մասը պարտադիր է համարում դիմումի առկայությունը։

Լուրջ խնդիր է պայմանական վաղաժամկետ ազատման հարցը քննելու ժամանակ տուժողի իրավահաջորդի կարծիք հաշցի առնելու արմատավորվող պրակտիկան, որը բնորոշ է իսլամական պետություններին, սա այն դեպքոմ, երբ տուժողի հետ իրավահարաբերությունները, եթե չկան քաղհայցի մասով պարտավորություններ, ավարտվում են վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, իսկ ազատազրկումը համարվում է նաև պատճառած բարոյական վնասի փոխհատուցում։

Մտահոգիչ է պայմանական վաղաժամկետ ազատման հարցը քննելու ժամանակ ազատազրկման ընթացքում թույլ տրված խախտումների ուսումնասիրման և հաշվի առնելու գործող կարգը, երբ կա ՄԻԵԴ-ի մի քանի նախադեպային որոշումներ, որոնց տված պարզաբանումներն ուղղակիորեն հակասոււմ են ՀՀ-ում գործող մեխանիզմին։ Բավականին մտահոգիչ է նաև ՀՀ քրեակատարողական օրենսգրքի հոդված 114-ի 1-ին մասի այն դրույթն, ըստ որի՝ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատում կամ պատժի չկրման մասն ավելի մեղմ պատժատեսակով չի փոխարինվում՝ չի կիրառում, եթե հանցագործության կատարմամբ մարդու առողջությանը պատճառել է վնաս կամ առաջացերել է մարդու մահ, և դատապարտյալն ամբողջությամբ չի հարթել տուժողի պատճառած վնասը։

Ցմահ դատապարտյալների համար սա փակ շղթա է ստեղծում՝ գործնականում բացառելով նրանց ազատումը։

Խնդիրները բազմաթիվ են։ Հաջորդական փուլերում դրանք ևս կներկայացնենք Ձեր դատին։

13.08.2019թ.

Արմավիր ՔԿՀ ցմահ դատապարտյալներ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here