Զորամասը լքած զինծառայողը կոնֆլի՞կտ է ունեցել սպայի հետ

0
4102
Արայիկ Ղազարյան

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ քննությունը է իրականացվում 2000 թվականին ծնված ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանի կողմից օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասը լքելու դեպքի հետ կապված: Սակայն քննության արդյունքներին չսպասելով, պաշտպանության նախարարը հրապարակեց իր ներքին համոզմունքը:

«Ներքին համոզմունք ունեմ, որ մեր զինծառայողը ուղղակի մոլորվել է»:

Նա նաև հորդորում է զերծ մնալ դեպքի վերաբերյալ տվյալներ տարածելուց, համարելով դրանք ադրբեջանական ապատեղեկատվություն:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, զինծառայողը գտնվում է Ադրբեջանի հանրապետությունում և փախուստի է դիմել, որի պատճառը ծառայակցների ճնշումներն են եղել իր նկատմամբ: Ադրբեջանական կայքերը տեղադրել են Արայիկի մատների լուսանկարները՝ սիգարետի այրոցների հետքերով և ծոծրակից քիչ վեր գտնվող վերքերով:

Forrights.am-ի աղբյուրներով, շարքային Արա Ղազարյանը կոնֆլիկտի մեջ է եղել զորամասի սպաներից մեկի հետ: Սպան ճնշելիս է եղել Արային այն աստիճանի, որ վերջինս պարբերաբար խնդրել է իր հարազատներին, մասնավորապես պայմանագրային զինծառայող եղբորը, որ օգնեն իրեն, ասել է՝ կամ օգնեք, կամ վնաս կտամ ինձ, կփախչեմ: Ադբեջանցիների կողմն անցնելու մասին նա որևէ տեղեկություն չի հայտնել, և ստույգ հայտնի չէ, թե արդյոք նա իր կամքով է հատել սահմանը, թե նրան հայտնաբերել են ու տարել են ադրբեջանցիները: Ըստ չճշտված տեղեկությունների, Արա Ղազարյանին ամրակցված զենքը հայտնաբերել են սահմանի վրա:

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրաժարվեց մեկնաբանել այս լուրերը, ասելով. «Նման տեղեկություններ չունեմ: Դեպքով զբաղվում է քննչականը»:

Քննչական կոմիտեից հաղորդեցին, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ  Քրեական օրենսգրքի 6362 հոդվածի 2-րդ մասով՝ ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը լքելը, և 359 հոդվածի 1-ին մասով՝ Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով:

Արայիկ Ղազարյանը ծառայում է Արցախի Մարտունու զորամասերից մեկում: Նա Վայքից է՝ Եղեգիս գյուղից: Ապրում էր մոր և պապիկի հետ: Հայրը Ռուսաստանում է, արտագնա աշխատանքների է մեկնել, իսկ եղբայրը՝ Արմեն Ղազարյանը, պայմանագրային զինծառայող է: Ծառայում է Խաչիկ գյուղի մոտ գտնվող զորամասում: Փաստորեն, Ղազարյանը հաշվառված է ՊՆ-ում և հանդիսանում է Դավիթ Տոնոյանի ենթական:

Կարելի է ենթադրել, որ Դավիթ Տոնոյանը հստակ և իրական տեղեկություններ ունի այն մասին, թե ինչպես է անցել շարքային Արա Ղազարյանի ծառայությունը, որոնց Դավիթ Տոնոյանը այս պահին տիրապետում է: 

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here