Վարչապետը հանդիպել է մարտի 1-ի զոհերի հարազատներին

0
167

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում ընդունել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին՝ Գոռ Քլոյանի իրավահաջորդ Սարգիս Քլոյանին, Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդ Վաչագան Ֆարմանյանին, Տիգրան Աբգարյանի իրավահաջորդ Ռուզաննա Հարությունյանին, Տիգրան Խաչատրյանի իրավահաջորդ Հովսեփ Խաչատրյանին, Սամվել Հարությունյանի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանին, Դավիթ Պետրոսյանի իրավահաջորդ Ջեմմա Վարդումյանին և Գրիգոր Գևորգյանի իրավահաջորդ Վարդուհի Բաղդասարյանին:

Ինչպես հաղորդում է վարչապետի պաշտոնական կայքէջը, Փաշինյանը անդրադառնալով կառավարության վերջին նիստում ընդունված որոշմանը՝ Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդներին դրամական աջակցություն տրամադրելու վերաբերյալ, նշել է. «Ուզում եմ հստակ արձանագրել՝ սա ընդամենը աջակցություն է և որևէ կերպ չպետք է ընկալվի որպես փոխհատուցում, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքը գին չունի»:

«Իմ սկզբունքային դիրքորոշումն այն է, որ այս հարցի վերջնական լուծումը պետք է որոշվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այս որոշումը միջանկյալ քայլ է, որն արձանագրում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական դիրքորոշումը: Հետագա գործընթացները պետք է շարունակվեն և տեղի ունենան ՄԻԵԴ վճռի համատեքստում», — ասել է Փաշինյանը:

Մարտի 1-ի զոհերի հարազատները համոզմունք են հայտնել, որ երկրում ընթացող փոփոխությունները հնարավորություն կտան օբյեկտիվ քննություն իրականացնել և լիարժեք բացահայտել Մարտի 1-ի գործը:

Նյուն աղբյուրի փոխանցմամբ, վարչապետը և Մարտի 1-ի զոհերի հարազատները մտքեր են փոխանակել Մարտի 1-ի քննության ընթացքի, զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ:

Համաձայն կառավարության որոշման՝ մարտի 1-ին զոհված քաղաքացու իրավահաջորդին պետությունը 30 միլիոն դրամ կտրամադրի, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 միլիոն, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին էլ 5 միլիոն դրամ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here