Նռնակի պայթյունից ծանր վիրավորում ստացած զինծառայողը՝ մեղադրյալի կարգավիճակում. «Դու գրի, որ դու ես արել, մենք գործը կկարճենք․․․»

0
4715

«2018թ դեկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը նռնակն անհայտ հանգամանքներում պայթեց»

Սմբատը Թորոսյանը 2017 թվականի հունվարի 16-ին  զորակոչվել է զինվորական ծառայության՝ Արցախի պաշտպանության բանակի Մարտունիի զորամասում։

«Որդիս իր զինվորական պարտականությունները կատարել է պարտաճանաչ՝ առաջնագծում, հարգվել ու սիրվել է շատերի կողմից , արժանացել է կրտսեր սերժանտի կոչման, որն ավելի է պարտավորեցրել ծառայությունը հավատարիմ, զգույշ և անփորձանք  անցկացնել», —Forrights-ին պատմում է Սմբատի հայրը՝ Զոհրապը։

Ծառայության ընթացքում Սմբատը դժգոհություն չի հայտնել: Ծնողները պատմում են, որ Սմբատը լռակյաց, գաղտնապահ, սիրված, ընկերասեր և բոլորի կողմից հարգված տղա է։ Տան միակ արու զավակն է, ում զորացրվելուն բոլորն անհամբերությամբ էին սպասում, սակայն չարաբաստիկ դեպքը տեղի է ունեցել զորացրվելուց մոտ 20 օր առաջ՝ 2018թ. դեկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը՝ մարտական հենակետի գետնատնակում:

Իր հերթապահության ժամանակը լրանալուն պես, Սմբատը փորձել է զգուշացնել իրեն փոխարինող զինվորին և մտնել է գետնատնակ, որտեղ էլ տեսել է Գառնիկին՝ երկու մահճակալների ճիշտ մեջտեղում կանգնած․

«Գառնիկը մոտեցավ ծխախոտ խնդրեց, նայեցի, տեսա՝ տաբատիս գրպանում չի, հիշեցի, որ բաճկոնիս գրպանում է՝ ձեռքս երկարացրի, որ կախված բաճկոնից ծխախոտը վերցնեմ․․․ էդ պահին պայթեց»,- վերհիշում է նախկին զինծառայողը։

Պայթյունից վնասվածքներ են ստանում 4 զինծառայողներ, այդ թվում  նաև Սմբատը, ով ստանում է ամենածանր վնասվածքը՝ գանգուղեղային վիրավորում։

Դեպքի մասին տեղեկանալուց  հետո  դիրքեր է գալիս վաշտի հրամանատարը՝ Մարտուն Թևանյանը, ով դիրքի ավագի հետ տեսնելով Սմբատի ծանր վիճակն առաջին օգնություն ցույց տալու փոխարեն՝ պահն օգտագործում և պահանջում է, որ Սմբատը պայթյունի մեղքն իր վրա վերցնի՝ «մի բան մոգոնի», ասում է հրամանատարը, որպեսզի հետագա պատասխանատվությունից իրենք՝ հրամանատարն ու ավագը, խուսափեն։

Սմբատը Ստեփանակերտի հիվանդանոցում սկզբնական բուժօգնությունից հետո տեղափոխվում է Երևանի «Մուրացան»-ի հոսպիտալ, որտեղ էլ վիրահատում են։ Մայրը պատմում է, որ ծանր վիրահատության հենց հաջորդ օրը Սմբատին այցելում է ավագ լեյտենանտ Գրիշա Խաչատրյանը, ով չճանաչելով ծնողին, անկաշկանդ մոտենում է Սմբատին, հարցնում նրա առողջական վիճակի մասին, որից հետո միանգամից սկսումէ հարցուփորձ անել դեպքի մանրամասներից։

Մայրը հուզմունքը զսպելով պատում էր, որ 43 օր հիվանդանոցում անցկացրած ժամանակ որդուն անընդհատ զանգահարում էին և այցելում տարբեր անձիք՝ դիրքի ավագի եղբորից սկսած, հորդորում, որ որդին մեղքն իր վրա վերցնի՝ հետագա խնդիրներից խուսափելու նախապայմանով․

«Եթե իմ տղան էր մեղավոր, իրենք բոլորը կբողոքեին իմ տղայի դեմ, կասեին՝ ինչի՞ պետք ա քո տղու պատճառով մենք տուժենք։ Բոլորս էլ ծնող ենք դա հասկանում ենք»,- ասում է մայրը՝ Ռուզաննան,- «Եթե իրենք իմանային, որ մեր երեխեն է՝ մեզ պատառ-պատառ էին արել»։

«Դու գրի, որ դու ես արել, մենք գործը կկարճենք․․․»

6 ամիս հանգիստներն ու առողջությունը կորցրած ծնողները չգիտեն, թե ում դիմեն, որպեսզի կարողանան իրենց որդուն օգնել, պահանջում են արդար քննություն․

«Դեպքից հետո, Գրիշա Խաչատրյանը վերադառնալով Ղարաբաղ, կեղծ ցուցմունք է տալիս Սմբատի դեմ։ Ուզում են պայթյունի մեղքը որդուս վրա գցեն՝ եփած հավի ծիծաղն է գալիս»,- զայրացած պատմում էր հայրը։

Մի քանի օրից Ասկերանի դատաբժիշկը ևս այցելում է Սմբատին, պահանջում ցույց տալ վնասվածքները, դրանք տեսնելուց հետո, Ղարաբաղ վերադառնալուն պես ևս կեղծ տեղեկություն է հաղորդում Ասկերանի դատախազին, թե իբր Սմբատը ասել է, որ ինքն է պայթյունի հեղինակը:

«ՀՀ ՔԿ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ Մ․ Ղահրամանյանը մեզ կանչեց մոտը ասաց, էս գործը պետք ա բացահայտվի, ես մտածեցի, վայ էս ինչ լավ ա, բարի մարդիկ կան․․․․ բայց ի՞նչ․․․ որդուս ասել էր․․․ դու գրի, որ դու ես արել, մենք գործը կկարճենք»։

Պարբերաբար այցելություններից հետո բանից պարզվում է, որ Սմբատը, ով հավաստիացնում է, որ ինքը ոչ մի գրավոր բացատրություն չի գրել, վկայի ու տուժածի կարգավիճակից զարմանալի կերպով հայտնվում  է մեղադրողի կարգավիճակում․

«2 տարի թուրքի բերան ծառայի, առողջությունը կորցնի, էդքան փող թափեմ, որ կարողանամ որդուս առողջությունը վերականգնեմ, բա ո՞ւր ա արդարությունը։ Տղայիս 100 % տվել եմ,  50 % են վերադարձրել՝ դա՞ ա արդարությունը»։

Ծնողներ հույս ունեն, որ այնուամենայնիվ արդարություն գույություն ունի և պահանջում են՝ անհիմն քրեական գործի վարույթը կկարճել․

«Ռեալ, արդար ճիշտ քննություն ենք պահանջում, որ մեր անմեղ երեխեն չտուժի, մենք արդեն գիտենք, որ շուրջ բոլորը կեղծիք է․ ինչքան ուժ ունենք արդեն հիասթափվել ենք:

ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ զինծառայողի նկատմամբ Քրեական գործ է հարուցվել 373-րդ հոդվածի առաջին մասով (Զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը)։ Սմբատին մեղաղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով՝  նույն արարքը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս կամ առաջացրել է ռազմական տեխնիկայի ոչնչացում կամ այլ ծանր հետևանքներ։

Առավել մանրամասն տեսանյութում՝

Ազնիվ Սիրադեղյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here