«Մարտի 1-ի կարևորագույն ծալքերը կարող են գտնվել Ռոբերտ Քոչարյանի դատավարության ժամանակ, ոչ թե BBC-ների արտահոսքերում»

0
1859
Անդրանիկ Քոչարյան

Ի՞նչ գրեց BBC-ն

BBC-ի ռուսական ծառայությունն երեկ հոդված հրապարակեց 2008 թվականին Հայաստանում հետընտրական իրադարձությունների և Մարտի 1-ի դեպքերի հետ կապված։ BBC-ի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հետաքննության նյութերին ծանոթանալու բացառիկ հնարավորություն է ստացել:  Նրա ձեռքում են հայտնվել Մարտի 1-ի գործի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության փաստաթղթերը, ըստ որի ցուցարաներին գնդակահարել է Արցախից բերված խումբը՝ գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի-խմբ․) ղեկավարությամբ։ 

«Հարցաքննությունների ընթացքում քննիչները պնդել են, որ Օգանովսկու ստորաբաժանումը տեղակայված է եղել ՀՀ նախագահի աշխատակազմի նկուղում՝ Բաղրամյան 26-ում: Հետաքննությունը կարծում է, որ ստորաբաժանմանն այցելել են գործող և նորընտիր նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Քննիչները նաև հաստատում են երկու ազդեցիկ գործարարների՝ Գագիկ Ծառուկյանի և Սամվել Ալեքսանյանի դերը, որոնք հնարավոր է՝ ֆինանսավորել են ցույցի ցրման օրերին Երևանում Ղարաբաղի անվտանգության ուժերի կացությունը»,- ասվում է հոդվածում:

BBC-ի թղթակցի հետ զրույցում, թե՛ Ծառուկյանը, և թե՛ Ալեքսանյանը հերքել են, թե որևէ դեր են ունեցել Մարտի 1-ի գործողություններին: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել է, որ ԲՀԿ խմբակցության ղեկավարն «իր հրապարակային ելույթներում բազմիցս նշել է, որ ինքը որևէ կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ»: Սամվել Ալեքսանյանն անձամբ է զրուցել լրագրողի հետ և կրկին հերքել Մարտի 1-ին իր դերակատարման վերաբերյալ լուրերին:

Հարցաքննության ընթացքում Սամվել Կարապետյանը ժխտել է բոլոր մեղադրանքները և հայտարարել, որ «ոչ ոք հրաման չի տվել մարդկանց կրակել»: Գեներալը քչախոս է եղել և սահմանափակվել միավանկ հերքումներով:

Չորս ժամ տևողությամբ այս հարցաքննության արձանագրությունը ևս BBC-ի տրամադրության տակ է:

Նշենք, որ 2018-ի օգոստոսի 15-ին հարցաքննության ընթացքում, Կարապետյանը հաստատել էր այն փաստը, որ Երևան բերված ղարաբաղյան ստորաբաժանումները ղեկավարում էր հենց ինքը:

Ինչպե՞ս արձագանքեցին Հայաստանում

Հրապարակված հոդվածը միանգամից իրարանցում առաջացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Արցախում: ArmLur.am-ի հետ զրույցում Սամվել Կարապետյանը շտապեց հերքել հրաման արձակելու մասին լուրերը՝ խոստանալով ավելի ուշ ուսումնասիրել հրապարակումը և մեկնաբանել այն:

«Տեղյակ եմ հրապարակման մասին, բայց չեմ ուսումնասիրել: Բա ես ո՞վ եմ, որ հրաման տամ: Է՜: Բա ես է՞դ մարդն եմ, որ հրամանամ տամ՝ կրակել ցուցարարների վրա…»:

Մինչ Օգանովսկին շտապում էր հերքել հոդվածում առկա փաստաթղթերի իսկությունը, Մարտի 1-ի փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը հակադարձում է նրան՝ հրապարակված նյութում որևէ անճշտություն չկա՝ քրեական գործում բազմաթիվ ցուցմունքներ կան, որոնք հաստատում են դրանք.

«Հատուկ քննչական ծառայությունը մեծ աշխատանք է տարել, հարցաքննել է բազմաթիվ մարդկանց, ովքեր վկայել են՝ մի առանձին խումբ է եղել, որն իրականացրել է Մարտի 1-ի հիմնական գործողությունները: Մենք էլ ենք տեղյակ եղել, բայց որևէ իրավասություն չենք ունեցել հայտարարել այդ մասին»,- իր խոսքում նշում է փաստաբան Սաֆարյանը:

Մինչ մեկը մյուսի հետևից փորձում է «պատասխանել» սենսացիա առաջացրած հոդվածին, Հատուկ քննչական ծառայությունը շարունակում է լուռ մնալ և որևէ դիրքորոշում չհայտնել հոդվածի մասին: Forrights-ը փորձեց կապ հաստատել ՀՔԾ մամուլի խոսնակի հետ, սակայն նրա հեռախոսն անհասանելի էր: Քննչական ծառայության մամուլի բաժնից ևս որևէ պատասխան չստացանք:

Ինչո՞ւ հոդվածը հրապարակվեց հիմա

Աղմկոտ հրապարակումը տեղի ունեցավ Արցախում երկու իրադարձության ֆոնին՝ Համահայկական 7-րդ խաղերի անցկացման և դրան նախորդած  հանրահավաքին, որի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ցույց տվեց Հայաստան-Արցախ-Սփյուռք համահայկական համերաշխությունը:

Զուգահեռ «պատուհանում», Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ հատուկ ծառայությունները կարողացել են չեզոքացնել հայկական ներքին կյանքի արտաքին միջամտության փորձերը: Թե ովքեր են փորձել միջամտել, Վանեցյանն այդպես էլ չբացահայտեց.

«Ես չեմ կարող ձեզ մանրամասներ հայտնել, բայց եթե այդ միջամտությունների արդյունքում լինեին որևէ հետևանքներ, դրա մասին տեղյակ կլինեիք։ Մենք կարողացել ենք այնպես անել, որ ապահովենք Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ու զերծ պահենք ցանկացած օտարերկրյա ուժերի միջամտությունից»,- ընդգծում է նա:

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Forrights-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ հոդվածը պատահական չէ, որ այս օրերին հրապարակվեց: Նրա խոսքով, Արցախում Փաշինյանի ելույթից հետո ակնհայտ բարելավվում էր հանրության տրամադրվածությունը միմյանց նկատմամբ և այս հոդվածով ցանկացել են սեպ խրել նրանց միջև.

«Բոլորի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ BBC-ին, ինչո՞ւ հիմա։ Ակնհայտ է՝ ինչ-որ արտահոսք կա և, եթե պարզվի, որ նախաքննության գաղտնիքների հետ կապված որևէ խախտում կա, ապա պետք է քրեական գործ հարուցվի»:

Անդրանիկ Քոչարյանը վստահաբար հայտնում է, որ առաջ եկած բոլոր հարցերի պատասխանները գտնվելու են Ռոբերտ Քոչարյանի դատաքննության ժամանակ: Ըստ նրա, երկրորդ նախագահի պաշտպանական թիմն ամեն հնարավորն անում է այդ պահն ուշացնելու համար.

«Մարտի 1-ի կարևորագույն ծալքերը կարող են գտնվել Ռոբերտ Քոչարյանի դատավարության ժամանակ, ոչ թե BBC-ների արտահոսքերում, դրա համար ամեն ինչ պետք է անել, որ դատաքննությունը շուտ սկսվի։ Ես համոզված եմ, որ նախաքննությունը լուրջ ձեռքբերումներ ունի Մարտի 1-ի գործով։ Քոչարյանը հսկայական փող է ծախսում, որ իր խափանման միջոցով ձգձգի պահը, քանի որ չեն ցանկանում հանրությունն իմանա, թե Մարտի 1-ին ով ինչ որոշումներ է ընդունել»,- իր խոսքում նշում է Անդրանիկ Քոչարյանը:

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here