Մեր նախորդ հրապարակումը հրաձգային գումարտակի շտաբի պետ, մայոր Արթուր Հայիկի Ֆահրադյանի հանցավոր վարքագծի մասին, մեկնաբանությունների ալիք է բարձրացրել: Մեզ գրում են Մատաղիսում ծառայած զինվորները, նաև մարդիկ,  որոնք անտարբեր չեն հայկական բանակի իրական վարկանիշի նկատմամբ, նոր քրեական դեպքեր են բացահայտում: Դրանց կանդրադառնանք հաջորդիվ, իսկ առայժմ զուտ պաշտոնական արձագանքների մասին:

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գտնում է, որ ժամկետային զինծառայողները, որոնք «Քուն» հրամանից հետո չեն գնում քնելու, այլ հաց են ուտում ննջասենյակում, պետք է դաժանորեն պատժվեն, քանի որ  «անթույլատրելի ժամին անմեղ հաց ուտելն առնվազն հանցանք է ու հանցանքի բուն»:

Իհարկե, Արծրուն Հովհաննիսյանը չի կարող բացահայտ գրել՝ լավ է արել հրաձգային գումարտակի շտաբի պետ, մայոր Արթուր Հայիկի Ֆահրադյանը, որ զինվորներին պառկեցրել է ու շարային քայլով անցել է նրանց վրայով, բայց հրապարակավ արդարացնելով ապօրինությունը, նա խրախուսում է հանցավոր բարքերն ու բեսպրեդելը շարքայինների նկատմամբ:

2018 թվականի հունիսի 12-ի գիշերը մայոր Արթուր Ֆահրադյանը օրակարգը խախտելու համար ծեծել է մի քանի զինծառայողների, ապա նրանցից 7-ին պառկացրել է գետնին ու քայլել է նրանց վրայով: Այս արարքի համար նա պայմանական պատիժ է ստացել: Այնուհետև բացահայտվել է ծեծի ևս մի դեպք Ֆահրադյանի մասնակցությամբ: Այս անգամ տուժողը շարքային Բ. Հովհաննիսյանն է եղել, և կրկին ոչ երրորդ կայազորային զինդատախազությունը, ոչ Սիսիանի դատարանի դատավոր Գնել Գասպարյանը նրան չեն  մեկուսացրել: ՀՀ Գլխավոր դատախազությունը  մեր հրապարակման առիթով փորձեց պարզաբանել մայոր Արթուր Ֆահրադյանի վերաբերյալ վերաբերյալ կայացված դատավարական որոշումների տրամաբանությունը:

«Խափանման միջոցի հարց լուծում է նախաքննական մարմինը. զինդատախազությունը մեղադրանք է պաշտպանում և առաջին դատական քննության ընթացքում դատախազությունն այդ անձի համար ռեալ պատիժ է պահանջել. դատարանն է որոշել պայմանական չկիրառել պատիժը: Երկրորդ դեպքը, ինչպես ասեցի, ավելի ուշ է պարզվել: Այսինքն այն ժամանակ, երբ քննվել է առաջին գործով, այն ժամանակ երկրորդի մասին տեղեկություն չի եղել: Նաև, որքան տեղյակ եմ, անգամ տուժողը չի բողոքել, — Forrights-ի հետ զրույցում նշեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը,- Երկրորդ հանցագործությունը կատարվել է գրեթե նույն ժամանակահատվածում, այլ ոչ թե պատիժը նշանակելուց հետո, որը կարող էր հիմք լինել՝ կալանավորումն ընտրելու համար: Իսկ այն հոդվածը, որով մեղադրանք է առաջարդված եղել, մինչև հինգ տարի ժամկետով է պատիժ նախատեսում, որի դեպքում, եթե հիմքերն առկա չեն, կալանքը որպես խափանման միջոց չի ընտրվում: Եթե պարզվի, որ պայմանականի մեջ գտնվելով առերևույթ նոր հանցագործություն է կատարել ու կա դրա  հիմնավոր կասկածը, այդ դեպքում խափանման միջոցի հետ կապված այլ մոտեցում կարող է կիրառվել»:

Այնուամենայնիվ փաստ է, որ օրինազանց մայոր Արթուր Ֆահրադյանը շարունակում է  է մնալ ազատության մեջ և աշխատել շարքային զինվորների հետ, որոնց իրավունք ունի ասել՝ մեկը բողոքեց, ինչ՞ի հասավ, այ նպես որ ձայններցդ կտրեք»:

Արթուր Ֆահրադյանին մեր հրապարակումը վիրավորել է: Մեր որակումները  նա համարում է անպարկեշտ: Հիշեցնում է, որ հայկական բանակի սպայի հետ գործ ունենք և հորդորում է պարկեշտություն ցուցաբերել և հարգանք հայկական բանակի սպայի հանդեպ:

«Ես ոչ մեկին չեմ ծեծել, ես հոգատար ու սիրված հրամանատար եմ, իսկ դուք անտեղի, անհիմն մեղադրող», — ասում է Ֆահրադյանը, թեև դատարանում արագացված դատաքննության ընթացքում խոստովանել էր, որ ծեծել է զինվորներին և քայլել է նրանց վրայով:

Մատաղիսի զորամասում մեր հրապարակումից հետո աժիոտաժ է տիրում: Ապացուցելու համար, որ մեր հրապարակումը իրականությանը չի համապատասխանում և որ մենք սխալվում ենք, պնդելով, որ այն հանցավորության որջ է, այնտեղ են հրավիրվել լրագրողները: Այժմ զորամասում «գեներալնի ուբորկա» է:

Մեր տեղեկություններով զինվորներին հրահանգել են փակել բերանները, ոչինչ չպատմել լրագրողներին:

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest