Օրեր առաջ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընթացք է տվել «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Բաբկեն Ղարդյանի և նրա հոր՝ Գագիկ Ղարդյանի դիմումներին, ինչի արդյունքում դատապարտյալն այսօր արդեն բաց ռեժիմում է։

Երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող, Երևանի տուն-ինտերնատներից մեկում է բնակվող 70-ամյա Գագիկ Ղարդյանը նախարարին խնդրել էր «այնպես անել, որ որդին տեղափոխվի բաց ռեժիմ, որ գոնե կարողանա խնամել իրեն, աշխատել ու նոր կյանք սկսել»:

Նախարարը չէր անտեսել նամակը, իր հերթին քրեակատարողական հիմնարկի պետն ու պետի տեղակալը ևս դրական էին բնութագրել Բաբկենին, ինչի շնորհիվ էլ դատապարտյալի պատժի կրման կիսաբաց ռեժիմը փոխվել է բաց ռեժիմի․

«Սա միասնական աշխատանքի արդյունք էր։ Առաջին հերթին շնորհակալ եմ նախարարին, որ հորս խնդրանքը չմերժեց, Քրեակատարողական ծառայության որոշ աշխատակիցներին, որ ինձ ամեն հնարավոր տարբերակով օգնեցին, շնորհակալ եմ նաև ձեզ ու «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ին, որ միշտ կողքիս եղաք ու հանրայնացրինք ամբողջ գործընթացը»,- Forrights-ի հետ զրույցում ասաց Ղարդյանը։

Բաբկենի խոսքով՝ ռեժիմի փոփոխմանը հավատում էր «50։50» տարբերակով, և՛ մտածում էր, որ կմերժեին, և՛՝ կբավարարեին։

«Երևի իրենք էլ գործի շինծու լինելը գիտեին, դրա համար էլ օգնեցին ինձ»։

Բաց ռեժիմում հայտնվելու հենց հաջորդ օրը Բաբկենն այցելել է հորը, ինչից հետո զբաղվել աշխատանք փնտրելով։ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկին կից շենքում՝ բաց ռեժիմի համար նախատեսված բաժնում, Ղարդյանն աշխատանքի է ընդունվել, այս պահին անհրաժեշտ թղթաբանությունն է հավաքում․

«Ամեն ինչ անելու եմ, որ ոչ ոքի հուսախաբ չանեմ ու հասարակության համար պիտանի մարդ դառնամ»,- նշում է նա։

Օրեր առաջ Բաբկենը դիմել է նաև պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։ Հույս ունի, որ դիմումը կբավարարվի, քանի որ Պրոբացիոն ծառայությունն արդեն իսկ դրական բնութագիր է տվել։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ դատարանը որոշում էր կայացրել մերժել Բաբկեն Ղարդյանի՝ բաց ռեժիմ անցնելու դիմումը։ Դատարանն անտեսել էր այն հանգամանքը, որ 4 տարբեր քրեակատարողական հիմնարկներից դատապարտյալի վերաբերյալ ստացվել է դրական բնութագրեր։

Բաբկեն Ղարդյանը հայոց բանակի սպա է եղել, 7 տարի ծառայել է սահմանամերձ գոտում։ Հանգամանքների բերումով, ինչպես ինքն է պնդում, առաջադրվել է «շինծու» մեղադրանքով, ինչի հետևանքով դատապարտել է սկզբից 5 տարի, ապա պատիժը խստացվել և ազատազրկվել է 8 տարի ժամկետով։

Նշենք, որ բաց ռեժիմն իրենից ենթադրում է, որ դատապարտյալն առավոտյան 08:00-ից մինչև երեկոյան 20:00-ն իրավունք է ստանում դուրս գալ հիմնարկից, իսկ վերադառնալուց հետո՝ քնել մյուս դատապարտյալներից անջատ՝ դատապարտյալներին պահելու գոտուց դուրս հատկացված կացարաններում:

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest