Դատապարտյալների կողմից դժգոհությունների արժանացած պայմանական վաղաժամկետ ազատ արձակման բալային համակարգն օրենքի ուժ ստացավ

Օրեր առաջ Արդարադատության նախարարությունը վավերացրեց պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար 14 կետից բաղկացած  չափորոշիչների գնահատման համակարգը:

Դատապարտյալների կողմից բազմաթիվ դժգոհությունների արժանացած համակարգն օրենքի ուժ ստացավ առանց որևէ փոփոխությունների: Եթե մինչ այս, ազատազրկվածները բողոքում էին քրեակատարողական ծառայության կողմից տրված եզրակացությունից, ըստ որի՝ նրանց հիմնականում տրվում էր բացասական բնութագիր, ինչը թույլ չէր տալիս դիմել դատարան՝ պայմանական վաղաժամկետ ազատման համար, ապա օրենքի ընդունումից հետո՝ բալային համակարգն էլ ավելի հուսահատեցրեց նրանց:

«Այդ գնահատման սանդղակի միտումը այնպես է դրված, որ ամեն ինչ կախված է աշխատանքից և իրանց խրախուսելուց: Դատապարտյալների 60-70 %-ը բռնում ա 24-26 բալ, այսինքն իրանց պակասում է մի հատ խրախուսանք կամ աշխատանք: Աշխատանքն իրանք բոլորին չեն կարող ապահովել, որովհետև  հիմնարկում էդքան աշխատատեղ չկա. ահագին մարդ դիմել ա՝ չեն կարում ապահովեն: Խրախուսանքն էլ դառել ա մի հատ արիության մեդալին համարժեք  բան»,- դժգոհում են դատապարտյալները, նշելով՝ ոչ աշխատանք են տալիս, ոչ էլ կրթական միջոցառումներ են կազմակերպում՝ բա դատապարտյալը ո՞նց խրախուսվի:

34-ամյա ցմահ դատապարտյալ Էմիլ Չիվչյանի նկատառմամբ՝ գնահատման համակարգն անհաղթահարելի պատ է սահմանում, որի վրայով անցնելը գրեթե անհնար է.

«Մեղմ ասած՝ հեչ լավ ցուցակ չի: Կետ կա, որ ասում ա՝ պետք ա աշխատես: 18 տարեկանից այստեղ եմ, չունեմ բարձրագույն կրթություն՝ չեմ հասցրել, չունեմ մասնագիտություն, այստեղից չեմ կարող սովորել, քանի որ միջոցներ չունեմ: Հիմա ես ի՞նչ պետք ա աշխատեմ, որ կարողանամ իրենց չափորոշիչներին բավարարեմ»,- համակարգի մասին իր մտահոգությունը հայտնեց ցմահ դատապարտյալ Էմիլ Չիվչյանը:

Վաղաժամկետ ազատ արձակման համար էական նշանակություն ունի տուժող կողմի վնասի փոխհատուցումը, որի համար բարձր բալ է սահմանված նաև նոր համակարգում: Ըստ որի, եթե տուժողին հանցագործության պատճառած ամբողջ վնասն է փոխատուցվել, ապա դատապարտյալը ստանում է 4 միավոր, եթե կեսն է հատուցել կամ պարտավորվել է հատուցել մնացածը՝ 2, առնվազն 20%-ը հատուցելու դեպքում՝ 1 միավոր, իսկ եթե չի հատուցել՝ համապատասխանաբար 0 միավոր: Էմիլը շեշտում է՝ եթե ՔԿՀ-ում չկա աշխատանք, ապա ինչպե՞ս փոխհատուցել տուժող կողմի վնասը.

«Ինձ ճանապարհ չեն ասում, թե ես էդ իսկը ո՞նց տամ: Մի հատ ճանապարհ, ավել բան չեմ ուզում, ասեք՝ գնամ աշխատեմ փոխհատուցեմ: Բալային համակարգի թերացումն ա. եթե դատապարտյալն ի վիճակի չի ֆիզիկական աշխատանք անել՝ օրինակ՝ մի ոտքս չկա կամ ինչ-որ խնդիր ունի, ապա ո՞նց պետք ա աշխատի ու էդ իսկը տա: Կամ, ասենք մասնագիտություն ձեռք բերեցի 15 տարի նստելուց հետո ու սկսեցի աշխատել: Հիմա 5 տարվա մեջ ինչ աշխատավարձ էլ ստանամ, մեկ ա չեմ կարողանալու էդ իսկը տամ: Այսինքն, կստացվի՝ ես պետք ա նստեմ էնքան ժամանակ, մինչև իսկը տա՞մ»,- Forrights-ի հետ զրույցում ասաց դատապարտյալ Չիվչյանը:

Ազատազրկվածների համոզմամբ՝ դատարանում Պրոբացիոն ծառայության կողմից ներկայացված դիրքորոշումը չի կարող ճշգրիտ արտահայտել դատապարտյալի ցուցաբերած վարքագծի և ուղղման աստիճանի մասին: 16 տարի անազատության մեջ գտնվող Էմիլը նշում է, որ դատապարտյալին լավագույնս ճանաչում է քրեակատարողական հիմնարկը, ուստի հենց ՔԿՀ-ի տված բնութագիրը պետք է որոշիչ դեր կատարի.

«Պրոբացիոն ծառայությունը գալիս ա, 2 ժամ անցկացնում ու եզրակացություն ա տալիս՝ առանց քեզ ճանաչելու: Հիմնարկը տարիներով աշխատում ա քո հետ, ճանաչում ա քեզ, գիտի քո վարքագիծը, քրեական ենթամշակույթի մաս ես, թե չէ: Վաղաժամկետ ազատման հետ կապված պետք ա միայն ու միայն հիմնարկը որոշի, քանի որ հիմնարկից լավ ոչ ոք չի կարող քեզ ճանաչել»,- նշում է Էմիլը:

Ինչպես Forrights-ի գրավոր հարցմանն ի պատասխան նշել էին Արդարադատության նախարարությունից, գնահատման համակարգը լուծում է շատ կարևոր երկու հարց՝ ապահովում է զեկույցի կազման օբյեկտիվությունը, հիմնավորվածությունը և միատեսակությունը, ինչպես նաև դատապարտյալների համար ստեղծում բավարար կանխատեսելի պայմաններ, թե ինչ չափանիշներ են անհրաժեշտ ապահովել դրական զեկույցի արժանանալու համար:

Չափորոշիչները գնահատվում են 0-ից մինչև 5 միավորով: Չափորոշիչների միավորների գումարման արդյունքում ստացված առավելագույն միավորը կազմում է 43 միավոր, դրական գնահատվելու համար դատապարտյալին անհրաժետ է հավաքել 28 և ավելի միավոր:

Ըստ դատապարտյալների՝ բավականին խիստ չափորոշիչներ սահմաներով՝ Քրեակատարողական ծառայությունը հնարավորություն չի տալիս դատապարտյալներին հասնել այդքան ցանկալի 28 բալին:

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest