«Հազվադեպ են հաշմանդամներին կալանավորում, հիմնականում բանտային պայմաններից են դառնում հաշմանդամ»

0
812

Նախկին ցմահ ազատազրկվածը բանտում դարձել է 2-րդ կարգի հաշմանդամ

Հենակների միջոցով հազիվ տեղաշարժվող Վահագն Մարուքյանը լիովին առողջ երիտասարդ է եղել, երբ 19 տարեկանում հայտնվել է բանտում ու դատապարտվել ցմահ ազատազրկման: Բանտում անցկացրած 25 տարիների ընթացքում 44-ամյա Վահագնը ձեռք է բերել ռևմատոիդ պոլիարթրիդ հիվանդություն: Այժմ նա 2-րդ կարգի հաշմանդամ է եւ կոնքոսկրերի ու ծնկների պրոթեզավորման վիրահատության կարիք ունի:

Վանաձորի բնակիչ Վահագն Մարուքյանը կալանավորվել է 1993 թ.-ին, իսկ 1994 թ.-ին՝ դատապարտվել մահապատժի: Մարուքյանը մեղավոր է ճանաչվել Վանաձորի ռազմական ոստիկանության պետի դիտավորյալ, կանխամտածված սպանության մեջ: 2003 թ.-ից ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: 2018-ի դեկտեմբերի 25-ին, 25 տարի 3 ամիս պատիժը կրելուց հետո  Վահագնն ազատվել է պատժի կրումից՝ հիվանդության պատճառով:

Ընդ որում, 2-րդ կարգի հաշմանդամը պատժից վաղաժամկետ ազատվել է մեկ տարի դատարանում պայքարելու արդյունքում, թեև ռևմատոիդ պոլիարթրիդ հիվանդությունն ընդգրկված է պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում: Վահագն Մարուքյանը հաշմանդամության 2-րդ կարգ է ստացել բանտում 2009 թ-ին: Առողջական խնդիրները ի հայտ են եկել 2000 թվականից:

«Հիվանդությունն էնտեղ ձեռք ես բերում, հիմնականում, խոնավության հաշվին: Էն ժամանակ՝ ծեծի հաշվին: Եթե ուզենան քեզ ծեծեն միլիցեքը, մի հատ ստից առիթ կբռնեն, կծեծեն»,- պատմեց Վահագնը:

Բանտարկելուց հետո, Վահագնի ասելով, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահակներով, «արմատուրաներով» ու աթոռի ոտքով «ռեժիմով ծեծել են» ու հայհոյել: «Ես 1993 թ. սեպեմբերի 27-ին Վանաձորի ոստիկանությունից տեղափոխվել եմ Երևան: Էնտեղ համարյա 3 ամիս, ռեժիմով՝ 2 օրը մեկ, միլիցեքը ծեծել են»,- պատմեց նա:

Անգամ ոստիկանությունում ստացած հրազենային վնասվածքի արդյունքում գրած ինքնախոստովանական ցուցմունքից հետո Վահագնը չի ընդունել մեղադրանքը, հրաժարվել է ցուցմունքից: «Ու իրենք ջանք չեն խնայել, որ ես ընդունեմ սպանության մեղադրանքը: Նուբարաշեն ՔԿՀ-ի պադվալներում սաղ հենա արյուն ա: Էն ժամանակ մարդկանց ուղղակի մսաղաց էին անում»,- պատմեց նախկին ցմահ դատապարտյալը:

Վ. Մարուքյանի խոսքով՝ մինչև 2000 թ. մահապատժի դատապարտվածներին, որոնց պատիժը հետո ցմահ ազատազրկման է փոխվել, բժշկական որևէ օգնություն չի տրամադրվել, հիվանդ դատապարտյալներն ուղղակի մահացել են խցերում և դա որոշակի քաղաքականություն է եղել:

«Ես իմ մաշկի վրա եմ դա զգացել: Մինչև 2000 թվականը ցմահներից ով հիվանդանում էր՝ կամեռում էլ պիտի մեռներ, այ էդ վիճակն էր, տանել հիվանդանոց, բուժօգություն ընդհանրապես գոյություն չուներ: Հենց մեր խցում մարդ է եղել, որ մահացել է: Կողքի խցերում էլ նույն պատկերն է եղել»,- պատմեց նախկին դատապարտյալը՝ շարունակելով,- ցմահներից ով եղել ա, չի ունեցել ոչ հեռուստացույցի, ոչ զբոսանքի հնարավորություն: Անգամ ֆիլտրով սիգարետներն արգելված էին: Բաղնիք գնացել ենք 7-8 ամիսը մեկ:

Նախկին ցմահ դատապարտյալի խոսքով՝ 2000 թ.-ից հետո փոքր ինչ բարելավվել է իրենց վիճակը, երբ Եվրախորհուրդի ուշադրությունը կար, Կարմիր խաչն է սկսել այցելել»: «Մենք ունեցանք հեռուստացույցի, տեսակցությունների հնարավորություն եւ, ամենակարևորը, ցմահներից ամեն դատապարտյալ իր մահճակալն ուներ, որ պառկում, քնում էր: Նախկինում 5 հոգի էինք խցի մեջ, 2 մահճակալ էր, վերջ, էն 3 հոգին պետք ա պոլին քնեին»,- հիշեց Մարուքյանը՝ շարունակելով. «Իմ հիվանդությունը հիմնականում ծեծերի ու խոնավ միջավայրում պահելու արդյունքն ա: Անձրևը գալիս, լցվում ա կամեռի մեջ, կամեռի պոլն ասֆալտա, անձրևը չռռում ա ու պատկերացրեք՝ ինչքան ժամանակ հետո պետք ա չորանա»:

2-րդ կարգի հաշմանդամ դարձած Մարուքյանն իր առողջական վիճակի համար մեղադրում է նաև ԱՆ քրեակատարողական վարչությանը: Ասաց, որ իր ներկա վիճակը ՔԿՎ անուշադրության հետևանք է: «Մինչև վարչությունը դաբրո չտա, քեզ չեն տեղափոխի դատապարյալների հիվանդանոց: Եղել է դեպք, երբ բժիշկը ներկայացրել է վարչություն, վարչությունից իրեն պատասխանել են՝ տեղում հարցերը կարգավորիր: Բժիշկն էդքան դուխ չունի, որ ասի՝ ես չեմ կարա էդ մարդուն էստեղ բուժեմ: Ու տենց դու մնում ես, գնալով վիճակդ սկսում ա ավելի վատանալ»,- պատմում է Վահագնը:

Իր հիվանդության հանդեպ ՔԿ վարչության ուշադրության ու անտարբերության դեմ նախկին դատապարտյալը պայքարել է բողոքներով ու հացադուլներով. «Իմ կռիվները 2000-ից սկսվում են: Երկու անգամ վիրահատություն եմ տարել: Ասեմ, որ էդ վիրահատությունն էլ որ եղել է, շնորհակալ եմ բժիշկներին, բայց մինչև վիրահատելը ես կռիվ, պատերազմի մեջ եմ եղել»:

Բանտում հիվանդների դեղերը, ըստ նախկին դատապարտյալի, հիմնականում հիվանդներն են գնում: «Դեղերը քեզ նշանակում են, ասում են՝ չկա: Մեկ-երկու՝ առնում ես, հետո ասում ես՝ մի անգամ էլ դուք տվեք: Ու տենց իրենց հետ միշտ կռվի մեջ ես մտնում: Կարող ա մի անգամ տան, մի ամիս խմես, հետո ասեն՝ չկա: Իրենք փող են լվանում էդ դեղի միջոցով: Ասում են՝ տենդերը չի շահել, դուք գիտեք, որ մարդը հիվանդ ա, ունի էդ դեղի կարիքը, տենդերը չի շահելը ո՞րն ա»,- տարակուսեց նախկին դատապարտյալը: Ապա հավելեց որ համեմատաբար թանկ դեղերը չեն գնում, թողնում եք կալանավորի վրա, մեծ քանակով անալգին-դիմիդրոլ են գնում, պիտանիության ժամկետն անցնում է, թափում են:

«Դատապարտյալների հիվանդանոցում» մոտ երկուսուկես տարի անցկացրած դատապարտյալն ասաց, որ շատերին գիտի, որոնք հաշմանդամ են դարձել բանտում: «Հազվադեպ են հաշմանդամները կալանավորվում, հիմնականում բանտային պայմաններից են դառնում հաշմանդամ»,- նշեց նա:

Քրեակատարողական ծառայություն. «Չի արձանագրվել որևէ դեպք, երբ անհրաժեշտ դեղորայք կամ բժշկական օգնություն չտրամադրվի»

Մեր գրավոր հարցին, թե արդյոք ՔԿՀ-ներն ստանում ու տրամադրո՞ւմ են բոլոր դեղերը, որոնք անհրաժեշտ են հաշմանդամություն ունեցող բանտարկյալներին, ԱՆ քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Հայկ Քոչինյանը պատասխանել է. «Քրեակատարողական ծառայության դեղորայքը ձեռք է բերվում միասնական էլեկտրոնային գնումների եղանակով: Դատապարտյալներին դեղորայքը և բժշկական սայլակները տրամադրվում են քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման բաժնի դեղորայքի և բժշկական պարագաների բաշխիչ կենտրոնի կողմից՝ բժշկական ցուցման դեպքում: Չի արձանագրվել որևէ դեպք, երբ դատապարտյալներին կամ կալանավորված անձանց անհրաժեշտ դեղորայք կամ բժշկական օգնություն չտրամադրվի»:

ՔԿՀ-ներում այժմ պահվում են հաշմանդամության կարգ ունեցող 94 դատապարտված և կալանավորված անձնինք: Նրանցից երեքը 1-ին կարգի հաշմանդամություն ունեն, 21-ը՝ 2-րդ կարգի, իսկ 70 դատապարտյալ 3-րդ կարգի հաշմանդամ է: ՔԿԾ-ից տեղեկացնում են, որ վերոնշյալ անձինք հաշմանդամության կարգ ստացել են հոգեկան, ակնաբուժական, նյարդային, վերջույթների բացակայության և ընդհանուր հիվանդությունների համար: Ըստ ՔԿԾ-ի՝ 60 կալանավորվածներ ու դատապարտյալներ ՔԿՀ են մտել արդեն իսկ հաշմանդամության կարգ ունենալով, եւս 34 բանտարկյալ հաշմանդամության կարգ է ստացել ՔԿՀ-ներում:

Ըստ ՔԿԾ-ի՝ ՔԿՀ-ներում պահվող հաշմանդամներից 4-ը կանայք են: Երրորդ խմբի հաշմադամություն ունեցող մեկ դատապարյալի հաշմանդամության խումբը փոխվել է 2-րդի, եւս մեկ դատապարտյալի հաշմանդամությունը դադարեցվել է:

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) զեկույցի՝ 2018 թվականին  քրեակատարողական հիմնարկներում իրականացված մշտադիտարկման ժամանակ բժշկական սպասարկման ստորաբաժանումներում արձանագրվել են դեղամիջոցների ոչ բավարար քանակով և սահմանափակ տեսականիով համալրվածության դեպքեր:

2018 թվականի ընթացքում դեղորայք և բժշկական պարագաներ ձեռք բերելու համար պետական բյուջեից հատկացվել է 150 մլն դրամ, որի հիման վրա նախատեսվել է ձեռք բերել 515 անվանում դեղորայք և բժշկական պարագաներ: Տարվա ընթացքում կատարված էլեկտրոնային գնումների արդյունքում ձեռք են բերվել 312 անվանում դեղորայք, 106 անվանում բժշկական պարագաներ, լաբորատոր, քիմիական և ատամնաբուժական նյութեր, որոնց արժեքը կազմել է շուրջ 100 մլն դրամ:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ անցյալ տարի դեղերի տեսականին 40 անունով նվազել է, այն դեպքում, երբ ՀՀ պետական բյուջեից 3 անգամ ավել ֆինանսական միջոցներ են տրամադրվել, քան նախորդ տարին:: «Քրեակատարողական ծառայությունն ապահովված է ՀՀ-ում գրանցված դեղերի մոտ 8,4%-ով»,- եզրահագնել է ՄԻՊ-ը:

«Խնդրահարույց է նաև դեղամիջոցներն ըստ անհրաժեշտության ձեռք բերելու գործընթացի կազմակերպումը՝ ժամանակատարության տեսանկյունից: Բոլոր այն դեպքերում, երբ Քրեակատարողական ծառայությունում նշված դեղամիջոցներն առկա չեն, պետք է սկսել գնումների գործընթաց՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, որը կարող է տևել ամիսներ»- նշել է ՄԻՊ-ը:

Մշտադիտարկման այցերի ընթացքում քրեակատարողական հիմնարկների բժշկական սպասարկման բաժիններում արձանագրվել են նաև ժամկետանց դեղեր: ՄԻՊ ներկայացուցիչները բողոքներ են ստացել, որ որոշ դեպքերում հիվանդ դատապարտյալների խնամքն իրականացնում են խցակիցները, ոչ թե սանիտարները, ինչն արգելված է կոնվենցիայով:

Հաշմանդամություն ունեցող դատապարտյալը նույնիսկ սանհանգույցից ինքնուրույն օգտվել չի կարողացել, բայց վաղաժամկետ չեն ազատել

2018 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը ևս բազմաթիվ ահազանգեր է ստացել ազատազրկվածներից՝ կապված վերջիններիս առողջական վիճակի ու քրեակատարողական հիմնարկներում տրվող բուժսպասարկման հետ:

Ծանր հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից ազատման հետ կապված՝ ազատազրկված անձանցից ստացված բողոքները հիմնականում կապված են եղել իրականացված հետազոտությունների ու տրված եզրակացությունների մեղմացված լինելու հետ, ինչպես նաև շեշտել են այն հանգամանքը, որ արձանագրված արդյունքները չեն արտացոլում առողջության իրական խնդիրները, ինչով պայմանավորված՝ վերջիններս պատժից չեն ազատվել:

Որպես համակարգային խնդիր խումբն արձանագրել է, որ առկա են հիվանդություններ, որոնց բուժումը պահանջում է մեծ գումարներ և պետպատվերի շրջանակներում չի սպասարկվում՝ ստեղծելով սպառնալիք անձի կյանքի համար: Միևնույն ժամանակ, այդ հիվանդությունները ներառված չեն Կառավարության սահմանած ծանր հիվանդությունների ցանկում:

«Արձանագրվել է դեպք, երբ մեկ ոտքը անդամահատված ցմահ ազատազրկվածը, որը պատիժ է կրում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, պատժի կրման բավարար պայմաններ չի ունեցել: Խուցը հարմարեցված չի եղել հաշմանդամություն ունեցող անձի համար՝ նույնիսկ սանհանգույցից ինքնուրույն օգտվել չի կարողացել»,- ասվում է դիտորդների պատրաստած զեկույցում:

ԱՆ-ից տեղեկացրել են, որ «Նուբարաշեն» քրեակատողական հիմնարկում նախատեսվում է իրականացնել բաղնիքների և սանհանգույցների կապիտալ վերանորոգման աշխատանքներ, ինչի առիթով նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերում ներառվել են սանհանգույցներ, սակավաշարժ խմբի մարդկանց համար՝ այդ թվում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական օգնության և սպասարկման մասնաշենքում: «Հարկ է, սակայն նշել, որ վերջին ամիսներին կատարված այցերի ընթացքում դեռևս սանհանգույցերում համապատասխան պայմանների փոփոխություններ չեն նկատվել»,- արձանագրել են դիտորդները:

2017-ին կառավարությունն ընդլայնել է պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը՝ 41-ից դրանք դարձնելով 59-ը, սակայն իրավիճակը նախկին ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանի խոսքով՝ դրանից հետո էապես չի փոխվել: «Թավշյա հեղափոխությունից» հետո դատապարտյալների մոտ հույս է արթանցել, որ վերջապես օրենքը կգործի եւ վաղաժամ կետազատման գործընթացը կկիրառեն: «Ես որ հիմա ազատության մեջ եմ, էս հեղափոխության շնորհքն ա»,- ասաց նա:

Մեր հարցմանը ՔԿԾ-ից պատասխանել են, որ 2019-ին պատժի կրումից ազատվել է 5 դատապարտյալ՝ սիրտ-անոթային հիվանդություններով, ևս  երեք գործ ընթացքի մեջ է:

Մարինե Խառատյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here